Որքա՞ն արժե Աշոտյանի միջին «կլասի» կոստյումը

Որքա՞ն արժե Աշոտյանի միջին «կլասի» կոստյումը

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթ ունենալիս, դիմելով ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ասել էր, որ նրա կոստյումը մանկավարժի 4 տարվա աշխատավարձն արժե։



Այսօր Ազգային ժողովում կրթության եւ գիտության նախարար Արեմն Աշոտյանից հետաքրքրվեցինք՝ իսկ իր կոստյումն ուսուցչի քանի՞ տարվա աշխատավարձն արժե։



«Միջին իմ կոստյումն իմ աշխատավարձի մոտավորապես 20 տոկոսն է կազմում»,-ասաց նա։ Այդքան էժան կոստյումնե՞ր եք հագնում, Աշոտյանը հակադարձեց․ «Լավ ա չասեցիր՝ այդքան բարձր աշխատավա՞րձ եք ստանում։ Իմ աշխատավարձը 720 հազար դրամ է կազմում, կոստյումներս էլ՝ դրա 20-25 տոկոսն են»։



Այնուհետեւ Աշոտյանն անդրադարձավ պատգամավորների հագուկապին։ «Ես չեմ տեսել Ազգային ժողովում վատ հագնվող պատգամավոր, անգամ ընդդիմադիր պատգամավորները բավականին կոկիկ, ճաշակով, տեսանելի հագնված են,- ասաց Աշոտյանն ու ավելացրեց,- Եթե լինեն տեղական արտադրության բաճկոնների, տեղական արտադրության կոստյումների նմուշներ մեր պատգամավորների հագին, գուցե ես էլ լինեմ հաջորդը, ով կգնի նաեւ այդ տեղական արտադրանքը»։



Իսկ ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ ԱԺ-ում վատ հագնվող չկա, Աշոտյանն ասաց․ «Ճաշակի եւ որակական առումով, ես չեմ տեսել, համենայնդեպս, նման բան»։ Ինչ վերաբերում է Փաշինյանի ելույթին, ապա, Աշոտյանի կարծիքով, Հայաստանի քաղաքական օրակարգը չի կարելի բերել-հասցնել կոստյումների մակնիշների քննարկման մակարդակի․ «Նիկոլ Փաշինյանին միշտ բարձր եմ գնահատում, բավականին կրեատիվ է նրա քաղաքական գործունեությունն ինձ համար, բայց այս դեպքում, կարծում եմ, որ նա կրկնվել է, որովհետեւ կոստյումների թեման Ազգային ժողովում իրենից առաջ արդեն բարձրացրել էին»։