Թատրոնին օրենք պետք չէ

Թատրոնին օրենք պետք չէ

Շուրջ տասը տարի է, ինչ «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը թղթի վրա արված ձեւակերպումներից առաջ չի գնում՝ կյանքի չի կոչվում: Վերջին անգամ՝ 2 ամիս առաջ, երբ այն քննարկվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստում, ստացավ ընդամենը 2 կողմ ձայն, ինչը նշանակում է, որ կամ օրենքի նախագիծն է թերի, կամ էլ թատրոնի մասին օրենք մեզ պետք չէ:



«Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիր-ղեկավար, դերասան Երվանդ Մանարյանը թատրոնի մասին այդ նախագծին ծանոթ էլ չէ եւ կարծում է, որ «Թատրոնի մասին» օրենքը մի քիչ դժվար բան է այն հասկանալու համար: «Ի՞նչ ասել է թատրոնի մասին օրենք… օրենքը կանոնակարգում է, սահմաններ է դնում, եթե թատրոնն այդ սահմաններին ենթարկվեց եւ այդ գծերի մեջ մտավ, կդադարի թատրոն լինելուց, կդառնա բարձրարժեք ցուցադրանք, իսկ թատրոն հասկացողությունն ուրիշ բան է»,-ասում է Մանարյանը, ապա մանրամասնում, որ օրենքը ոչ թե ձեւական բնույթ կկրի, այլ թատրոնը կդադարի թատրոն լինելուց, որովհետեւ թատրոնն այդպես չի ծնվել եւ հասարակության մեջ անարդարությունները ճնշելու, հաղթելու գործառույթն է ունեցել. «Իսկ երբ օրենքի տակ ես դնում, այդ գործառույթն ինքնին շարքից դուրս է գալիս: Հետո, օրենքն ինչ-որ մեկն ի վերջո պետք է կիրառի, եւ կիրառողն ի նպաստ իրեն կկիրառի»:



Այն դիտարկմանը, թե շատ թատերական գործիչներ կարեւորում են այդ օրենքի ընդունումը նրանով, որ պետությունը կհստակեցնի իր դիրքորոշումը թատրոնի հանդեպ, ասում է. «Պետության արժեւորումն ինձ պետք չի, ինձ պետք է հասարակության արժեւորումը: Պետությունն ինչ արժեւորում է, ի նպաստ իրեն է արժեւորում: Խորհրդային իշխանությունը լայնորեն հովանավորում էր թատրոնին, ո՞ւր է հիմա այդ թատրոնը՝ չկա: Թատրոնը պետք է կատարելապես ազատ լինի»:



Քանի որ մեր երկրում բացակայում են կինոյի, թատրոնի մասին օրենքները, եւ ստեղծագործական միությունները, այդ թվում թատրոնները, առաջնորդվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով, շատերի գնահատմամբ, շատ հաճախ ստացվում է, որ ծխախոտի ու թատրոնի միջեւ հավասարության նշան է դրվում. «Եթե մեկի մտքով այդպիսի բան է անցնում, թող գնա իր ծխախոտը ծխի: Թատրոնին օրենք պետք չի, եթե օրենք դրեցիր, պետությունը թատրոնից չի վախենա, իսկ պետությունը, իշխող դասը պետք է թատրոնից վախենա»: Այլ կերպ ասած՝ եթե օրենքը լինի, պետության լծակներն էլ թատրոնի վրա կշատանան, որից հետո, ըստ Մանարյանի, պետությունն ինչպես ուզի, այնպես էլ «կքշի» թատրոնը. «Մեր հոգեւոր դաշտը ո՞ր օրենքով է կարգավորվում. Աստծուն պետք է հավատա՞ս, թե՞ չպետք է հավատաս, դա ենթակա չէ որեւէ օրենքի, ի՞նչ օրենք կարող է մտնել իմ ու Աստծո արանքը»:



Երվանդ Մանարյանի կարծիքով՝ օրենք, որ թատրոնին կպարտադրի ինչ-որ բան ինչ-որ ձեւով անել, չպետք է լինի, բայց օրենք պետք է լինի պետության համար, որ թատրոններին միշտ պահի ուշադրության կենտրոնում, որ թատրոնը կարողանա գոյատեւել իր ձեւի մեջ: Դերասանը վստահ է, որ եթե թատրոնը տեղավորում ենք օրենքի սահմաններում, ապա այդտեղ թատրոնից մնում է հանդիսությունը, «թամաշան». «Պետությունը պետք է շահագրգռված լինի, որ թատրոններ լինեն, ու դրանք ազատ լինեն, եւ թատրոններին տրվի ամեն ինչ, որ կարողանան ազատ լինել»: