Յուրօրինակ հմայք, որ գերում է ընթերցողին

Յուրօրինակ հմայք, որ գերում է ընթերցողին

«Սա ընթացիկ գիրք է՝ իմ օրվա զգացողությունները: Գրքում նորություն չկա, այն, ինչ միշտ ասել եմ, նույնի կրկնությունն է, որը գուցեեւ հետաքրքրական լինի, գուցեեւ՝ ոչ»,- հակիրճ այդպես է բնորոշում Արամ Պաչյանն իր պատմվածքների եւ էսսեների նոր՝ «Օվկիանոս» ժողովածուն, որը հեղինակի երրորդ գիրքն է եւ ընծայագրված է վաղամեռիկ արձակագիր Ռուբեն Ֆիլյանի հիշատակին, ով ողբերգական մահով զոհվել է մեզնից հեռու՝ Հնդկաստանի Գոա նահանգում, ճիշտ այն թվականին, երբ ծնվել է Արամը. այդպես օվկիանոսից օվկիանոս, ափից ափ, հեռակա զրույց է գրչընկերոջ հետ:



31-ամյա արձակագիրն առաջին անգամ ընթերցողին ներկայացել է 2010թ. «Ռոբինզոն եւ 13 պատմվածք» գրքով, իսկ երկրորդ գրողական փորձությունը կամ քննությունը «Ցտեսություն, ծիտ» վերնագրով վեպն էր՝ տպագրված 2012թ.: Պաչյանի գրականության երկրպագուները երեկ Աբովյան փողոցում, հենց մայթին՝ «Արթբրիջ» գրախանութի դիմաց, սուրճի եւ թեյի ջերմությամբ նոյեմբերյան սառն օրը հիշարժան դարձրին «Օվկիանոսի» շնորհանդեսով, որ օրերս լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, պետական աջակցությամբ:



«Յուրահատուկ գիրք է նրա գրողական թեպետ կարճ, բայց արդեն արգասավոր կենսագրության մեջ: Սա նախօրոք մտածված գիրք չէ, այլ ծնվել է ընթացքում, որովհետեւ ի մի են բերված տարբեր տարիներին գրված պատմվածքներն ու էսսեները, որոնք հիմնականում հրատարակվել են մամուլում՝ «Հրապարակ» օրաթերթում, «Գրեթերթում», «Գրական թերթում» եւ այլուր:



Զարմացնում է Արամ Պաչյանը, որ անգամ այս ցաքուցրիվ նյութի մեջ կարողանում է գտնել առանցք եւ հենց այդ առանցքի շուրջ էլ հավաքել գործերը եւ դարձնել գիրք»,- ասում է գրաքննադատ, գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:



«Օվկիանոս» վերնագրով ժամանակակից գրողը կարեւորում է այն մտահոգությունը, որ գոնե գրականության տարածքի մեջ պետք է ապահովել մի մաքուր տեղ, որին կարող ես ապավինել՝ կյանքի, իրականության այս բարդ իրավիճակներից փախչելով: «Մյուս կողմից էլ սա փախուստ չէ իրականությունից, որովհետեւ գուցե ոչ ճակատային ձեւով, այլ իրեն բնորոշ նուրբ սիմվոլային երեւույթներով, նուրբ խաղարկումներով Արամ Պաչյանն անդրադառնում է մեր երկրում կատարվող սոցիալական, քաղաքական բարդ իրադարձություններին եւ, ամենակարեւորը, որպես քաղաքացի գրող՝ միշտ ունի իր գնահատականը: Տեքստի այս նրբությունը եւ ոչ ճակատայնությունը, միեւնույն ժամանակ, մատն իրականության բոլոր խնդիրների վրա դնելու կարողությունն է, որ իր արձակն ամեն պարագայում օժտում է յուրօրինակ հմայքով, որն էլ հենց գերում է ընթերցողներին»,- վերլուծում է գրաքննադատը եւ հավելում, որ այս գրքում մենք գործ ունենք ժանրի գիտակի, ժանրին կատարելապես տիրապետողի հետ:



Արամ Պաչյանին, դեռ մամուլում տպագրած իր առաջին պատմվածքներից, բնորոշ է երկխոսությունն ընթերցողի հետ, նրան իր բառի գծած հմայքով տանելը եւ պատկերի մասն ու գործողության մասնակիցը դարձնելը:



Ֆելիքս
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ