Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է հիմնավորի

Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է հիմնավորի

Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մտադրությունն արդեն մի քանի օր է՝ խաթարել է ոչ իշխանական եռյակի անդորրը: Թեեւ հարցի վերաբերյալ կուսակցությունները դեռ չեն շտապում պաշտոնական դիրքորոշում հայտնել, բայց շարքերում տիրող անհանգստությունից ակնհայտ է, որ Փաշինյանը ոչ իշխանական դաշտի լյուստրացիա է նախաձեռնել` ցույց տալու համար, թե իրականում ով ով է:



Փաշինյանը հիմա որոշման նախագիծն է պատրաստում, որից հետո այս ուրբաթ դիմելու է ոչ իշխանական ուժերին՝ անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու եւ այս հարցն արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար: Նա կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրում է պատգամավորներին Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթաց սկսել: Ասել է, որ միշտ էլ պատրաստ է եղել պաշտպանել այսպիսի նախաձեռնությունները, բայց քանի որ ոչ իշխանական ուժերն այդպիսի գործընթաց չեն սկսում, ինքն է նման նախաձեռնությամբ հանդես գալիս:



Չնայած ՀՀ նախագահի իմպիչմենթը բազմափուլ գործընթաց է, եւ խորհրդարանի մեծամասնությունից է կախված՝ թույլ կտա՞ հարցը մտցնել նիստի օրակարգ, թե ոչ, այդուհանդերձ, ոչ իշխանականների եւ հատկապես ԲՀԿ-ի գործարար շարքերում խիստ լարված են եւ մտադիր չեն մասնակցել Փաշինյանի նախաձեռնությանը: Հարցից խուսափում է անգամ պատգամավոր Արմեն Ավետիսյանը, ով ԲՀԿ-ի գործարար եւ քաղաքական շերտերի ճամփաբաժանում է: Զրույցի սկզբում ԲՀԿ-ական պատգամավորը փորձեց գլուխը պրծացնել՝ հայտարարելով, թե մարզում է եղել, որտեղ ինտերնետ չկա, եւ ծանոթ չէ Փաշինյանի նախաձեռնությանը: Նրանից հետաքրքրվեցինք ԲՀԿ-ի պլանների եւ իշխանափոխության խոստումների մասին: «Մենք արդեն ասել ենք, բերեք չշարունակենք»,- սաստեց պատգամավորը:



«ԲՀԿ-ի առաջնորդը հստակ ասել է, թե ինչ ենք ուզում, իշխանափոխության երկու ճանապարհ կա, կամ դա հեղաշրջումն է, որին մենք կողմնակից չենք, եւ կա սահմանադրական նորմերի մեջ իշխանափոխություն, որի մեջ մտնում են նաեւ արտահերթ եւ հերթական ընտրությունները, իսկ դրա համար գործընթացը ցույց կտա»: Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու գործընթացը հեղափոխակա՞ն քայլ է: «Ես էդ հարցն էս պահին չեմ քննարկում»: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ է ասում, որ իրենք ունեն քաղաքական օրակարգ, որի մեջ է մտնում արտահերթ ընտրությունների հարցը, առանց նախագահի հրաժարականի շեշտադրության: «Մենք ասում ենք՝ արտահերթ ընտրություններ, այս պահին չենք բացում, բայց հասկանալի է, պետք է տրամաբանորեն հասկանալ»,- իր հերթին խույս է տալիս Մելքումյանը:



Թեեւ «Ժառանգություն» կուսակցությունը եռյակի միակ ուժն է, որն անցած տարի նախագահի աթոռի հայտ ներկայացրեց, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարեց Սերժ Սարգսյանի դեմ, այդուհանդերձ, այստեղ էլ անորոշության մեջ են:



Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դժվարանում է նշել այն շարժառիթները, որոնք ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ստիպել են Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթաց սկսել: Մեզ հետ զրույցում Մարտիրոսյանն ասաց. Փաշինյանն անձամբ պետք է բացատրի, հիմնավորի, թե ինչ է ուզում իրականացնել, որովհետեւ ինքը՝ Մարտիրոսյանը, համոզված է, որ ՀՀԿ-ն չի աջակցի Փաշինյանին. «Նա կարող է դիմել մեր խմբակցությանը, խմբակցությունը կքննարկի նրա առաջարկները: Եթե հարկ համարի, կներկայացվի վարչությանը, եւ կարող է քննարկվել նաեւ կուսակցությունում: Իսկ այս պահի դրությամբ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթացի հարցով կուսակցությունում քննարկումներ չեն եղել»: ««Ժառանգության» դիրքորոշումը պայմանավորվա՞ծ է լինելու եռյակի մյուս գործընկերների դիրքորոշումներով» մեր հարցին Մարտիրոսյանը պատասխանեց. «Մեր դիրքորոշումը պայմանավորված է լինելու մեր քննարկումներով»:



Ի դեպ, այս կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով Փաշինյանից առաջ էր հայտնել նման նախաձեռնությամբ հանդես գալու մտադրության մասին, երեկ հայտարարությամբ կոչ արեց ԱԺ գործընկերներին՝ պահը չկորցնել եւ դառնալ այս նախաձեռնության համահեղինակը՝ այդպիսով ապացուցելով հանրությանը տված իրենց խոստումները կատարելու պարտավորությունը: ՀԱԿ-ից տեսակետ լսելու մեր ջանքերն անօգուտ անցան, թեպետ այս խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե ՀԱԿ-ում տեսակետ կհայտնեն միայն նախագծին ծանոթանալուց հետո: Նույնպիսի մեկնաբանություն է հնչել նաեւ Դաշնակցության կողմից: