Քանի դեռ կա կասկած, որ որևէ մեկը քաղբանտարկյալ է, ուրեմն քաղբանտարկյալներ կան

Քանի դեռ կա կասկած, որ որևէ մեկը քաղբանտարկյալ է, ուրեմն քաղբանտարկյալներ կան

Ազգային ժողովում այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից լսումներ էին հրավիրվել ԵԽԽՎ-ի «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» 1900 բանաձեւի կատարման թեմայով:
Առաջին ելույթն ունեցավ հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ով նշեց, որ բոլոր երեք նախագահների օրոք 94-ից սկսած՝ քաղբանտարկյալներ եղել են։
«Վերջերս ֆեյսբուքյան ասուլիսում արդարադատության նախարարն ընդունեց, որ Մարտի 1-ի դեպքերից հետո Հայստանում եղել են քաղբանտարկյալներ: Մենք տարիներ շարունակ կարդում էինք՝ «քաղաքական դրդապատճառնեով ձերբակալված մարդիկ» եզրույթը: Բայց սա եզրույթ է ընդամենը: Հիմա այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Կան մարդիկ, որ տարբեր գնահատականներ են տալիս, բայց չափորոշիչները տրված չեն, որ մենք ամբողջության մեջ դիտարկենք եւ եթե համապատասխանի դրանց, ասենք, որ այդ մարդը քաղբանտարկյալ է: Մինչեւ Այլընտրանքային զինծառայության մասին օրենքը ընդունելը բազմաթիվ Եհովայի վկաներ կային, որոնք, եթե քաղբանտարկյալ եզրույթը դուրս չի գալիս, ապա խղճի կալանավորներ են եղել: Անկախ նրանից, թե մենք ինչ մոտեցումներ ունենք, մենք հռչակել ենք Հայաստանը որպես մարդու իրավունքները հարգող պետություն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ եթե մարդն ունի համոզմունքներ եւ գտնում է, որ չի կարող ծառայել բանակում, որքան էլ չհամակերպվենք դրա հետ, մենք պարտավորություններ ունենք»:
Անդրադառնալով նայսօր մեր երկրում առկա քաղբանտարկյալներին՝ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ Շանթի գործով տեղի է ունեցել մի բան, որը երբեք չէր եղել մեր պատմության ընթացքում: Նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին, որը վարվել է այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը հպարտ կլիներ, որ իր որդին նման մոտեցում ցուցաբերեր:




«Խոսքն այն մասին է, որ երբ իր հորը ոստիկանները հարվածում էին, ինքը՝ որպես լավ դաստիարակված որդի, փորձել է հորը պաշտպանել: Շահենը 14 տարեկան էր այդ ժամանակ, եւ դատախազը պատիժ պահանջեց, չլսված մի բան: Սա աղաղակելու թեմա է: Նման բաներ կային Ուզբեկստանում, երբ կանանց, երեխաներին նույնպես խոշտանգում էին, երբ երեխաներին էլ էին բանտ նետում: Մենք իրավունք չունենք ասելու, որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, ներող ժողովուրդ ենք եւ տարբերվում ենք նրանցից»:
Պատգամավորի խոսքով կարծիքով քաղբանտրարկյալների հարցում երկրում փոփոխություններ կան։




«Եղել է դեպք, երբ ունեցել ենք 150 բանտարկյալ, հիմա կա 15 քաղբանտարկյալ: Բայց քանի դեռ կա մեկ քաղբանտարկյալ, չենք կարող ասել, թե առաջընթաց ունենք: Եթե հասարակության ինչ-որ շերտի մոտ կա կասկած, որ որեւէ մեկը քաղբանտրակյալ է, ուրեմն քաղբանտարկյալներ կան, պետք է փարատել մարդու կասկածը, որ մարդուն չեն դատապարտել կրոնական կամ քաղաքական հայացքների համար: Մեր դատարանները դեռեւս շարունակում են պատվերներ կատարել»,-ասաց նա։
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հարցին, թե որ մարմինը պետք է որակում տա՝ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ, Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ ոչ մի երկիր չի կարող ընդունել, որ ինքը քաղբանտարկյալ ունի:




Ըստ նրա՝ անձը ինքը պետք է հայտարարի, որ ինքը քաղբանտարկյալ է։
Պատգաամվոչը նկատեց նաև, որ մեր երկրում հաճախ խախտվում է նաեւ անմեղության կանխավարկածը, եւ դա արել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ գնահատականներ տալով:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ