Պատահական չի, որ որևէ մեկը չի ցանկացել մրցակից դառնա իմ որդուն

Պատահական չի, որ որևէ մեկը չի ցանկացել մրցակից դառնա իմ որդուն

Կոտայքի երկարամյա մարզպետ, այսօր արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի որդին՝ Հակոբ Շահգալդյանը, այս էլ երրորդ անգամ ցանկանում է ստանձնել Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը։ Եթե նախկինում նա ինչ-որ մեկի դեմ պայքարում էր հաղթելով դարձել քաղաքապետ, ապա այս անգամ Չարենցավանի ութամյա քաղաքապետը մնացել է առանց իր դեմ որևէ պայքարող ուժի։ Մամուլը գրեց, որ հայր Շահգալդյանի ցանկությունն էր՝ որդուն կրկին տեսնել քաղաքապետի պաշտոնում։ Կովալենկո Շահգալդյանը, սակայն, մեր հարցին, թե սա իր անձնակա՞ն ցանկությունն էր, որ որդին շարունակի ղեկավարել նախկինում իր ղեկավարած քաղաքը, պարոն Շահգալդյանն ասաց․ «Կարծում եմ՝ ավելի շատ դա չարենցավանցիների ցանկությունն էր»։ Այնուհետև նա ավելի անկեղծացավ․ «Էնպես չի, որ ինձ հաճելի չի, որ իմ որդին Չարենցավանում շատ ըդունված, չարենցավանցիների կողմից ընդունված քաղաքապետ է, և, բնականաբար, պատահական չի, որ որևէ մեկը չի ցանկացել մրցակից դառնա քաղաքապետին, և ինքը մենակ է մնացել ընտրություններում։ Բայց, միևնույն ժամանակ, որոշողը ինքն է, ինքն է որոշում կայացրել, որ շարունակի, պայքարի քաղաքապետի պաշտոնի համար, և կարծում եմ, որ արդեն հաջողվել է իրեն»։



-Նաև այդ հանգամանքը, որ մրցակից չունի, մի հոգի առաջադրվեց, հետո հրաժարվեց պայքարից, սա ինչի՞ մասին է խոսում։




-Դե, գիտե՞ք, ընտրությունը բարդ պրոցես է, ամեն մեկը էսօր արդեն սովորել է ճիշտ հաշվարկներ անել, և էն, այսպես ասած, ցանկացողները, որոնք կային, կարծում եմ՝ ճիշտ հաշվարկներ են արել և հաշվենկատ քայլ են կատարել, որովհետև Հակոբի պարագայում նախապատվությունը չարենցավանցիները, համոզված եմ, կտան իրեն։ Դրա համար որևէ մեկը չառաջադրվեց։




-Իսկ միգուցե նաև Ձե՞ր գործոնը կար կամ Հանրապետական կուսակցության գործոնը, որ նա իշխանության թեկնածուն է։



-Ուրեմն որտեղ ասես՝ էդ գործոնները կան, բացի Չարենցավանից։ Չարենցավանի բնակչության ինտելեկտուալ մակարդակը շատ բարձր է, այստեղ փողն էլ գործոն չի, այստեղ լծակներն էլ գործոն չեն, էնպես որ, իմ, այսպես ասած, մասնակցությունը կամ նախապատվությունը, որ պիտի տային մարզպետին, էդպես չի․․․ շատ օբյեկտիվ գնահատական են տալիս ցանկացած քաղաքապետի աշխատանքին։



-Հնարավո՞ր է՝ մի օր այս պաշտոնը Ձեր ընտանիքը փոխանցի մեկ ուրիշ ցանկացողի։



-Երիտասարդ, պիտի իմանաս, որ պաշտոնը ժառանգականություն չի, այս պաշտոնը ընտրովի պաշտոն է։ Այնպես չի, որ ես քաղաքապետ եմ եղել, դրա համար իմ որդին քաղաքապետ դարձավ։ Էդպես չի։



-Ժողովրդի շրջանում, սակայն, հենց այդպիսի տպավորություն է, որ այս պաշտոնը կարծես փոխանցվում է հորից որդուն։



-Ես Ձեզ հետ, բնականաբար, համաձայն չեմ։ Չարենցավանցիներից Դուք այդպիսի կարծիք լսած չեք լինի։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ