Մեղավոր ենք բոլորս

Մեղավոր ենք բոլորս

Իրականում մենք քաղում ենք այն քաղաքականության պտուղները, որ ցանել ենք անկախությունից ի վեր. երբ ռազմավարական բոլոր կարեւոր օբյեկտներն ու կենսապահովման կառույցներն ապապետականացնում էինք եւ վաճառում օտարերկրացիներին, մասնավորապես՝ ռուսներին: Երբ թույլատրում էինք սեփականաշնորհված գործարանները մաս-մաս անեն ու վաճառեն որպես մետաղի ջարդոն կամ պարապուրդի մատնեն: Երբ արտադրություններ զարգացնելու, փոքր ու միջին բիզնես կայացնելու փոխարեն բանկային համակարգն էինք հզորացնում եւ օլիգարխիկ տնտեսություն ձեւավորում՝ մենաշնորհների գերիշխանության ներքո:



Երբ բարձր պետական պաշտոնների նշանակում եւ հանդուրժում էինք ապաշնորհ ու անհայրենիք թալանչիներին, որոնց տեղը բանտն է: Երբ իրական՝ ազնիվ ու արդար ընտրություններ անցկացնելու փոխարեն, մի մասս զբաղված էր ընտրակեղծիքներ կազմակերպելով, մյուսներս՝ ընտրակաշառք ստանալով ու ընտրությունների կեղծ արդյունքների հետ հաշտվելով: Երբ ցինիկ ու անտեղյակ պաշտոնյաներին, տգետ ու օրինախախտ պատգամավորներին, կեղծ ընդդիմադիրներին, իշխանությունը վայելք պատկերացնող անձանց դեմքին ժպտում էինք, հրապարակավ քծնում, իսկ պատերի տակ բամբասում: Երբ բոլորս երազում էինք փախչել-փրկվելու մասին եւ ամեն գնով մեր զավակներին ուղարկում էինք դրսում ապրելու:



Երբ աչքներս գցած սպասում էինք, որ դրսում ապրող մեր հարազատները «ողորմություն» կուղարկեն, եւ մենք դրանով կապրենք: Երբ քննիչին ու դատավորին կաշառք էինք տալիս: Երբ անտարբեր էինք, լռում էինք, ոչինչ չէինք անում եւ սպասում էինք ինչ-որ հրաշքի: Դրսից մի միջամտության: Որ ինչ-որ հրաշքով հանկարծ կլուծվեն մեր հարցերը, եւ մի օր կքնենք ու կարթնանանք մեր երազած երկրում եւ կապրենք երկար ու երջանիկ: