Քաղաքագրություն. Չափառի ձիերը

Քաղաքագրություն. Չափառի ձիերը

Շատ անգամ է արձանագրվել այն իրողությունը, որ մեր գործիչները հայ ժողովրդի քաղաքական գոյության խնդիրները միշտ այն ժամանակ են հանում ասպարեզ, երբ րոպեն ձեռնտու չէ մեզ, եւ կամ այս խնդիրները լուծելու այնպիսի միջոցներ են առաջարկում, որոնք նպաստավոր են ավելի օտարներին, քան մեզ: Այս մասին շեշտված է ոչ միայն վերջին պատերազմի ընթացքում, երբ մենք Ռուսիայի չարանյութ դրդումով կամավորական խմբեր կազմեցինք՝ շուտով նույն գնդերը կազմալուծած տեսնելու համար, ոչ միայն վերջին տասնամյակում, երբ նույն պետության բարձրագույն չիք-պաշտոնյաների ներշնչումով հրապարակ բերինք Տաճկահայաստանի բարենորոգումների հարցը՝ արար-աշխարհի առաջ բացարձակապես միայն «բարեխնամ» ցարի գթությանն ապավինելով, այլ շատ ավելի առաջ, քան ընթերցողը կարող է երեւակայել:



Դեռեւս 18-րդ դարում, 1773 թվականին Հնդկաստանի Մադրաս քաղաքում հրատարակած գրքերից մեկում առաջին հայ հրապարակախոս Շահամիրյանը, խոսելով հայոց արտաքին քաղաքականության մասին, հետեւյալ պատկերավոր խոսքերով էր բնորոշում այն. «Եղանք մենք,- ասում էր,- չափառի տան ձի, ով որ կամեցավ, հեծնեց մեզ ու քշեց, որ կողմը որ կամեցավ»…



Այն օրերից անցել է 145 տարի: Տասնամյակներ ու դարեր են գլորվել մեր գլխի վրայով, մեր ճանապարհին անհամար չար ու բարի է դեմ առել մեզ, եւ զանազան ազգեր իրար ետեւից, ծովի ջրի նման, մեկ մակընթացությամբ բարձրացել, հասել են մեր լեռները եւ մեկ տեղատվությամբ հետ քաշվել իրենց հունն ու բույնը: Որքա՜ն աղետներ, հալածանք, բռնություն, աքսոր ու կոտորած, իզուր խոստումներ, կեղծ ափսոսանքներ ու դատարկ հուսադրություններ են ուղեկցել մեր ժողովրդին. քանի-քանի անգամ պարել ենք մանկական աներկբա ցնծությամբ, թե, ահա, հասանք մեր երազանքին, եւ, ապա, հանկարծ տեսել ենք միրաժի ցնդումն օդի մեջ, որից հետո մնացել է միայն լալն ու ատամներ կրճտացնելը… Սակայն չնայած պատմության այս բոլոր դառը փորձերին, չնայած ժամանակի այսքան առատությամբ բաշխած զգաստացնող դասերին, մենք, փոխանակ իրապաշտ ու խորագետ դառնալու, մնացել ենք նույն ցնորապաշտն ու միամիտը, քաղաքականությունը արկածախնդրությամբ փոխարինելով եւ, դեպքերի ղեկավարը լինելու փոխարեն, օտարների ձեռքին խաղալիք դառնալով:



Այո, նույնիսկ մեր օրերում, երբ ունենք հանրապետություն թվացող սեփական քաղաքականություն, ուշադիր դիտողը կարող է նկատել, թե ինչպես են ուրիշները շահագործում մեզ՝ իրենց ծրագրերն իրականացնելու համար, դիվային ծրագիր, որի նպատակն է, կռվացնելով հարեւաններին, երկուսին էլ ուժասպառ անել, ապա մեր ուշադրությունը գլխավոր խնդրից երկրորդականի վրա փոխադրել:



Այս ծրագիրը չեն տեսնում մեր գործիչները: Ուստի ամեն անգամ, երբ պատմում են, թե ինչպես այսինչ ազգի զորավարը հայտարարեց, թե իրենք պատրաստ են հայերի համար արյուն թափել, երբ հայտնում են, թե այսինչ «բարեկամ-պետության» ներկայացուցիչը գրում է, որ իր տերությունը կպաշտպանի հայերին այնինչ վիճելի երկրամասի հարցում, երբ լրագրերը հաղորդում են, թե ինչպես թուրք հասարակական գործիչը «պրոպագանդ է անում» մահմեդական ազգաբնակչության մեջ՝ վիճելի գավառները հայերին վերադարձնելու օգտին, այնուհետեւ, երբ կարդում ենք, թե ինչպես տաճիկ փաշան կարեկցությամբ նկարագրում է, որ Ախալքալաքում չհնձած արտերը «հորանց» են գնում եւ հայ հնձվորին սպասում, եւ, վերջապես, ի հետեւանս այս բոլորի, տեսնում ենք, թե ինչպես հնօրյա կարճատես ասպետները, անուղղելի Դոն-կարապետները սաղավարտները շտապ դնում են գլխներին եւ զենք վերցնելով որոշ խնդիրներ անմիջապես «հրով ու սրով» վերջացնելու համար,- մենք իսկույն հիշում ենք 145 տարի առաջ արված վկայությունն այն խեղճ ու անկամ ձիու մասին, որ պահվում էր չափառի տանը, եւ որին հեծնում էր ով կամենար եւ քշում ուր որ կամենար:



1918թ., Երեւան, նոյեմբերի 21, «Կայծ» թերթի խմբագրականը