Արտասահմանցու աչքերով ազդեցիկ ֆիլմ է ցեղասպանության թեմայով

Արտասահմանցու աչքերով ազդեցիկ ֆիլմ է ցեղասպանության թեմայով

Օրերս Երեւանում տեղի ունեցավ գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցում էր ողջ քաղաքական, հոգեւոր, մտավորական վերնախավը: Ու թեեւ ֆիլմը փետրվարի 19-ից միայն կցուցադրվի կինոթատրոններում, բայց կարծիքները չուշացան, որտեղ գերիշխում էր հիմնականում այն տեսակետը, թե ֆիլմը հակահայկական է ստացվել:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը համաձայն չէ, որ ֆիլմը հակահայկական է ստացվել. «Իհարկե, ֆիլմի սկիզբը՝ թե պատկերները, թե թեման, շատ խոստումնալից էր, բայց հետո թուլացավ, ասելիքը դեպի ուրիշ ուղղությամբ գնաց, ավելի շատ կենցաղային, եւ սպասումն այն չէր, ինչ կուզենայինք լիներ: Բայց այն փաստը, որ թուրք ռեժիսորն անդրադարձել է այդ թեմային եւ նման տեսարանները փորձել է նկարագրել, արդեն աշխարհի համար ասելիք է: Ինչ վերաբերում է ֆիլմին, արդեն բավականին փառատոնների գնացել է»:



Գեւորգյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը դժվար թե իր բաժին մասով ֆինանսավորեր մի ֆիլմ, որը հակահայկական լիներ: «Բայց ինքը վատ ֆիլմ չէ, հետո, թուրք ռեժիսորի պարագան արդեն բավարար է, որ դա աշխարհին որոշ բան ասի»,-ընդգծում է Գեւորգյանը, ապա, անդրադառնալով հայ եւ օտար հանդիսատեսի սպասելիքներին, նշում, որ եթե ֆիլմը նայվի արտասահմանցու աչքերով, ապա շատ ազդեցիկ եւ լավ ֆիլմ կդիտվի ցեղասպանության թեմայով. «Մենք մի քիչ ուրիշ կերպ ենք նայում, մեր սպասելիքները շատ-շատ ավելին են, եւ մենք ուզում ենք շատ բան տեսնել, դրա համար մեզ համար ֆիլմը մի քիչ ավելի թույլ է, քան դա կդիտվի արտասահմանցու աչքերով»:



Անգամ արտասահմանցու համար ինֆորմացիան ֆիլմում քիչ չէ՞, բացառությամբ տիտրերում տեղ գտած մի քանի տեղեկության. մեր այս դիտարկմանը Գեւորգյանն արձագանքեց, որ դա ինֆորմացիոն, դոկումենտալ ֆիլմ չէ, այլ գեղարվեստական ֆիլմ մի պատմության մասին, որն իր մեջ ներառում է նաեւ ցեղասպանություն. «Հիմա մենք սպասում ենք, որ ինքը սկզբի կադրից մինչեւ վերջին կադրը Հայոց ցեղասպանության մասին լինի, պետք է ամբողջ մեր հոգսերն այնտեղ երեւան, բայց ֆիլմը դրա մասին չէ, այն գեղարվեստական է: Իհարկե, մեր սպասելիքը շատ է, բայց այդպես չի լինում: Հետո, դա մեր պատվերը չէր, որ մենք մեր ցանկությունները թելադրեինք: Ֆիլմը ռեժիսորի մտահղացումն է, ռեժիսորն էլ թուրք է, եւ իր գեղարվեստական ֆիլմում մեր խնդիրներն արծարծելը, որ Հայոց ցեղասպանությունը ռեալ այնտեղ երեւա, դա արդեն բավարար հաջողություն է»:



15,5 մլն եվրո բյուջեով եւ 138 րոպե տեւողությամբ «Սպի» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915թ.` Հայոց ցեղասպանության ժամանակ: Գլխավոր հերոսը` Նազարեթ Մանուկյանը, կորցնում է ընտանիքը, իսկ տարիներ անց պարզում, որ իր երկվորյակ դուստրերը փրկվել են: Հայրը մեկնում է փնտրելու իր զավակներին: Սցենարի հեղինակներն են հենց ռեժիսորը՝ Ֆաթիհ Աքինը, եւ Մարտիկ Մարդինը, ով նաեւ Մարտին Սկորսեզեի ֆիլմերի սցենարներն է հեղինակել: Ֆիլմում դերերով հանդես են եկել Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Արեւիկ Մարտիրոսյանը, Ակին Գազին, իսկ գլխավոր հերոսին մարմնավորել է ֆրանսիացի (ծագումով ալժիրցի) դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օդիարի «Մարգարեն» ֆիլմում: