Ապրել մինչև գարուն

Ապրել մինչև գարուն

Լրագրողները, ասես հետեւելով նորաձեւությանը, սկսել են քաղաքական գործիչներից հետաքրքրվել` ինչպիսի՞ն կլինի գարունը` թե՞ժ, թե՞ սովորական: Գործիչներից ոմանք երդվում են, որ թեժ է լինելու, ոմանք էլ հանգիստ ասում են, որ գարնանը ձյունը կհալվի, օրերը կտաքանան, ծաղիկները կբացվեն, կսկսվեն գյուղատնտեսական աշխատանքներ, մարդիկ իրենց գործին կլինեն:



Եվ, ուրեմն, ինչպիսի՞ն կլինի քաղաքական գարունը:
Առաջարկում եմ անիմաստ գուշակություններով չզբաղվել: Բանն այն է, որ դեռ խնդիր ունենք ապրել մինչեւ գարուն: Ինչո՞ւ ենք այսպես մտածում: Որովհետեւ երկպառակության ցեցն է ընկել մեջներս, ընթացք եւ ուղղություն կորցնելու ռեալ վտանգի առջեւ ենք հայտնվել ու բաց ենք այդ վտանգների առաջ, չունենք, չենք ստեղծել այդ վտանգները դիմագրավելու զենքերը:



2013 թվականի սեպտեմբերի 3-ից մինչեւ Գյումրիի ողբերգությունը, ՀՀ իշխանություններն ամեն օր շեփորում էին իրենց ճիշտ ընտրության, մեզ սպասվող տնտեսական աճի, Ռուսաստանի թեւի տակ ապահով գոյատեւելու առավելությունների մասին: Այսօր այդ մասին ոչ ոք չի խոսում, իսկ ով փորձի խոսել, անմիջապես կորակեն` դավաճան, եւ դա առաջին հերթին կանի ժողովուրդը: Փաստորեն, ընդունենք, թե ոչ, բան է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում:



Եվրախորհրդարանում, երբ մեր պատվիրակությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի մասին բանաձեւի համար փորձել է սիմվոլիկ 100 ստորագրություն հավաքել, ռուսական պատվիրակությունը հրաժարվել է միանալ` սատարելով Ադրբեջանի դիրքորոշումը: Հայաստանից զանգել են Լավրովին, վերջինս խոստացել է պարզել ու հարթել խնդիրը: Չի արել: Ժամեր անց` Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու ԵԽ որոշմանը: Համաձայնեք, որ բան է փոխվել կամ փոխվում հայ-ռուսական հարաբերություններում:



Իգոր Մուրադյանը, ով ժամանակին ինչ ասես խոսում ու գրում էր «այդ յանկիների» մասին, այսօր հայտարարում է, որ Հիմնադիր խորհրդարանը, իրավացիորեն, Արցախում պետք է հակառուսական տրամադրություններ արթնացներ ու չգիտեմ էլի ինչեր աներ: Հիմնադիր խորհրդարանն էլ իր հերթին է հայտարարություն տարածում այն մասին, որ Ռուսաստանը միացել է թուրքական մեծթուրանական ծրագրին ու պատրաստվում է Հայաստանն ու Արցախը զոհել թուրանական ծրագրերին: Տակավին համամիտ չե՞ք, որ մեր շուրջը բան է փոխվում:



Ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի աննախադեպ ակտիվությունը ճակատում` դիվերսիաներ, չդադարող կրակ, հարձակումներ հենց Հայաստանի սահմանի վրա` մտածելով, որ ՀԱՊԿ-ը չի միջամտի: Ուրիշ այլ բառով, քան պատերազմ` չես բնութագրի: Այդ պատերազմը նույնիսկ անուն ունի` դանդաղ պատերազմ: Ռուսաստանը` մեր ռազմավարական գործընկերը կյանքում եւ ԵՏՄ շրջանակներում, ոչինչ անել չի կարողանում: Մի կողմից նրա ձեռքերը կապված են Ուկրաինայում, որտեղ նույն ժողովրդի երկու հատվածները կոտորում են միմյանց, մյուս կողմից ՆԱՏՕ-ն է ռեալ քայլերով մտնում Անդրկովկաս (Վրաստան), իսկ մյուս կողմից էլ` չգիտի ինչպես վարվել Ադրբեջանի հետ, որ համ «քարկոծվում» է Արեւմուտքի կողմից` ժողովրդավարության ինստիտուտների հալածանքների համար, համ էլ հենց Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, եթե հաշվի առնենք Թուրքիայի հանգամանքն ու կասպյան բարեբեր շրջանը Արեւմուտքին կապողի նրա առանցքային դերակատարությունը:



Հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմը, գուցե, ձեռնտու կլիներ Ռուսաստանին, որից օգտվելով նա կկարողանար զորք մտցնել հայ-ադրբեջանակն շփման գիծ ու Կասպին պատնեշել Արեւմուտքից, բայց ոչ Ադրբեջանը եւ ոչ էլ Արեւմուտքն այդ քայլին չեն գնում եւ նախընտրում են սպասողական այս վիճակը, որը, ինչպես վերեւում նշեցինք, բնութագրվում է «դանդաղ պատերազմ» արտահայտությամբ: Ահա այսքան մոտ են մեզ համաշխարհային պրոցեսները, եւ, դատելով դրանց խելահեղ արագությունից, կարելի է հստակ ասել, որ նույնիս մինչեւ գարուն մեր շուրջը դեռ փոփոխություններ կլինեն:



Իսկ հիմա մի հայացք նետենք մեր ներսի վիճակին: Գյումրեցի ընտանիքի սպանդ` ահաբեկչության տարրերով, ռազմական ուսումնարանի կուրսանտի սպանություն, Բերձոր, ընդդիմադիր գործչի առեւանգում եւ ծեծ: Առաջին հայացքից` իրար հետ կապ չունեցող իրադարձություններ: Բայց այդպե՞ս է արդյոք: Նախ ժամանակի առումով այս ամենը տեղի ունեցավ շատ արագ, եւ ապա` անորոշ են այս դեպքերի բացահայտման հեռանկարները: Իսկ հետեւանքների առումով, նշված ցավալի դեպքերը նույնական են` անվստահություն սերմանելու փորձ` մի դեպքում հայ-ռուսական հարաբերություններում, մի դեպքում բանակ-հասարակություն հարաբերություններում, երրորդ դեպքում հայաստանցի-ղարաբաղցի հարաբերություններում եւ մյուս դեպքում էլ ՀՀ իշխանություններ-ընդդիմություն հարաբերություններում, որ բացի ներքին անվստահությունից, հղի է նաեւ միջազգային ատյաններում Հայաստանի մասին հերթական տհաճ բանաձեւ առաջ բերելու հեռանկարով:



Կարո՞ղ է արդյոք ՀՀ իշխանությունն առնել այս ամենի առաջը եւ ստեղծել մի վիճակ, որ ընթացող պրոցեսներն այսքան ցավագին չանդրադառնան Հայաստանի ու մեր ժողովրդի վրա: Պետք է հասկանալ` լծակներ եւ հակաքայլեր ունե՞նք դրա համար, թե՞ ոչ: Նման դեպքերում ասում են` պետք է միասնական լինենք: Բայց միայն ասելը բավական չէ: Միասնական լինելու համար քայլեր են պետք, եւ սա պետք է հասկանա թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը, որ ամեն առիթով հայտարարում է` հենց Արցախում մի վատ բան լինի, մենք կգնանք Արցախը պաշտպանելու: Իրականում կարող ենք եւ չնկատել, որ Արցախում վատ բան է պատրաստվում, ինչպես որ չէինք նկատել, թե ինչ կարող է կատարվել Գյումրիում: Հայաստան մտած պատերազմը, ինչ անուն էլ տանք, իրականում հեռակառավարվող է:



Մենք երբեք չենք իմանալու, թե ում ձեռքին է կառավարման վահանակը եւ ինչ կոճակ կսեղմի «նա», երբ հարկ լինի այլ ուղղությամբ զարգացնել մեր տարածաշրջանի պրոցեսները: Այսօր այդ պրոցեսներում չեն կողմնորոշվում ամենահայրենասեր մարդիկ, ամենափորձառու գործիչները, նույնիսկ միջուկային գերտերությունները: Աշխարհում ստեղծել քաոտիկ վիճակ եւ տիրել աշխարհին. թերեւս այս մտայնությունն է ընկած ընթացող պրոցեսների հիմքում: 46 միլիոնանոց հսկա Ուկրաինան չկարողացավ դիմակայել: Դե պատկերացրեք, թե ինչ է պահանջվում այս փոքրիկ հողակտորին կառչած Հայաստանից:



Բացեք վաղվա թերթերը: Լրագրողներին հուզող հիմնական հարցը նույնն է` թե՞ժ է լինելու, արդյոք քաղաքական գարունը: Հնարավոր է աներեւակայելի բան եմ ասում, բայց նույնիսկ այդ անհոգությունն այս չուրվագծվող, դանդաղ, որոշ գնահատումներով` հիբրիդային պատերազմի բաղադրիչն է, մեր ձեռքով մեր դեմ գործածվող զենքերից մեկը:
Բարեկամներս, դեռ պետք է ապրել մինչեւ գարուն, իսկ այնտեղ կտեսնենք…