Ոչ մի բան էլ չեն կարա հայտնաբերեն, եթե իրանք չդնեն․ ԲՀԿ-ական պատգամավորի տարածքում զննություն է իրականացվում

Ոչ մի բան էլ չեն կարա հայտնաբերեն, եթե իրանք չդնեն․ ԲՀԿ-ական պատգամավորի տարածքում զննություն է իրականացվում

Քիչ առաջ մեզ տեղեկություն հասավ, որ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում, որը նախկին Հայկոոպի բազայի տարածքն է համարվում, քննչական մարմինները տեղանքի զննություն են իրականացնում։ Տարածքը գտնվում է ժողովրդի շրջանում առավել հայտնի «տեցի կռուգում»։ Նշենք, որ զննությունն իրականացվում է ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծելու գործի շրջանակներում, իսկ այդ տարածքը զննում են, որովհետև, ըստ կասկածների, Արտակ Խաչատրյանին առևանգելուց հետո հենց այդտեղ են տարել պահել։
Աբրահամ Մանուկյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ դա իրեն շատ քիչ է հետաքրքրում։ «Տարածքի սեփականատերն ինքն է, բայց գործունեությունը ես չեմ ծավալում, դա արենդայով տված տարածք ա, իրանք էլ իրանց հերթին վարձակալությամբ են տվել։ Նենց որ, ինձ դա շատ քիչ ա հետաքրքրում, իրանք էլ, որ շոու էին ուզում սարքեն, թող նայեն»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։



Մեր դիտարկմանը, թե առևանգման այդ գործը մի քանի օր է՝ մամուլում իր անվան հետ են կապում, Մանուկյանն ասաց․«Դա հիմարություն ա՝ բառիս բուն իմաստով, անհեթեթություն ա։ Գիտեմ ես, տեղյակ եմ, էդ երևույթը պլանավորված էր, սկզբից թերթում գրեցին, որ հետո գան հասնեն սրան, էլի»։
Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում անել, եթե ինչ-որ կասկածելի բան հայտնաբերեն այդ տարածքում, Աբրահամ Մանուկյանն ասաց․ «Ինչ ուզում են, թող հայտնաբերեն, իրանց պռոբլեմն ա։ Ոչ մի բան էլ չեն կարա հայտնաբերեն, եթե իրանք չդնեն»։



Նա նաև նշեց, որ տարածքը վարձակալած անձը իր հետ կապ չունի, ուղղակի վարձակալող է։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ