Կուսակցությունները գաղութային համակարգի բաղադրիչներն են. Վարուժան Ավետիսյան

Կուսակցությունները գաղութային համակարգի բաղադրիչներն են. Վարուժան Ավետիսյան

«Սիրելի՛ հայրենակից



Մի՛ հավատա Սերժին ու նրա բանդային: Մի՛ հավատա Սերժի հետ սեղան նստող հանցագործ օլիգարխին: Մի՛ հավատա ծախու կուսակցություններին: Սերժը և մյուս կուսակցապետերը նույն ռեժիմի տարբեր գլուխներն են: Տե՛ր կանգնիր քո երկրին, քո ընտանիքին և ինքդ քեզ:



Սպիտակ եղեռն իրականացնող ռեժիմը Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին պիտի հեռացվի: Քանի դեռ հանդուրժում ենք ներքին ցեղասպանին, օտար ցեղասպանն անպատիժ կմնա:



Ապրիլի 24-ը ընդամենը Հիշատակի օր չէ: Ապրիլի 24-ը Արդարության հաստատման և Վերածնունդի օր է: 2015 թ. ապրիլի 24-ին դուրս ենք գալու փողոց և հաղթելու ենք ռեժիմին՝ ինչպես հաղթեցինք Սարդարապատում և Արցախում:



Պատրաստվի՛ր Ապրիլի 24-ի հաղթանակին»:



Ժիրայր Սեֆիլյան



Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող



Նման գրությամբ թերթիկներ են այսօր բաժանվել քաղաքացիներին։ Թռուցիկների հետ եղել է նաև սկավառակ: Որոշ ժամանակ անց, սակայն, ոստիկանները մոտեցել են քաղաքացիերին և նրանց ձեռքից վերցրել սկավառակները։



«Իրազեկման թերթիկներ են, որոնք մենք միշտ էլ բաժանում ենք ու դա նորություն չէ: Մարդկանց իրազեկում ենք մեր անելիքների մասին»,- ասաց «Հիմնադիր Խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը։



Ավետիսյանից փորձեցինք ճշտել տարածված այն լուրը, ըստ որի` «Հիմնադիր խորհրդարանը» միանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Գագիկ Ծառուկյանին։



«Գագիկ Ծառուկյանը և նրա շուրջ հավաքված ընդդիմությունը իշխանափոխություն են ուզում, իսկ մեր նպատակը միայն իշխանափոխությունը չէ, մեր նպատակը Հայաստանի ապագաղութացումն է, Արցախին միանալը և ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի ձևավորումն է: Կա՞ այսօր նրանց միանալու անհրաժեշտություն: Կարծում եմ չկա։ Կուսակցությունները գաղութային համակարգի բաղադրիչներն են ի՞նչ միանանք։ Սերժ Սարգսյանի ռեժիմը չարիքի դրսևորում է, իսկ չարիքը այս համակարգն է»,- ասաց Ավետիսյանը։