Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրեց պատասխանի փոխարեն շոյել լրագրողներին ու հեռանալ

Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրեց պատասխանի փոխարեն շոյել լրագրողներին ու հեռանալ

Հիասթափություներ այս աշխարհում շատ են եղել, մի փոքր կարող է նորից հիասթափեցնեմ ես ձեզ։
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու հիասթափեցրեց հավաքված մի քանի տասնյակ լրագրողներին։



Նա, սովորության համաձայն, ասաց, որ մեր բոլոր հարցերին կպատասխանի հետո, այս դեպքում՝ ուրբաթ օրը ժամը 4-ին Ազատության հրապարակում։ Իսկ թե ինչու էր նա եկել լրագրողների հետ հանդիպման, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց․ «Ես ուղերձ ունեմ ձեզ համար կարդալու, ով ուզում է՝ կարող է լսել, ով՝ ոչ, թող գնա»։



Նա կարդաց ինչ-որ ստանդարտ տեքստ, որ Սերժ Սարգսյանը պիտի հեռանա և այլն, արանքում, ի պատասխան լրագրողներից մեկի ռեպլիկին, վստահեցրեց, որ այդ տեքստը միանշանակ ինքն է գրել ու ավարտելուց հետո վեր կացավ տեղից, որ գնա։ Նա այդպես էլ չցանկացավ որև լրագրողի հարցի պատասխանել՝ խոստանալով բոլոր հարցերի պատասխանը տալ երկու օր անց։



Իսկ թե ովքեր են լինելու այդ օրը Ազատության հրապարակում, քանզի այսօր պարզ դարձավ, որ հանրահավաքը չեղյալ է հայտարարվել, «Ժառանգության» առաջնորդն ասաց․ «Ես որ լինելու եմ, ինձ բացակա չդնեք»։



Հարցին՝ այսպե՞ս է նա հարգում իր ժողովրդի լրագրողներին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանի փոխարեն նախընտրեց հայրաբար շոյել լրագրողի գլուխն ու լուռ հեռանալ։
Մեկ այլլրագրողի հարցին նա կրկին նույնկերպ պատասխանեց՝ լուռ շոյելով նրան ու հեռացավ առանց մի բառ ասելու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ