Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի փետրվարի 23-26-ի քառօրյայի դիտարկման արդյունքները

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի փետրվարի 23-26-ի քառօրյայի դիտարկման արդյունքները

ParliamentMonitoring.am-ն ամփոփում է 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ՝ գարնանային նստաշրջանի փետրվարի 23-26-ի քառօրյայի դիտարկման արդյունքները:
Օրակարգում: Քառօրյայի օրակարգում ընդգրկված էր 130 հարց և 34 միջազգային պայմանագիր: Լիագումար նիստերի 4 օրերի ընթացքում խորհրդարանը քննարկեց 9 հարց. ընդունեց 5 օրենսդրական նախաձեռնություն, վավերացրեց 1 միջազգային համաձայնագիր, մերժեց 1 հայտարարության նախագիծ: ԱԺ-ն լսեց և ի գիտություն ընդունեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013թ. տարեկան հաշվետվությունը և Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի 2015թ. տարեկան ծրագիրը:



 Քառօրյայի ընթացքում, առանց ԲՀԿ խմբակցության պատգամավորների, քննարկվեց ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցությունների հեղինակած հայտարարության նախագիծը՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին: Այն արտահերթ կարգով ընդգրկվել էր դեռևս աշնանային նստաշրջանի օրակարգ՝ ԲՀԿ-ականների ստորագրությունների շնորհիվ: Թեպետ նախագիծը կառավարման ճգնաժամի մասին էր, պատգամավորները խոսեցին քաղաքական, հոգեբանական, համակարգային ճգնաժամերի մասին: ՀԱԿ-ը հայտարարեց, թե իշխանությունը հոգեվարքի մեջ է, իշխանությունը թե՝ ճգնաժամի մեջ է ընդդիմությունը, ու թե դրա վառ ապացույցը ԲՀԿ-ի դատարկ շարքերն են: Նախագիծը մերժվեց ձայների 16 կողմ, 65 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին ՀՀԿ խմբակցության պատգամավորները, կողմ՝ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», ձեռնպահ էին ՀՅԴ պատգամավորներն ու Էդմոն Մարուքյանը (քվեարկության պատկերն այստեղ՝ http://www.parliamentmonitoring.am/law/1052.html#.VPTmx_msVvA ):



 Հատուկ կարգով քննարկված օրինագծեր: Քառօրյայի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց և երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Շահութահարկի մասին օրենքում» փոփոխություններ նախատեսող կառավարության հեղինակած նախագիծը: Դրանով առաջարկվում է նվազեցնել այն ընկերությունների շահութահարկը, որոնք հաշվետու տարվա ընթացքում կարտահանեն Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ առնվազն 50 մլրդ դրամի մաքսային արժեքով ապրանքներ (բացառությամբ հանքարդյունահանող եւ (կամ) հանքային հումքի վերամշակում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողների): Նրանց շահութահարկի գումարը կհաշվարկվի 2% դրույքաչափով` 20%-ի փոխարեն: Նախագծին կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորները (քվեարկության պատկերն այստեղ՝ http://www.parliamentmonitoring.am/law/1042.html#.VPTmqfmsVvA ): Միայն նրանց քվեարկության շնորհիվ էլ Ազգային ժողովը, կառավարության առաջարկով, ընդունեց որոշում նախագծի երկրորդ ընթերցումը առաջինից հետո 48 ժամվա ընթացքում անցկացնելու մասին: 



Նախագծեր, որոնց ընդգրկումն օրակարգ քվեարկությամբ մերժվեց: Այս նախագծերի հեղինակները ընդդիմադիր պատգամավորներ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանն էին:
Խորհրդարանական խմբակցություններից միայն «Ժառանգության» 2 պատգամավոր, մեկ անկախ պատգամավոր եւ հեղինակն ինքը՝ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն էին կողմ, որ «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» որոշման նախագիծն ընդգրկվի նստաշրջանի օրակարգ: ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին, ԲՀԿ-ն նախապես հայտարարած բոյկոտի պատճառով նիստին ներկա չէր, ՀՀԿ-ն քվեարկեց դեմ:
Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցին ՀՀԿ-ից բացի ձեռնպահ քվեարկեց նաև ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն քվեարկությանը չմասնակցեցին, կողմ էին միայն ՀԱԿ-ի ու «Ժառանգության» պատգամավորները: Նախագծի ընդգրկումը օրակարգ մերժվեց: Հարցն ավելի վաղ քննարկվել էր նիստերի դահլիճում: Զարուհի Փոստանջյանը մեծամասնության առաջարկով այն հետ էր վերցրել՝ պայմանով, որ մեծամասնության հետ միասին կաշխտաեն դրա վրա և նոր կընդգրկեն օրակարգ: ՀՀԿ-ն, սակայն, դրանից հետո նախընտրել էր ներկայացնել խնդրին վերաբերող սեփական նախաձեռնությունը, որին միացել էին բոլոր մյուս խմբակցությունները: Սա օրենքի նախագիծ էր «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին»: Ի տարբերություն Զարուհի Փոստանջյանի հայտարարության նախագծի՝ եզդիների ցեղասպանության մասին այստեղ խոսք չկար, քանի որ, մեծամասնության հիմնավորմամբ, դրան վերաբերող պատմական փաստաթղթերն ուսումնասիրված չեն:



Հետաձգում: Քառօրյայի ընթացքում խորհրդարանը որոշում կայացրեց ԱԺ 2015թ. մարտի 16-19-ի չորսօրյա նիստերի տեղափոխման մասին: Մարտի 16-ից 18-ը Երևանում գումարվելու է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Քանի որ դրա և հերթական քառօրյայի ժամկետները համընկնում են, խորհրդարանը որոշեց մարտի 16-19-ի չորսօրյա նիստերը տեղափոխել մարտի 23-26-ը: