Նեմցովը՝ «սրբազան զոհ»

Նեմցովը՝ «սրբազան զոհ»

Բորիս Նեմցովի դաժան սպանությունը վերջնականորեն պատառոտեց Ռուսաստանում հաստատված պուտինյան ամբողջատիրական հասարակարգի դիմակը: Նեմցովի քաղաքական ու մարդկային կենսակերպի մասին շատ բան է գրվել: Նա ժամանակակից Ռուսաստանի ամենախարիզմատիկ քաղաքական գործիչներից մեկն էր՝ Բորիս Ելցինի սիրելիներից՝ լավ կրթություն ստացած բիզնեսմեն, որին կարճ ժամանակահատվածում հաջողվեց մտնել ու իր հաստատուն տեղը գրավել վերնախավում, ապա՝ ընդդիմադիր դաշտում: Կանանց սրտակեր, Դոն Ժուանի համբավ ունեցող Նեմցովը բազմիցս, հրապարակայնորեն խիստ քննադատության էր արժանացնում Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը՝ Ռուսաստանի համար նրա իշխանությունը համարելով իսկական չարիք: Նեմցովը Ռուսաստանի փրկությունը տեսնում էր պուտինյան ռեժիմի անհապաղ կապիտուլյացիայի եւ դեմոկրատական արժեքների հաստատման մեջ: Դեպքից ժամեր առաջ իր վերջին հարցազրույցում Նեմցովը նորից իրեն հատուկ կտրուկ ոճով քննադատում է իշխանության վարած խայտառակ քաղաքականությունը եւ երկրի ներսում, եւ Ուկրաինայի հանդեպ: Վերջին ամիսների գրառումներում, հարցազրույցներում նա խոսում էր հնարավոր ռեպրեսիաների մասին, որոնք կարող էին կիրառվել իր հանդեպ:



Կրեմլի պատերի տակ գնդակահարված ընդդիմադիր գործչի սպանությունը նախագահ Վլադիմիր Պուտինը որակեց որպես կազմակերպված սադրանք Ռուսաստանի դեմ՝ նկատի ունենալով Ուկրաինայի ռադիկալ ազգայնականներին: Ժամառժամ Բորիս Նեմցովի սպանության հնարավոր ու անհնարին վարկածները բազմանում են: Եվ կարծես շարունակվելու են նաեւ միտումնավոր բազմանալ: Ռուսաստանյան եւ միջազգային հանրույթը խիստ դատապարտում է սպանությունը՝ պահանջելով շուտափույթ բացահայտել այն: Հետաքրքիր է, որ որոշ քաղաքական գործիչներ, Նեմցովի սպանությունը մաքուր քաղաքական համարելով, բնորոշել են որպես «Սրբազան զոհ»… Քանի որ Նեմցովը քաջ հայտնի էր Արեւմուտքին, անցյալում բարձր պաշտոններ էր զբաղեցրել, իսկ ներկա դրությամբ ամենաընդդիմադիր թեւին էր պատկանում: Որոշ քաղաքական մեկնաբաններ Նեմցովի սպանության համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մեղադրանքներն անհիմն են համարում՝ նշելով, որ ոչ մի դիտանկյունից Պուտինին սա բացարձակ «ձեռք» չէր տալիս:



Ինչեւէ, Բորիս Նեմցովի սպանությունը կարող է շրջափուլային լինել Ուկրաինայում ծավալվող դեպքերի եւ ընդհանրապես Ռուսաստանի հետագա քաղաքական կյանքի համար: Կարելի է ասել, որ Նեմցովի սպանությունը միջազգային հանրույթի աչքին եւս մեկ անգամ հողին հավասարեցրեց Ռուսաստանի ապագայի հետ կապված բոլոր հույսերը: