Նրանք թոշակի գնացողը չեն․ նրանց արտոնություն պետք չէ

Նրանք թոշակի գնացողը չեն․ նրանց արտոնություն պետք չէ

Ազգային ժողովում այսօր քննարկում էին «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրման, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին կոչ արեց քննարկումն անձնական դաշտ չտեղափոխել:



«Այս փոփոխությունների նախագիծը, որն առաջարկում է կառավարությունը, վերաբերում է ոչ թե անձերին, այլ նախագահի ինստիտուտին: Ես կոչ եմ անում չանձնավորել այս նախագիծը: Ինձ սկզբում թվում էր, որ այս նախագծի քննարկման վրա մենք շատ քիչ ժամանակ ենք ծախսելու, քանի որ խոսքն ընդամենը փոփոխությունների մասին է, և միայն կարելի էր որոշ դրույթների մասին խոսել, սակայն այստեղ ամբիոնից անձնավորված կարծիքներ հնչեցին, ինչն անընդունելի է: Կրկնում եմ՝ այս նախագծով մենք դրսևորում ենք մեր հարգանքը նախագահի ինստիտուտի նկատմամբ»,- իր ելությում անդրադառնալով պատգամավորների հնչեցրած տեսակետներին՝ ընդգծեց պարոն Սահակյանը:
Նա նաև նշեց, որ ինքը եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին քննադատը, սակայն քննադատել է ոչ թե նրա անձը, այլ գործունեությունը:



«Եթե քննադատել եմ նրա գործունեությունը, դա ի՞նչ է, նշանակում է, որ նա մեր պետականության կայացման գործում որևէ ներդրում չի՞ ունեցել: Բա ողջ ժողովուրդը ժամանակին ինչպե՞ս հետևեց Տեր-Պետրոսյանի կոչեին, ինչպե՞ս մենք անկախություն ձեռք բերեցինք, ինչպե՞ս պատերազմը հաղթեցինք: Այս ամենը եղել է, չէ՞»,- նկատեց Սահակյանը:




Անդրադառնալով որոշ պատգամավորների այն պնդումներին, թե օրենքի նախագծով ՀՀ պաշտոնաթող նախագահի համար առաջարկվող արտոնություններով հարկավոր է օժտել նաև վարչապետին և Ազգային ժողովի նախագահին՝ Գալուստ Սահակյանը կատակով պատասխանեց. «Հումորով պետք է ասեմ, որ այս օրենքը չի կարող վերաբերել Ազգային ժողովի նախագահին և վարչապետին, որովհետև մենք թոշակի գնացողը չենք: Ախր մտածեք՝ ինչ եք ասում»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ