ՀՀԿ-ն գլուխ բերեց իր «սև գործը»

ՀՀԿ-ն գլուխ բերեց իր «սև գործը»

«Պատրաստվեք սահմանադրական ընտրությունների». ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ միանգամից «աչքալուսանք» տվեց, երբ հարցրինք, թե ինչ փուլում են բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումները, որոնց մասին հենց նա էր շաբաթներ առաջ հայտնել. «Ժամկետներն ուժի մեջ են, եւ հայտարարությունն էլ չի ուշանա»: Որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում կամ հանգամանքներում են հասարակական-քաղաքական ուժերի հետ խոստացած հանդիպումներ-քննարկումներն անցկացնում: «Կոնսուլտացիաների ու արդյունքների մասին ապագայում դուք կիմանաք: Դուք տեսնում եք, որ մշտապես հարցի վերաբերյալ քննարկումներ են լինում, քաղաքական ուժերը, եթե նախկինում հայտարարում էին, թե չեն պատրաստվում կարդալ հայեցակարգի տեքստն ու ասում էին, որ մեզ պետք չի, ապա հիմա կարծում են, որ պետք է կարդան ու մեզ կարծիքներ հայտնեն»: Բաղդասարյանը չի ցանկանում անուններ հրապարակել, հատուկ կարգով էլ հանդիպումներ չեն անցկացնում, հայեցակարգը բաց քննարկման է դրված, գուցե Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպում է ինչ-որ ուժերի հետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը դրանց մասին տեղյակ չէ, վստահ է մեկ բանում, որ քաղաքական լայն կոնսոլիդացիան, որը պահանջում է Վենետիկի հանձնաժողովը, իրենք կապահովեն:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը դեռ անցյալ տարվա աշնանը, երբ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, հայտարարել էր, որ Սարգսյանն իր վերջնական դիրքորոշումը հայեցակարգի վերաբերյալ կարտահայտի 2015թ. փետրվար-մարտ ամիսներին: «Ամեն ինչ ժամկետների մեջ է, եւ ժամկետների մեջ ինքը կհայտարարի»,- իր հերթին խոստանում է Վահրամ Բաղդասարյանը:



Բարեփոխումների իրականացման եւ հատկապես խնդրահարույց դրույթի՝ խորհրդարանական կառավարման մոդելին անցում կատարելու դեմ միակ խոչընդոտը նախկին ԲՀԿ-ն էր, իր նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանով, ում հետ հայեցակարգը տապալելու գործին էին լծվել նաեւ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»՝ այլեւս հուշ դարձած ոչ իշխանական եռյակը: Սերժ Սարգսյանն ինքն էլ փետրվարի 12-ի Հանրապետական կուսակցության խորհրդի անմոռանալի նիստում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հետաձգել է մինչեւ այս փետրվար-մարտ ամիսները՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առաջարկությամբ: Բայց քանի որ փետրվարի 5-ին Ծառուկյանը խորհրդաժողով հրավիրեց, հաստատեց իր դիրքորոշումը, որ դեմ է այդ փոփոխություններին, Սարգսյանը հարցը լուծեց այլ մեթոդներով եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, ու հայեցակարգը տապալելու առաքելությունն ստանձնած ոչ իշխանական եռյակն ինքը կազմաքանդվեց:



Արդյոք հարցը նման մեթոդներով՝ ճնշումներով, սպառնալիքներով «լուծելուց» հետո կարելի՞ է խոսել լայն կոնսոլիդացիայի մասին: «Եթե իրենք ճնշվող են, ուրեմն ինչպե՞ս կարող են ընդդիմություն լինել»: Բաղդասարյանը մի քանի անգամ ակնարկեց նաեւ, որ այժմ որեւէ ուժ այդ փոփոխությունների դեմ հայտարարություններ չի անում:
Թեեւ դժվար է ասել, թե սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի ինչպիսի կոնսոլիդացիա կլինի, բայց միանշանակ է, որ, ԲՀԿ-ին ճնշելով, իշխանությունները կանխեցին այդ գործընթացների դեմ լայն հակաքարոզչությունը: Ակնհայտ է, որ մոխիրներից հառնող նոր ԲՀԿ-ն այդ փոփոխությունների դեմ հակաքարոզչություն չի իրականացնի, նախկինի նման չի հայտարարի, թե իշխանությունները դրանք նախաձեռնել են իրենց վերարտադրումն ապահովելու համար, ինչպես նաեւ արտահերթ ընտրություններ այլեւս չեն պահանջի, ինչի մասին հայտարարել են ԲՀԿ-ում մնացողներից մի քանիսը, եթե նույնիսկ շատ էլ ցանկանան, ապա այդքան ռեսուրս չունեն, ինչպես նաեւ մյուս բոլոր ուժերը, որոնց «շարժիչ ուժը» Գագիկ Ծառուկյանն էր:



Այսպիսով՝ ՀՀԿ-ն գլուխ բերեց իր «սեւ գործը», մեր տեղեկություններով, առաջիկա օրերին բարեփոխումներին կողմ հայտարարություններով հանդես կգան Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն», Խոսրով Հարությունյանի «Քրիստոնեադեմոկրատական», Հայկ Բաբուխանյանի «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցությունները, քանի որ դրանց ղեկավարները ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են: Էլի մի քանի մարդ-կուսակցություններ իրենց ծանրակշիռ աջակցությունը կհայտնեն Ս. Սարգսյանի սկսած սահմանադրական փոփոխություններին ու կլծվեն դրանք կյանքի կոչելու գործին: Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեն նախատեսված է իրականացնել հաջորդ տարվա գարնանը: