Պարույր, դու Սերժից այդքան հեռու՞ մարդ ես…

Պարույր, դու Սերժից այդքան հեռու՞ մարդ ես…

Ողջ կյանքում մի անգամ եմ նման բանի հանդիպել և ում պատմում եմ, դժվարանում է հավատալ:



Երկու կաղ ընկերուհիներ վիճում էին, միմյանց վիրավորում: Վերջը բանը հասավ նրան, որ մեկն ասաց՝ չոլախ շուն: Մյուսը քարացավ մի պահ, հետո ինքնավստահ ասաց՝ չոլախը դու ես: Ասաց ու կողքին կանգնած ընկերոջը հարցրեց՝ ճիշտ չեմ ասու՞մ… Ընկերոջ բառերը մինչև հիմա տպավորվել է մոտս.



- Երկուսդ էլ ճիշտ եք ասում, բայց պետք չի:



Հիմա, հազար ներողություն Հայրիկյանից, որ այս օրինակով իր գործելակերպն եմ բնորոշելու: Աջ ու ձախ վիրավորանքներ է /ոչ թե քննադատություն/ սփռում, մոռանալով, որ նույն բանը կարող են իրեն ասել: Բոլորը ծալելով ու մի կողմ դնելով, հիշեցնեմ Նաիրա Զոհրաբյանին գործնեության մասին նրա տրված բնորոշմանը.



«Երեկ լսում էի նրանց նոր ղեկավարի հայտարարությունը, իր բառերով ասեմ՝ կարծես կլոունի տեսնեի: Ասում է՝ մենք մեր որոշումով ենք այս քայլերին դիմել: Ամբողջ աշխարհը գիտի, որ Սերժ Սարգսյանը կանչեց, ասաց՝ այսպես պիտի անես, իրենք էլ արեցին»:



Նաիրայի մամլո խոսնակ Վահանն էլ ասում է.



«Նման արտահայտությունները սազական չեն իրեն քաղաքական գործիչ համարող անձի համար: Նա ավելի շատ սկսում է նմանվել այն մականվանը, որը վաստակել է բանտային տարիներին, և որը շատ հայտնի է ժողովրդի մեջ: Չմոռանանք, որ խոսում է մի մարդ, ով ռետինե գնդակով վիրավորված ձեռքի բազարն էր անում իշխանությունների հետ, իսկ այսօր խորը քաղաքական դատողություններ է անում»:



Սա, իհարկե, տասնօրյա թեմա է, բայց ինձ միմյանց նկատմամբ ցուցաբերած «գորովանքը չի հետաքրքրում», այլ թե ինչպես «նույն արատն ունեցող մարդը, գոնե չունենա, վիրավորում մյուսին»:



Պարույր, դու Սերժից այդքան հեռու՞ մարդ ես… որ ուրիշին ես դատապարտում՝ նրան մոտ լինելու համար: Չէի անդրադառնա, եթե միայն Նաիրան լիներ…



Ակամայից հիշում եմ անցած օրերի ընկերոջ ասածը.



- Երկուսդ էլ ճիշտ եք ասում, բայց պետք չի:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ