Փնտրվում է ընտրող՝ հայերեն չիմացող ընտրողին օգնելու համար

Փնտրվում է ընտրող՝ հայերեն չիմացող ընտրողին օգնելու համար

Արմավիրում անսովոր խաղաղություն էր: Ընտրության մասին հիշատակող ոչ շարժ կար, ոչ հետաքրքրություն: Անգամ ընտրական տեղամասեր գտնելն էր դժվար: Դրանք այնքան անշուք ու չերեւացող ցուցանակներով էին, որ տեւական որոնումների կարիք զգացվեց: Ինչպես քաղաքում, այնպես էլ, կարելի է ասել՝ բոլոր 16 տեղամասերում ընտրողների պասիվությունն աչք էր ծակում: Հանձնաժողովականներն այնքան պարապ էին, որ հասցնում էին նույնիսկ ձանձրանալ: 21/03 տեղամասային հանձնաժողովի նախագահ Սաշիկ Վարդանյանն ընտրողների պասիվությունը բացատրեց մեկ թեկնածուի հանգամանքով: Նույնիսկ ընտրախախտումների ու կեղծիքների բացակայությունը պայմանավորեց գոյություն չունեցող մրցակցությամբ: «Ինչի՞ համար կեղծեն, եթե մրցակցություն չկա»,-ասաց:



Թեեւ կեղծիքներ չէր արձանագրել նաեւ նույն տեղամասի հանձնաժողովի ՀԱԿ ներկայացուցիչ Ռազմիկ Թահմազյանը, բայցեւ չբացառեց, որ մարդկանց մի մասին ընտրության են բերում համոզելով: «Մտածում են. մեկ թեկնածու է՝ ինքն էլ կանցնի, բայց համոզում-բերում են, որ գոնե քվորում ապահովվի»:
Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից աչքի էին ընկնում հիմնականում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչները, որոնք եւս աղաղակող կեղծիքներ չէին արձանագրել: Ստանդարտից դուրս միակ դեպքը, որին ականատես եղանք նաեւ մենք, 21/03 ընտրական տեղամասում էր. ռուսաստանաբնակ, բայց Արմավիրի քաղաքացի կինը, որ ողջ կյանքում որեւէ ընտրության չէր մասնակցել, եկել էր քաղաքապետ ընտրելու: Քվեաթերթիկը ձեռքին՝ մոլորվել-մնացել էր: Ոչ հայերեն գրել գիտեր, ոչ՝ կարդալ: Եթե լրագրողներս ներկա չլինեինք, երեւի թե հանձնաժողովականներն իրենք «օգնեին» կնոջը՝ կատարելու իր քաղաքացիական պարտքը: Բայց ԶԼՄ-ների ներկայությամբ նման քայլի գնալն առնվազն անխելքություն կլիներ, հետեւապես, հանձնաժողովականներն սկսեցին ընտրող փնտրել: Բարեբախտաբար, 5-10 րոպե անց հայտնվեց չափազանց սպասված ընտրողը, որի օգնությամբ եւ քվեախցիկից դուրս կինը կատարեց իր քաղաքացիական պարտքը:



ՀԱԿ անդամ Ռազմիկ Թահմազյանից հետաքրքրվեցինք, թե ինչու իր կուսակցությունն Արմավիրի քաղաքապետի ընտրությանը թեկնածու չի առաջադրել, մանավանդ որ ՀՀԿ-ական թեկնածուների ինքնաբացարկներց հետո ընդիմության թեկնածուն կարող էր մրցակցային լուրջ հայտ ներկայացնել: «Մեկ ա՝ ում համար ասված ա, նա էլ անցնելու ա, համ էլ՝ միջոցներ ունե՞նք, որ թեկնածու առաջադրենք»,-եղավ պատասխանը:



Ի դեպ, Արմավիրում ավտոմեքենաների անհամեմատ շատ կուտակումներ կային միայն քաղաքապետի միակ թեկնածու, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանի շտաբի մոտ:
ՀԳ. Հաջորդ օրը պարզ դարձավ, որ Արմավիրում քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդամենը 32,5 տոկոսը: Ընդ որում, մեծ մասամբ ընտրողների մասնակցությունը տատանվել է 18-25 տոկոսի միջեւ, սակայն 2 ընտրատեղամասերում «գրանցվել» է ռեկորդային ցուցանիշ 21/14-ում՝ 66 տոկոս մասնակցություն, 21/13-ում՝ 62,5, 21/5-ում՝ 57,6, եւ ընդհանուր մասնակցությունն ստացվել է 32,5 տոկոս։ Ընտրությանը մասնակցած 9 հազար 246 ընտրողից Ռուբեն Խլղաթյանին կողմ է քվեարկել 8 հազար 169 ընտրող, դեմ՝ 810-ը, անվավեր է ճանաչվել 265 քվեաթերթիկ: Արդյունքում ընտրացուցակներում առկա 28 հազար 421 ընտրողից ընդամենը 8 հազար 169 կողմ ձայներով 11 տարի քաղաքապետ աշխատած Խլղաթյանը կրկին քաղաքապետ է կարգվել՝ չունենալով անգամ իր կուսակցության աջակցությունը։ Ահա թե ինչպիսին չպետք է լինի ընտրությունը։



Սերոբ  ՄԱՐՈՒԹՅԱՆ