Փոխըմբռնման հուշագիր՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովի անցկացման վերաբերյալ

Փոխըմբռնման հուշագիր՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովի անցկացման վերաբերյալ

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների 31-րդ համաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամներին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ուսման Պայի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:



Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի՝ որպես ֆրանկոֆոն ընտանիքի ակտիվ անդամի համար մեծ պատիվ և, միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն է հյուրընկալել 80 երկրների պատվիրակություններ՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի առիթով։ Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ ԱԳՆ ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության միջև սերտ համագործակցությամբ նախարարական համաժողովը կկազմակերպվի ու կանցկացվի բարձր մակարդակով։



Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոմիտեի ներկայացուցիչները վստահեցրել են, որ կանեն առավելագույնը՝ աջակցելու համաժողովի լավագույնս կազմակերպման և բարեհաջող ընթացքը ապահովելուն ուղղված Հայաստանի ջանքերին։



Զրուցակիցները քննարկել են նախարարական համաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ուսման Պայը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովի անցկացման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։