Կրկին ՀՀԿ-ականների «լեզուն բացվեց» Սերժ Սարգսյանի ելույթից հետո

Կրկին ՀՀԿ-ականների «լեզուն բացվեց» Սերժ Սարգսյանի ելույթից հետո

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սերժ Սարգսյանի «սենսացիոն» ու «դարակազմիկ» հայտարարությանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ, որտեղ նա մտահոգություն էր հայտնել այդ առնչությամբ՝ ակնարկելով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին, ասաց, որ Ադրբեջանին զենք վաճառելը երբեք էլ դուրս չի եղել Հայաստանի իշխանությունների մտահոգությունների շրջանակից: Նշենք, որ շատերն արձանագրել են. «Վերջապես ՀՀ նախագահը համարձակություն ունեցավ «մեծ եղբայր» Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ ասել այն, ինչ մտածում ենք բոլորս»: Շատերը, հատկապես ՀՀԿ-ականները, նրա ելույթն ուղղակի աննախադեպ են համարում: «Այդ հարցը մեզ միշտ մտահոգել է, եւ այդ մտահոգությունը մենք ցանկացած ձեւով միշտ արտահայտել ենք, թե՛ փակ քննարկումների, թե՛ ընդհանրապես տարբեր քննարկումների ընթացքում:



Սակայն հանրապետության նախագահի խոսքն իրոք աննախադեպ էր այն առումով, որ դա պետք է մտահոգի ոչ միայն մեզ, այլ նաեւ Ադրբեջանին զենք վաճառող երկրին, այն դեպքում, երբ այդ զենքով Ադրբեջանը պատերազմի մեջ է մտնում մեր երկրի դեմ»,- ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մարտի 18-ին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել էր, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է բացասական ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, քանի որ սահմանին կանգնած հայ զինվորը միշտ գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով:



Սակայն եթե ՀՀԿ-ականները «միշտ էլ մտահոգություններ» են ունեցել այդ կապակցությամբ, ինչո՞ւ են մինչ օրս լռել, ավելին՝ արդարացումներ փնտրել, թե դա տնտեսական շահ է, որ Ռուսաստանը մեզ էլ է զենք տալիս լավ պայմաններով եւ այլն: ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեր դիտարկմանը, թե ՀՀԿ-ականների «լեզուն բացվեց» Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ասաց, որ ՀՀԿ-ն քաղաքական ուժ է, որն ունի իր ղեկավարը, եւ, բնականաբար, բոլորն ունեն մեկ ուղղություն, մեկ գիծ, իսկ եթե որեւէ մեկն այլ հայտարարություն է անում եւ այլ ուղղությամբ է գնում, ըստ Սահակյանի, կարող է այդ թիմից դուրս գալ: Ինչ վերաբերում է իր՝ նախկինում այս հարցի վերաբերյալ տված պատասխաններին, ասաց. «Կարող եք ինքներդ ուսումնասիրել, թե նման հարց որ եղել է, ես ինչպես եմ պատասխանել: Առհասարակ, իհարկե, բնական է, որ սահմանին կանգնած զինվորը նաեւ մտածում է, թե ինչ զենքով է կրակում, սրա մասին է խոսքը եղել, ավել կամ պակաս ասելու որեւէ խնդիր չկա»:



Իսկ թե ինչու Սերժ Սարգսյանը հիմա հանկարծ հիշեց, որ սահմանին ռուսական զենքից են կրակում, եւ արդյոք դա կապվա՞ծ է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման ու եվրոպացի պատվիրակների Հայաստան ժամանման հետ, Սահակյանն ասաց, որ պետք չէ մեկը մյուսի հետ կապել: Իսկ նախագահի ելույթի առնչությամբ նշեց, որ չի կարծում, թե անակնկալ էր, ու, առհասարակ, երկրի նախագահի հայտարարությունը պետք չէ մեկնաբանել. «Որպես երկրի նախագահ ու ՀՀ քաղաքացի՝ ինքն էլ իրավունք ունի իր դիրքորոշումն ու տեսակետը հայտնելու»: Արդյոք այս ելույթը չի՞ վնասի հայ-ռուսական հարաբերություններին, եւ Ռուսաստանի կողմից բացասական արձագանքի մտավախություն չունե՞ն, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այդպես չի կարծում. «Որովհետեւ մեր ե՛ւ բարեկամությունը, ե՛ւ համագործակցությունը, ե՛ւ ռազմական ոլորտում համագործակցությունը շատ ամուր հիմքերի վրա են դրված»:



ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց, թե իրենք այդ մասին առաջ էլ էին խոսում, եւ, ըստ նրա, այս հարցում մեր ժողովուրդն ավելի շատ էմոցիոնալ-հոգեբանական խնդիր ունի այն առումով, որ մի բան է, երբ հայ զինվորի վրա կրակում է ռուսական ավտոմատը, այլ բան, երբ այլ պետության զենքից են կրակում: Իսկ իրավական տեսակետից, ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի, ցանկացած պետություն իրավունք ունի տարբեր երկրների հետ համագործակցության իր աստիճանն ինքը որոշել: Անակնկալ չէ՞ր նախագահի այս ելույթն իր համար, Գալուստ Սահակյանն ասաց, որ այդ մասին իրենք մինչ այս էլ խոսել են, ուղղակի այդ օրը, ֆորումի ժամանակ հարց բարձրացրին, նախագահն էլ նորից անդրադարձավ այդ թեմային: Իսկ բացասական արձագանքի մտավախություն չունե՞ն բարեկամ Ռուսաստանից: «Գիտեք, ես ուզում եմ մեր ժողովրդից էդ ստրկական հոգեբանությունը, էդ մտայնությունն իսպառ վերանա»: