Ավագ դպրոց, որը ճեմարանի համար սաներ կպատրաստի

Ավագ դպրոց, որը ճեմարանի համար սաներ կպատրաստի

«Հայաստանին պետք են ժամանակակից կրթություն տվող դպրոցներ, ոչ թե տերտերների կողմից ղեկավարվող հաստատություններ», «Խնդրում եմ ասեք, որ ապրիլմեկյան կատակ է», «Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մազերը հեռանում են հիմարների գլխից», «Ո՞վ է տեսել, որ դպրոցը ճեմարան դարձնեն, ինչ օյինբազություն լինի, Աշոտյանից դուրս կգա». ֆեյսբուքյան օգտատերերի այս գրառումները վերաբերում են կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշմանը՝ Երեւանի Գեւորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը կառավարության որոշմամբ պետական ոչ առեւտրային կազմակերպությունից հիմնադրամ դարձնելու, ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայությանը հանձնելու մասին: Թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:



Այս տեղեկությունը մեծ խառնաշփոթ է առաջացրել, բոլորը հարց են տալիս. ի՞նչ է նշանակում Մայր Աթոռի ենթակայության տակ գտնվող դպրոց: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ալավերդյանը շտապում է զգուշացնել, որ այն ճեմարանի չի վերածվելու. «Դպրոցի գործառույթը մնալու է նույնը: Շատերը մտածում են, որ ճեմարան է դառնալու՝ այդպիսի բան չկա, ուղղակի ձեւավորվել է մի խորհուրդ, որն զբաղվելու է, որպեսզի դպրոցը բարեկարգվի եւ արդի ժամանակներին համապատասխանող ավագ դպրոց դառնա»: Տնօրենը տեղեկացրեց, որ ուսուցչական կազմում որեւէ փոփոխություն չկա, եւ դպրոցն էլ ինքն է դեռ տնօրինելու: «30-ական թվականներին կառուցված դպրոց է, պատկերացրեք, թե ինչպիսի անբարեկարգ վիճակում է գտնվում, այս միջոցով հնարավոր կլինի դպրոցը վերանորոգել, նոր շենքային պայմաններ ու տեխնիկական հագեցվածություն կստանա»,-ասաց Ալավերդյանը: Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի աշխատակից Դավիթ սարկավագ Հովհաննիսյանն էլ տեղեկացնում է, որ մեկ կամ երկու տարի այն որպես հիմնադրամ կգործի, մինչեւ Մայր Աթոռը կարողանա հովանավոր գտնել եւ վերանորոգման, լաբորատոր առումով զինման աշխատանքներ կատարել, որից հետո այն ամբողջությամբ կանցնի Մայր Աթոռի ենթակայության տակ: «Դպրոցի հետ կապված՝ հեռահար նպատակներ կան, որ այն կլինի մի այնպիսի հաստատություն, որտեղ կսովորեն այն աշակերտները, ովքեր ցանկություն կունենան ուսանելու ճեմարանում»,-ասաց Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը:



Ի դեպ, ավագ դպրոցը հումանիտար ուղղվածություն է ունենալու: «Աշակերտներն այնտեղ հումանիտար գիտելիքները կզորացնեն մինչեւ ճեմարան ընդունվելը: Բայց կրոնական որեւէ բան չի լինելու, պարզ, աշխարհիկ դպրոց է լինելու: Կրոնի ներկայությունն այնքանով կլինի, որ այս դպրոցում բարոյական կրթությունն առաջնահերթ կլինի, եւ երեւի թե կապը եկեղեցու հետ ավելի զորավոր կլինի»: Մայր Աթոռի ենթակայության տակ, թիվ 182 ավագ դպրոցից բացի, գտնվում է նաեւ Էջմիածնի «Էռնեկյան» հանրակրթական դպրոցը: Ի դեպ, Դավիթ սարկավագը խորհուրդ տվեց դպրոցի աշակերտներից հետաքրքրվել, ու բոլորին պարզ կդառնա, որ դպրոցը կրոնագիտական ուղղվածություն չունի, ուղղակի նրանք կիրակի օրերը մասնակցում են Մայր Աթոռում Սուրբ պատարագի: