Մի շտապեք Աբովյանի քաղաքապետ նշանակել

Մի շտապեք Աբովյանի քաղաքապետ նշանակել

Սերժ Սարգսյանի որոշումը Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանին Կոտայքի մարզպետ նշանակելու վերաբերյալ շատերը դիտարկում են Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտության շրջանակներում: Ոմանք պնդում են, որ այդ քայլով Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի ձեռքից վերցնում է Աբովյան քաղաքը: Այս տեսակետը հիմնավորվում է այն բացատրությամբ, որ քաղաքապետի պաշտոնն ընտրովի է, իսկ մարզպետինը՝ նշանակովի, եւ Սերժ Սարգսյանը, ուզած պահին, կարող է նաեւ նոր մարզպետ նշանակել: Առաջին հայացքից սա կարող է նույնիսկ հիմնական վարկած թվալ, բայց իրականում միամտություն է այսպես մտածելը:



Եթե մեզ թվում է, որ Սերժ Սարգսյանը Կարապետ Գուլոյանին առաջ է քաշում, որ հետո հանի, ապա նույնը մեզնից ոչ վատ կարող է մտածել նաեւ Կարապետ Գուլոյանը եւ մանավանդ՝ Գագիկ Ծառուկյանը, ովքեր, սակայն, ըստ լուրերի, մեծ տոնախմբություն են կազմակերպել այդ իրադարձության կապակցությամբ: Դժվար թե իշխանությունների վերին օղակներում իր այդքան մեծ կապերով Գագիկ Ծառուկյանը մանկական ուրախություն ապրեր մի քանի օրվա պաշտոնի համար, որ տալիս են՝ հետո «քցելու» նպատակով:



Հետաքրքիր է նաեւ Կարապետ Գուլոյանի մեկնաբանությունը: Նա վստահ է, որ իշխանություններն իր աշխատանքն են գնահատել այս քայլով: Իսկ ինչո՞ւ ոչ: 2013 թվականի նախագահական ընտրություններում, ի՞նչ է, Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ Կարապետ Գուլոյանը Պարույր Հայրիկյանի օգտի՞ն է աշխատել, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանի...



Մենք համամիտ չենք նաեւ այն տեսակետի հետ, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է Աբովյանը ՀՀԿ-ացնելու համար: Սերժ Սարգսյանի նման քաղաքական շախմատիստի համար դա շատ պարզունակ քայլ կլինի: Մեր կարծիքով՝ Աբովյանում Սերժ Սարգսյանի ազդեցությունը բոլորից լավ հենց ԲՀԿ-ականները կարող են ապահովել, ավելի ճիշտ՝ ԲՀԿ-ի այն թեւը, որ մեկ քայլ անգամ չհեռացավ Ծառուկյանի կողքից: Մենք նաեւ կենդանի օրինակներ ունենք՝ ի դեմս Գյումրիի եւ մի շարք այլ քաղաքապետերի: Սերժ Սարգսյանն ինչ-որ չի շտապում նրանց առաջ քաշել, որ հետո հանի: Ի՞նչ է պատահել վերջապես: Նրանց գլխին այնպիսի մարզպետներ ունի նախագահը, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ չեն կարող ՀՀԿ-ի դեմ խաղեր տալ: Գուլոյանի պարագան, իհարկե, մի քիչ տարբեր է հզոր աներոջ պատճառով, բայց դա, ինչպես ասացինք, ավելի շատ հօգուտ Գուլոյանի է, քան՝ ի վնաս:



Աբովյանի ապագա քաղաքապետի հարցի հետ կապված՝ մամուլում ակտիվորեն շրջանառվում է Արթուր Հարությունյանի անունը (հայտնի է «Պալաչ» մականունով): Հիշել են Գագիկ Ծառուկյանի հետ նրա տարաձայնություններն Աբովյան-Երեւան երթուղային գծերի շուրջ, մի պատմություն են առաջ տանում, թե Պալաչը խաղում է ՀՀԿ թիմից: Դարձյալ խնդրի պարզունակացման հետ գործ ունենք: Արդյոք ՀՀԿ-ին Աբովյանում պե՞տք է մի քաղաքապետ, որ խնդրահարույց է թե իր եւ թե Աբովյանում իր հիմնական գործընկերոջ համար: Բացառված չէ, իհարկե, որ Աբովյանի քաղաքապետի հիմնական թեկնածուն լինի ՀՀԿ-ական, բայց դա կլինի մի մարդ, որ հավասարապես ընդունելի կլինի թե Սարգսյանի եւ թե Ծառուկյանի համար:



Ահա եւ ամեն ինչի մասին խոսեցինք, բացառությամբ հիմնականի: Չպետք է մոռանալ, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի է: Կփորձի՞, արդյոք, որեւէ ընդդիմադիր ուժ թեկնածու առաջադրել Աբովյանում: Այլապես հասարակությունը մտածում է, որ Աբովյանը Գագիկ Ծառուկյանի պապենական կալվածքն է եւ, ինչպես մյուս կալվածքները, հարկ է վճարում նախագահին: Չկա, չէ՞, այդպիսի բան, հարգելի ընդդիմադիրներ: Ապացուցեք հակառակը՝ այն, որ մենք կատարելագործված տեղական ինքնակառավարում ունեցող ժողովրդավարական երկիր ենք:



Իսկ մեր ընդդիմադիրներին դրա համար շատ բան պետք չէ՝ ընդամենը գնալ Աբովյան եւ խոսել աբովյանցիների հետ: Եթե չեն կարող միայնակ, ապա կարելի է փորձել միասնական թեկնածուի տարբերակը: Սա էլ նախագահի ընտրություն չէ, որ չկարողանան միավորվել: