Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը դասախոսել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար

Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը դասախոսել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աշխատակիցների համար կազմակերպում է դասախոսությունների շարք՝ Հայոց ցեղասպանության, հայկական ինքնության, հայության անցած պատմական ճանապարհի եւ զարգացման հեռանկարներին առնչվող թեմաներով:
Թեմաները ներկայացնելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալում է հայտնի պատմաբանների, քաղաքագետների եւ վերլուծաբանների:



Ցեղասպանության պատճառների ու հետեւանքների, ինչպես նաեւ դրանց հաղթահարման հնարավորությունների մասին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների հետ զրուցեց հայտնի պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: Դասախոսության ու դրան հետեւած քննարկման ընթացքում արծարծվեցին նաեւ հայոց էթնիկ հոգեբանության վրա ցեղասպանության թողած ազդեցությանը, Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակին ու հեռանկարներին, հայ քաղաքական մտքի անցյալին ու ներկային վերաբերող հարցեր:



1992-1994թթ. Արմեն Այվազյանն աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդակցությունում ՀՀ պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա): Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին: 1994-ից զբաղվում է գիտական եւ հասարակական գործունեությամբ: Ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի եւ Ստանֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում: Արմեն Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում եւ Սփյուռքի համայնքային կենտրոններում: Արմեն Այվազյանը մի շարք մենագրությունների եւ բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է:



Հանդիպման ընթացքում պատմաբան-քաղաքագետը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգային խնդիրների վերաբերյալ իր տեսակետները, խոսել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի առանձնահատկությունների, թուրք-ադրբեջանական գործակցության, դրանց համարժեք քաղաքական գնահատական տալու եւ ազգովին ու պետականորեն դիմագրավելու անհրաժեշտության մասին:
«Ցեղասպանությունը ոչ միայն հայերի՝ որպես Հայկական լեռնաշխարհի բնիկ էթնոսի ֆիզիկական բնաջնջումն էր, այլեւ Հայաստանի ոչնչացումը, մի երկրի, որն ուներ անկախ պետականություն վերահաստատելու ժողովրդագրական, գաղափարական, քաղաքական եւ մշակութային բոլոր կարողություններն ու հնարավորությունները: Վերջին հաշվով, հայերի ցեղասպանությունն ուղղված էր Հայաստանի պետության վերականգնման հավանականության դեմ: Ցեղասպանությունն իրականացվեց փուլ առ փուլ՝ 1893-1923 թթ. ժամանակահատվածում, հիմնականում բնաջնջման, արտաքսման եւ թուրքացման եղանակներով»,- նշել է Արմեն Այվազյանը: «Այդ առումով 1915թ.-ն խորհրդանշական տարեթիվ է: Ցեղասպանության հետեւանքների հնարավորին չափով նվազեցումը պետք է սկսվի հասարակական եւ ռազմավարական գիտակցության մեջ առկա բացերի վերհանմամբ ու շտկմամբ, ազգային ինքնագիտակցության բարձրացմամբ՝ հատկապես երիտասարդ սերնդի շրջանում: Այս հարցում առանցքային է պետության դերը, որպես ազգային իղձերի իրականացման հիմնական գործիք»,- ավելացրել է Արմեն Այվազյանը:



«ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է իր աշխատակիցների շրջանում համահայկական նշանակության կարեւորագույն հարցերի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումը՝ ոլորտի մասնագետների հետ հանդիպումների եւ քննարկումների միջոցով: Մենք նախեւառաջ քաղաքացիներ ենք, հասարակության անդամներ, ովքեր անտարբեր չեն պատմության եւ պետականության հիմնախնդիրների հանդեպ, ունենք տարբեր դիրքորոշումներ լսելու եւ սեփական դիրքորոշում ձեւավորելու կարիք: Այս հարցում մենք ակնկալում ենք մեր գիտնականների աջակցությունը, որոնց միջոցով ցանկանում ենք ստանալ պատասխաններ մեր անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ: Ուրախ ենք նաեւ, որ ամեն մի հանդիպումից հետո մեր ընկերության գրադարանը համալրվում է արժեքավոր աշխատություններով»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: