Հայաստան ժամանած հյուրերը մատնված են բախտի քմահաճույքին

Հայաստան ժամանած հյուրերը մատնված են բախտի քմահաճույքին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը եւ ԱԳՆ-ն արտերկրից Հայաստան ժամանած հյուրերին թողել են բախտի քմահաճույքին: Պատկան մարմիններն ու արարողակարգային խումբը միայն փառքով-շնորհքով գնում դիմավորում են մեր երկրի պաշտոնական հրավերն ընդունած օտարերկրացիներին, բերում-տեղավորում հյուրանոցներում, հետո ընդհատակ անցնում՝ հյուրերին թողնելով լիակատար միայնության ու պաշտոնական երկու-երեք միջոցառումների մասին իրազեկող ուղեցույցի հետ: Պատկան մարմինների անտեղյակությունը նույնպես վկայում է այն մասին, որ մեր հյուրերը Հայաստանից առանձնապես վառ հիշողություններ չեն տանելու:



Երեկ ողջ օրը ԱԳՆ-ից ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից չկարողացան մեզ տեղեկացնել, թե բացի պաշտոնական երեք միջոցառումներից հյուրերի ազատ ժամանակն ինչպես են պատրաստվում լցնել, նախատեսվո՞ւմ են արդյոք այցեր Հայաստանի տեսարժան վայրեր եւ այլն: ԱԳՆ-ից ասում էին, որ այդ հարցերով զբաղվում են հանձնաժողովում, իսկ այնտեղից էլ ուղարկում էին ԱԳՆ: Ողջ օրն իրար վրա գցելով՝ երկու տեղից էլ չկարողացան անգամ պատասխանել, թե պաշտոնական քանի պատվիրակություն է ժամանելու Հայաստան:



Ի դեպ, որոշ տեղեկություններով, երեկվա դրությամբ Հայաստան էր ժամանել հրավիրյալների կեսը, որոշ տեղեկություններով, ընդհանուր թվով մոտ 60-80 պատվիրակություն է գալու: Ինչեւէ, փաստն այն է, որ օտարերկրյա հյուրերն այս կարճ օրերի ընթացքում արդեն հասցրել են իրենց դժգոհությունները հայտնել հայաստանյան միջոցառումների վատ կազմակերպման մասին:



Մեր տեղեկություններով, ոչ նախանձելի իրավիճակում են հայտնվել նաեւ Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ներկայացուցիչները, որոնք մեկշաբաթյա այցով Հայաստան են եկել երկուշաբթի օրը: Արարողակարգի վարչության հետ նրանց դիմավորել է Հայաստանի հայ-շվեյցարական բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, նրանց տեղավորել են Սարյան փողոցի «Ռոյալ պլազա» ոչ բարձրակարգ հյուրանոցում, մոտ մեկուկես օր շվեյցարացի պատգամավորները չեն իմացել, թե ինչ պետք է անեն: Նրանք տեղեկացել են, որ ընդամենը պաշտոնական երեք միջոցառման են հրավիրված՝ երեկվանից մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ ֆորումին, որտեղ իրենց ելույթը նախատեսված է այսօր, ինչպես նաեւ այսօր Էջմիածնում սպասվող Սրբադասման արարողությանը եւ բուն 24-ի արարողակարգին:



Մեզ հաջողվեց զրուցել խմբի հայազգի քարտուղար Սարգիս Շահինյանի հետ: «Այո, չեմ ժխտում»,- անկեղծ գտնվեց Շահինյանը եւ հաստատեց միջոցառման վատ կազմակերպվածության մասին տեղեկությունները: «Միշտ կարելի է ավելի լավն անել, ինչ խոսք, շատ դեպքերում այս կազմակերպչական հարցերը թույլ են, բայց ես զգում եմ, որ փոքր Հայաստանի համար տեղի ունեցող թռիչքը գուցե պետք եղած ժամանակին չի ակնկալվել, ոնց որ ինքը պետք է լիներ: Եթե հաշվի առնենք, որ 40-ից ավելի խորհրդարանական պատվիրակություններ են գալու, նախագահներ են գալու, տարբեր բաներ պետք է անեին, տարբեր հնարավորություններ սկսեին: Օրինակ, ինձ համար ամենացավոտ մասն այն է, որ խորհրդարանականները չպիտի կարողանան իրար հետ կիսվելու, նույն հյուրանոցների մեջ լինեն, որպեսզի կարողանան անձնական հարաբերություններ զարգացնեն»:



Մեր զրուցակիցը խոստովանեց, որ իրենք ստիպված են եղել «անձնական ծրագիր» մշակել. «Ոմանք առաջին անգամ են Հայաստան հաճախում, դրա համար հնարավորություններ փնտրեցինք, որպեսզի Հայաստանին ծանոթացնենք թե մշակութային, թե խոհանոցային-մշակութային, թե պատմական վայրերին: Մինչեւ շաբաթ օրն այդ ծրագրի շրջանակում այցեր ունենք Սանահին, Դիլիջան, Սեւան, Խոր Վիրապ»:



Այս պատվիրակության անդամների բախտը բերել է, քանի որ նրանց կազմում ազգությամբ հայ կա, լեզվական եւ տեղանքում կողմնորոշվելու խնդիր չի առաջանա, մինչդեռ պատկան մարմինները կարող էին թարգմանիչներ կցել պատվիրակություններին: «Ճիշտ է, ես, լինելով հայ եւ ճարտարապետ եւ ճանաչելով Հայաստանը, կարողանում եմ, իմանում եմ, թե մարդկանց ուր պետք է տանել, ինչ պետք է անել, բայց ուրիշ շատ հյուրեր նման հնարավորություն չունեն, ես չգիտեմ իրենց վիճակն ինչպես է լինելու»,- հուսահատ եզրափակեց պարոն Շահինյանը: