Բարեւ, ապրիլի 25

Բարեւ, ապրիլի  25

Ցեղասպանության ժխտման Թուրքիայի «փաստարկներից» է, որ պատերազմի սկզբից «հայերն ռուսական բանակի կազմում զինված խմբավորումներ են ստեղծել, դրանց միացել են նաեւ օսմանահպատակ հայեր, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի կառավարությունը մերձճակատային շրջաններից տեղահանի հայ բնակչությանը»:
Գալիբոլիի «հիշատակման արարողություններին» Իլհամ Ալիեւի մասնակցության առթիվ ադրբեջանական մամուլում հետաքրքրական մասնրամասնություններ են հրապարակվել: Ըստ այդմ, «արձագանքելով սուլթանի՝ բոլոր մուսուլմանների Խալիֆի, սրբազան պատերազմի կոչին, բազմահազար ադրբեջանցիներ միացել են թուրքական բանակին եւ նրա շարքերում մարտնչել Թուրքիայի թշնամիների դեմ»,- այդպես է ձեւակերպված, մասնավորապես, day.az- ի մեկնաբանի կողմից:



Վերջինիս տվյալներով, միայն Գալիբոլիի ճակատամարտին մասնակացել է 5000 թուրք-ադրբեջանցի: Նրանցից շատերը զոհվել են, պահպանվում են անգամ տապանաքարեր: Թե ռուս-թուրքական ճակատում քանի՞ ադրբեջանցի է կռվել օսմանյան դրոշի տակ՝ մնում է միայն ենթադրել:
1914թ.-ին ներկայիս Ադրբեջանի տարածքը Ռուսական կայսրության մաս էր, ադրբեջանցիները՝ ռուսահպատակ: Եւ նրանց պարտքն էր կռվել հանուն Ռուսաստանի: Իրականում, ինչպես ադրբեջանցիներն իրենք են խոստովանում, նրանց նախնիներն արձագանքել են սուլթանի կոչին, զինվորագրվել Ռուսաստանի դեմ «սրբազան պատերազմին»:
Դա Ռուսաստանից գաղտնի մնալ չէր կարող: Եւ, սակայն, ցարական իշխանությունները Բաքվի կամ Ելիզավետպոլի նահանգի թուրք-ադրբեջանցի բնակչությանը Սիբիր տարհանելու որոշում չեն ընդունել: Թեեւ կար վտանգ, որ Կովկասյան ճակատում թուրքական բանակի առաջխաղացման պարագայում ռուսահպատակ թրքախոս բնակչությունը կապստամբի:



Պատմությունն, իհարկե, «մեռյալ նյութ» է : Եւ, այդուհանդերձ, Գալիբոլիի արարողություններն ունեին Անտանտի երկրների դեմ փառավոր հաղթանակի ենթատեքստ: Իլհամ Ալիեւի ներկայությունն արդյոք խորհրդանշու՞մ էր դրանում Ադրբեջանի ներդրումը:
Ապրիլի 25-ին նա Բաքվում ընդունել է նախօրեին Ծիծեռնակաբերդ այցելած՝ Ֆրանսիայի նախագահին: Կողմերը Բաքվում Ֆրանսիական համալսրան հիմնելու համաձայնագիր են ստորագրել: Ինչպես նաեւ՝ քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, Պուտինի երեւանյան ներկայության առթիվ Թուրքիայի ԱԳՆ արձագանքին անդրադառնալով, վստահություն է հայտնել, որ Անկարայի հետ հարաբերություները Մոսկվայի համար «շատ թանկ են եւ չեն տուժի»:
- Բարեւ, ապրիլի 25:- Աշխարհում ոչինչ չի փոխվել: