Սևանցիներին ոչ թե կինո է պետք, այլ եկեղեցի

Սևանցիներին ոչ թե կինո է պետք, այլ եկեղեցի

Սևանի եկեղեցին, որը կառուցվել է նախկին կինոթատրոնի տեղում, պետք է բացվեր մայիսի 15-ին։ Սակայն քաղաքային իշխանությունները հետաձգել են ժամկետը։ Մեր տեղեկություներով, պատճառները երկուսն են։ Նախ, եկեղեցու բարեկարգման աշխատանքները ժամանակին չեն ավարտվել։ Երկրորդն էլ, դեռ ավարտված չի եկեղեցի տանող գլխավոր ճանապարհի՝ Նաիրյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը այլ պատճառ նշեց։ Ըստ նրա, եկեղեցու բացումը հարմարեցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ «Քննարկում էր գնում շինարարների հետ, թե երբ կարող ենք բացել եկեղեցին։ Եկանք հասանք նրան, որ մայիսի 15-ին ավարտում են։ Բայց կաթողիկոսը շրջագայության է լինելու այդ ժամանակ։ Կաթողիկոսին հարմար է մայիսի 31-ը, և որոշեցինք բացումն այդ օրը անել», - պարզաբանեց քաղաքապետը։ Հնարավո՞ր է, որ Նաիրյան փողոցի անավարտ ասֆալտապատումն է պատճառը։ «Լավ կլիներ, որ դա էլ ավարտեինք, բայց ոչ, դա կապ չունի եկեղեցու բացման հետ»։ Եկեղեցու ճարտարապետը Աշոտ Մանասյան է, իսկ թե ինչպես է կոչվելու նոր եկեղեցին, առայժմ հայտնի չէ։ «Դեռ չի որոշվել», - ասաց Ռուդիկ Ղուկասյանը։ Նա հիշեցրեց, որ կինոյի շենքը, որի տեղում կառուցվել է եկեղեցին, ավերակի էր վերածված և կինոդիտումներ այնտեղ չէին լինում։ Ահա ինչու քաղաքային իշխանություները որոշել են, որ Սևանի բնակիչներին ոչ թե կինո է պետք, այլ եկեղեցի։ Իսկ մենք հիշեցնենք, որ սևանցիների վաղեմի երազանքն էր եկեղեցի ունենալը։ Դրա շինարարությունը ընդհատվել էր 2010 թվականին, իսկ 2014 թվականին այն վերսկսվեց։