Խնայողության բանաձեւ

Խնայողության բանաձեւ

Չարենցավանից խմբագրություն եկած մեր լավ ընթերցողը մտահոգ է երկրի վիճակով: Նա փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչ է՝ խանութ ունի, բայց համեստ ու հայրենասեր մարդ է: Նստել՝ մտածել-մտածել է ու մի քանի «լուծումներ» է գտել, որը կօգնի բյուջեից փող խնայել եւ մեր հազար պակաս-պռատ ունեցող երկրի հոգսերը հոգալ: Այդ լուծումներից մեկը, օրինակ, այն է, որ կարելի է կառավարությանն սպասարկող մեքենաների վառելիքը՝ բենզինը, փոխարինել գազով: Նա անգամ հաշվարկ է արել, թե ինչքան փող կարելի է խնայել այդ եղանակով: Եվ առաջարկում է իր դիտարկումներն ու հաշվարկներն ուղարկել վարչապետին: Ես լսում եմ նրան ու մտածում՝ միամիտ մարդ: Մեր իշխանությունը ոչ միայն խնայողության մասին չի մտածում, այլեւ այնպիսի ծախսեր է անում, որ ամենաբարեկեցիկ երկրներում անգամ զգուշությամբ են անում: Ասենք, հենց երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի համար 5 նոփ-նոր մեքենա են ձեռք բերել՝ «Nissan Sentra» մակնիշի:



Դրանք սպասարկելու են ԱԺ հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարներին: Իսկ նախօրեին քաղաքական գործիչներից մեկը թվարկում էր, թե որ երկրների խորհրդարանները քանի պատգամավոր ունեն: Հայաստանից շատ ավելի մեծաթիվ բնակչություն ունեցող երկրներ կան, որտեղ պառլամենտը կազմված է 60-70 պատգամավորից: Իսկ մենք՝ հազար ու մի դժվարություն ունեցող, սուղ բյուջեով մեր երկրում 131 պատգամավոր ենք պահում, դրանից բխող բոլոր ֆինանսական հետեւանքներով: Էլ չենք խոսում ԼՂՀ պառլամենտի ու կառավարության մասին: Մի բան պարզ է՝ եթե սկսենք հաշվել, թե որտեղ, ինչքան գումար է շռայլում մեր կառավարությունը, կպարզվի, որ մենք աղքատ ենք մեր անտնտեսվարության, որոշ անձանց ագահության, երկրի ու հասարակության նկատմամբ թքողական վերաբերմունքի պատճառով: