Էլեկտրաէներգիան չի թանկանա. շարքային լրագրող

Էլեկտրաէներգիան չի թանկանա. շարքային լրագրող

Երևանի փողոցներում պետք է միշտ մարդ լինի: Բացօթյա համերգների տեսքով, ցույցերի, ակցիաների, թե մի այլ, բայց պետք է մի բան շաժվի քաղաքում: Այլապես իշխանության և կառավարության դնջությունը շատ ավելի ցայտուն կդառնա, պարապ-սարապ ֆռֆռալը` ավելի ակնառու:



Այսօր մեր իշխանությունները և կառավարությունը ոչինչ չունեն անելու: Սխալ չհասկանաք: Այն, ինչ պետք է անել երկիրն այս հիմար վիճակից հանելու համար, պարզապես իրենց ուսերով չէ արդեն: Ճիշտ ջրի, ջաղացի ու չախչախի պատմությունն է` ջուրը ջաղացը քշել է, իրենք չախչախը ման գան, որ ի՞նչ անեն: Մյուս կողմից էլ սիրուն չի դժգոհ հանրության առաջ պարապ-սարապ ֆռֆռալը: Ահա և իրենց համար բզբզալու գործ են գտնում:



Տեսնես ո՞ւմ մտահղացումն էր էլեկտրաէներգիայի նոր թանկացումը: Վստահաբար` իշխանական քաղտեխնոլոգների: Բա ի՞նչ: Միայն նաիրիտցիների բողոքով Երևանի փողոցները չես լցնի: Հերթական շարժումն է պետք սկսել, որովհետև Քիմ Քարդաշյանը գնաց, Սերժ Թանկյանը գնաց, և ուրիշ ռեսուրս չկա մարդկանց փողոց հանելու, տպավորություն ստեղծելու, որ իշխանությունները գործ են անում, փորձում են հարց լուծել: Ի դեպ, տրանսպորտի թանկացումն էլ «զապաս» են պահել, որ եթե էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումը մեծ չլինի, նորից առաջ բերեն ու մասովկաների պակաս փողոցներում չլինի:



Ես էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման մասնակիցներին և փրկվելու նպատակով նրանց միացող քաղաքական ուժերին կոչ եմ անում` հանգստանալ, որովհետև թանկացում չի լինելու: Իշխանություններին պարզապես պետք է, որ դուք փողոցում լինեք, այսքան բան:



Հիմա կբացատրեմ, թե ինչու եմ այդպես մտածում:



Եթե մի փոքրիկ մոնիթորինգ անենք ուրբաթ, էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով Ազատության հրապարակում տեղի ունեցած քննարկման և դրան հետևած երթի մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը, ապա կտեսնենք, որ իշխանական թերթերն ու կայքերը մի քանի անգամ ավելի մանրամասն են անդրադարձել այդ «նոր շարժմանը», քան ոչ իշխանականները և ընդդիմադիրները: Նույնիսկ հասարակական ակտիվիստ (չգիտեմ պաշտո՞ն է, թե՞ կոչում) Կիվիրյանի հետ հարցազրույցներ հրապարակեցին իշխանական կայքերը, ինչից ուղղակի շվարեցինք: Այդ օրը Ազատության հրապարակում հայտնված ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ դարձել էին իշխանական լրատվամիջոցների աստղերը: ««Ոչ թալանին» կարգախոսով ցուցարարները երթ արեցին Երևանի փողոցներով և միացան Հանրապետության հրապարակում նստացույց անող նաիրիտցիներին»,- փրփրակալած գրել են իշխանական կայքերը, ասես` կարգախոսը վերաբերում է Ալիևին:



Ի՞նչ կարող է հետևել այս ամենին: Մի երկու անգամ էլ որ խոսեցնեն ՀԷՑ-ի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներին, ավելի գրգռեն մարդկանց, կհասնեն իրենց նպատակին` ցույցեր կառավարության առաջ, ԱԺ ճաղերից կախված մարդիկ և այլն: Իրենք էլ մեկ-մեկ կիջնեն ժողովրդի մեջ ու խոստումներ կտան, թե աշխատում են, չարչարվում են, որ մի բան անեն` էդ անտեր հոսանքը չթանկանա:



Բայց եթե մարդիկ շատ են ուզում լինել շարժման մեջ, թող լինեն: Մենք նրանց արգելք չենք կարող հանդիսանալ: Պարզապես այդ մարդիկ երբևէ պետք է հասկանան, որ Հայաստանում ձիու և հեծյալի տեղերը փոխված են: Ճիշտն այն է, որ հեծյալի դերում հասարակությունը լինի, որ ինքը շահագործի քաղաքական ուժերին, պետական պաշտոնյաներին, իշխանություններին: Մինչդեռ մեզ մոտ հակառակ երևույթն է նկատվւմ` բոլորը ելել են հասարակության շալակը: Քաղաքական ուժեր կան, որ պատրաստ են այսպիսի շարժումները օգտագործել ջրի երեսին մնալու համար, իշխանություններն էլ իրենց հերթին են դա անում` ցույց տալու համար, թե ժողովրդի մատից փուշ հանելով են զբաղված:



Ի՞նչ անել, որ էլեկտրաէներգիան չթանկանա: Ոչինչ էլ պետք չէ անել: Ես խոստանում եմ, որ այն չի թանկանա, քամի են անում:



Ի՞նչ, ես ով եմ, որ խոստանա՞մ:



Վայ ձեր տունը շինվի: Հապա մի նայեք, թե իշխանական լրատվամիջոցներում իշխանության ներկայացուցիչները, Շարմազանովից սկսած, ինչպես են քննադատում այս նոր ու անհեթեթ թանկացումը: Տպավորությունն այնպեիսին է, ասես հիմա փողոց դուրս կգան ՀԷՑ-ի դեմ: Բայց դրա համար պետք է, որ իրենց երազած շարժումը սկսվի…