ՀԷՑ անիվը թափ է հավաքում

ՀԷՑ անիվը թափ է հավաքում

Ես զարմանում եմ, որ ՀԷՑ-ի ղեկավարները, ովքեր հայց են ներկայացրել էլեկտրաէներգիան թանկացնելու մասին, դեռ ազատության մեջ են: Եթե ՀՀ իշխանությունները պետական մտածողություն ցուցաբերեին, ապա նախ կձերբակալեին նրանց, կալանք կդնեին ողջ ունեցվածքի վրա եւ հետո միայն ձեռնամուխ կլինեին ՀԷՑ-ի կուտակած պարտքերի ուսումնասիրությանը` ինչո՞ւ առաջացան այդ պարտքերը, ո՞ւր կորան միլիոնավոր դոլարների վարկերը: Այո, ՀԷՑ-ին պետք էր դնել պատասխանողի վիճակում եւ ոչ թե մի բան էլ լսել նրա մուննաթները, թե՝ այսպես ու այսպես, տակ եմ տվել, էլեկտրաէներգիան թանկացրեք, որ տակից դուրս գամ: Իսկ գուցե ՀԷՑ-ի՝ վնասով աշխատե՞լը չէ այս ամենի պատճառը:



ՀԷՑ-ի պատասխանատուները, վստահ ենք, ՀԷՑ-ի համար այս նեղ օրերին էլ «Լեքսուսներով» են ման գալիս, իսկ իրենց աշխատավարձերն էլ մեկ դրամով անգամ չեն կրճատել: Այդ կապակցությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, որ եթե ոմանք ցանկանում են «Լեքսուս»-ով երթեւեկել, թող սեփական փողերով անեն, այլ ոչ թե հայ սպառողների հաշվին: Այստեղ արդեն մեր դատախազի միտքը պետք է աշխատեր եւ «լեքսուսատերերին» ի մի բերելուց հետո հարցներ` էս «Լեքսուսները» որտեղի՞ց:



Բայց ո՞վ է տերը: Էներգետիկայի նախարարն ու գլխավոր դատախազը հասցրել են հայտարարել, որ ՀԷՑ գործունեությունում գողության կամ էլ կողոպուտի նշաններ չկան, հետեւաբար, հոսանքի թանկացման հայտի մերժման առիթ չեն տեսնում: Բա եղա՞վ, պարոն դատախազ, «Լեքսուսն» օդի՞ց է ընկնում, թե՞ ծառերի վրա է աճում: Բնականաբար` «Լեքսուսը» հէցատերերի վատ աշխատանքի միակ հանցանշանը չէ: Հասկանում եք երեւի` այնտեղ առանձնատներ, ամառանոցներ, միլիոնանոց աշխատավարձեր, սիրուհիներ… շատ չմանրամասնենք:



Էն խեղճ Արշակ Սադոյանը, չի էլ ալարել, կարդացել է ՀԷՑ-ի երկար-բարակ բացատրություններն ու, քիչ ջղայնացած էր, ավելի է ջղայնացել: Ծանոթ եք, չէ՞, Արշակ Սադոյանի զայրույթին: «Արմենթելի» պատմությունը հիշո՞ւմ եք: Արշակ Սադոյանին, ուրեմն, պետք է ուղղորդել դեպի ՀԷՑ, այլապես նա Ռոբերտ Նազարյանի հրաժարականն է պահանջում: Ի՞նչ անի, ախր, Ռոբերտ Նազարյանը, եթե գլխավոր դատախազն ասում է` կողոպուտի ու թալանի նշաններ չկան, հետեւաբար` թանկացման հայցը հիմնավոր է:
Վերջերս կրպակատերերից պահանջում էին ցույց տալ, թե որքանով են գնել տվյալ ապրանքը եւ որքանով են վաճառում: Սա արվում էր, ամենայն հավանականությամբ, կրպակատիրոջ շահույթը տեսնելու համար` հո նա կամայական գներ չի՞ դնում, հո գերշահույթ չի՞ ստանում: Եկեք մի հատ հասկանանք, թե այդ ի՞նչ է տեղի ունենում, որ ՀԷՑ-ի` 8 դրամով գնված էլեկտրաէներգիան հասնում է մեզ 32 դրամով, իսկ դրանից հետո էլ ՀԷՑ-ն այսպես արտասվում է, թե տակ է տվել: Եթե որեւէ կրպակատեր ապրանքի մեջ մեկին չորս գին մտնի, նրա վրա շուկայում կծիծաղեն: ՀԷՑ-ը մտել է մեկին չորս, բայց ուզում է մեկին վեց մտնել: Էներգետիկայի նախարարն ու գլխավոր դատախազն այս աննորմալությանն ասում են` նորմալ է: Ռոբերտ Նազարյանը, տեսնելով, որ նրանք այդպես են ասում, բավարարում է հայցը, իսկ Արշակ Սադոյանն էլ, որի ուժն ուրիշին չի պատում, պահանջում է Ռոբերտ Նազարյանի հրաժարականը:



Հիմա գլխավոր հարցը: Ինչո՞ւ հանկարծ «լեքսուսավորված» ՀԷՑ-ը որոշեց թանկացնել հոսանքը: Բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ մեկն իր վերջին փողերով «Լեքսուս» չի առնում: Հետեւաբար, այս թանկացումը կապված չէ այն բանի հետ, որ ՀԷՑ-ում սկսել էին կարկատած շալվար հագնել: Ուրեմն պետք է հանրությանը պարզ ասել ամեն ինչ, որովհետեւ ՀԷՑ-ի մենաշնորհային դիրքը պարզապես չի կարող թույլ տալ, որ այն վնասով աշխատի:



Իսկ այս ամենը քաղաքական խաղ չէ՞: Նկատի ունենք` Ամերիկա-Ռուսաստան քաղաքական խաղերը, որոնք սկիզբ առան Որոտանի հիդրոկասկադն ամերիկյան ընկերությանը հանձնելուց հետո: Այս ընկերությունը, կարծես, ցանկություն էր հայտնել գնել Ցանցերը, ինչի արդյունքում, որպես միջնորդ կազմակերպություն ՀԷՑ-ի վերացումից հետո, կէժանանար նաեւ էլեկտրաէներգիան: Եվ, ահա, չի բացառվում, որ ամերիկյան ընկերությանը դեմ են տալիս ՀԷՑ-ը` որպես սնանկ ու բազմամիլիոնանոց պարտքերով մի ընկերություն, որը գնելն ուղղակի արկածախնդրություն կլինի: Ու քանի դեռ ամերիկացիները կհրաժարվեն գնել սնանկության եզրին հայտնված «լեքսուսավոր» ՀԷՑ-ը, վերջինս կարող է ամեն օր վազել Ռոբերտ Նազարյանի մոտ ու «պահանջել»` թանկացրու: