Մտորումներ «Նախագահական-սալոն-2018»-ի շուրջ

Մտորումներ «Նախագահական-սալոն-2018»-ի շուրջ

Ղարաբաղի նախագահաշինական գործարանի արտադրանքը լայն պահանջարկ ունի ոչ միայն Ղարաբաղում, այլեւ դրա սահմաններից դուրս` Հայաստանում: Դա պայմանավորված է արտադրանքի ոչ այնքան որակով (ղարաբաղցիները հակառակ տեսակետն ունեն), որքան գործարանի տված երաշխիքային ժամկետով`10 տարի: Ոչ բնակլիմայական պայմանները, ոչ հասարակական ներգործությունները եւ ոչ էլ նույնիսկ աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժերն այդ գործարանի` «Made in Nagorno-Gharabagh» հպարտ գրությունը կրող արտադրանմուշների վրա չեն ազդում: Ընդ որում, արտադրանքը նույն երաշխիքային ժամկետն ունի ինչպես Ղարաբաղում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Չմոռանանք ասել նաեւ, որ այն հետ չի վերցվում, չի փոխանակվում եւ վերանորոգման էլ ենթակա չէ:



Նոր անկախության արշալույսին նախագահաշինության առաջին փորձերն արվեցին նաեւ Հայաստանում, բայց դրանք երկար չտեւեցին: «President-LTP» կոնցեպտը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 1991-ին, հազիվ յոթ տարի ձգեց, որից 2-3 տարին անընդհատ փչանում էր եւ կանգնում «ռեմոնտի»:



2008 թվականին Հայաստանում փորձ արվեց վերականգնել նախագահաշինության տասնամյա վաղեմության ավանդույթները, սակայն, ապարդյուն: Ներկրված նոր նախագահը, որ նախորդի «ռեսթայլինգ»-ն էր, հաջողությամբ ծառայում է Հայաստանին ու Սփյուռքին արդեն 7 տարի: Շշուկներ կան նույնիսկ, որ նա մտադիր չէ սահմանափակվել երաշխիքային ժամկետով, թեեւ հայտնի է, որ Ղարաբաղի նախագահաշինական գործարանի ղեկավարությունը ցանկանում է Հայաստան-2018 «Նախագահական-սալոն»-ում ներկայանալ նոր արտադրանքով, որը, ինչպես պնդում են լրագրողները, կլինի իր նախորդների (այդ թվում եւ հայաստանյան նախատիպի) մի յուրահատուկ ռեսթայլինգ: Նրա մեջ մեկտեղված կլինեն գրքերի հանդեպ սերը, պատերազմական իրավիճակով պայմանավորված «սալդաֆոնությունը», եւ, իհարկե, երկու աթոռի վրա նստելու ունակությունը, եթե 2018 թվականից հետո էլ Հայաստանից պահանջվի այդպիսի քաղաքականություն վարել:



Ղարաբաղի նախագահաշինական գործարանի արտադրանքից բողոքողներ, ինչ խոսք, Հայաստանում կան: Բայց այն, ինչ կատարվեց 2013 թվականին, եւս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանը դեռ երկար ժամանակ չի կարողանա իր խոսքն ասել նախագահաշինության ոլորտում եւ առաջիկա տասնամյակում նույնպես կբավարարվի արյունակից, սրտակից եւ հոգեհարազատ Ղարաբաղից նախագահ ներկրելով: Մյուս կողմից էլ, ինչպես ասում են, մենք այնքան հարուստ չենք, որ էժան ապրանք առնենք: Ավելի լավ է մի քիչ թանկ լինի, բայց մի 10 տարի ձգի, քան տեղական, որ մի գեղեցիկ օր էլ կանգնի ու հայտարարի. «Հանուն մեր կոլխոզի` չեմ քշում»: