Կոստանյանի ժեստիկուլյացիան եվ ընդդիմադիրների հարձակումները

Կոստանյանի ժեստիկուլյացիան եվ ընդդիմադիրների հարձակումները

«Մեղք են էդ միկրոֆոնները, մեղք»,- Ազգային ժողովի նիստի մեկնարկից մեկ ժամ անց իր բարձր ամբիոնից արդեն թախանձագին հառաչում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հաղորդումը 2014 թվականի գործունեության մասին այնպիսի ընթացք էր ստացել, որ ՀՀ գլխավոր դատախազը հայտնվել էր աննախանձելի վիճակում, եւ նրա աթոռին աչք ունեցողներն էլ հաստատ հետ էին կանգնել այն գրավելու մտքից։ Բոլորը հասկացել էին, որ Աղվան Հովսեփյանի գլխավոր առավելությունը երիտասարդ դատախազից հենց այն իմաստնությունն էր, որը նրան հետ էր պահում խորհրդարանի առաջ հաշվետու լինելու փորձերից։



Հայաստանի ամենապաշտպանված մարդկանցից մեկը՝ ՀՀ գլխավոր դատախազը, երեկ անպաշտպան էր պատգամավորների հարձակումների, կոպիտ որակումների, տհաճ հարցադրումների առաջ։ Եվ անգամ ՀՀԿ-ական ահել-ջահելների անձնազոհությունը նրան չէր փրկում։ Եվ ինչպե՞ս կփրկեր, եթե Զարուհի Փոստանջյանը մի քանի անգամ ձայնի իրավունք վերցրեց եւ Կոստանյանին հորդորեց ընթացք տալ իր հայցին՝ ընդդեմ գլխավոր դատախազի, այլապես ՄԻԵԴ-ը հերթական վճիռը կկայացնի ընդդեմ Հայաստանի, ու պետությունն «ապաշնորհ» դատախազի փոխարեն ստիպված կլինի հարկատուների գրպանից վճարել։



«Տպավորություն է, որ Դուք Ձեզ հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում, պարոն Կոստանյան, սա գլխավոր դատախազ նշանակող մարմին է, եկել է, մատը սենց է անում, նենց է անում, որ գնում եք Սերժ Սարգսյանի մոտ, այդպե՞ս եք զեկուցում, մի հատ Ձեզ կարգի բերեք, ընդհանրապես, Ձեր ցուցամատը Ձեզ պահեք»,- ափերից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանն ու խորհուրդ տվեց Կոստանյանին իրեն կոռեկտ պահել, հակառակ դեպքում ամեն անգամ ԱԺ գալիս նա հոգեբանի կարիք կունենա: Հետո նա անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին: Մարզպետի «ընտանեկան փաստաբան» Կոստանյանին նա հիշեցրեց Խաչատրյանի որդու «Բրաբուսի» պատմությունը, երբ Մաշտոցի պողոտայի մայթերով երթեւեկելիս ոստիկանները մի օր որոշել էին հերոսանալ ու տանել տուգանային հրապարակ: ««Բրաբուսը» հանգիստ թողեք, ի՞նչ է արել, հո չի՞ կերել ձեր մայթերը, մայթի վրա քշել է, այնպիսի աղմուկ եք դրել, որ»,- հայտարարեց Ն. Փաշինյանը՝ կոչ անելով մարզպետի ու նրա որդու այլ հանցագործությունները բացահայտել։



Նմանատիպ ելույթներից «դուխ» առան անգամ ԲՀԿ-ականները եւ թեթեւ անցան Կոստանյանի «վրայով»։ Ընդդիմադիրների ելույթներին հակափաստարկ չգտնող գլխավոր դատախազի նյարդերն արդեն տեղի էին տալիս, երբ մարտի դաշտ նետվեցին ՀՀԿ-ականները։ Սամվել Ֆարմանյանը հարց հնչեցրեց․ «Մի՞թե մենք սպասում էինք, որ գլխավոր դատախազը պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում պետք է լուծեր համակարգային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կոռուպցիան, ընտրախախտումների ամբողջական բացառումը եւ այլն»։ Ապա դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Եթե ժեստիկուլյացիայով խոսելու վիճակագրություն երբեւէ կազմվի, Դուք առաջ կանցնեք նույնիսկ պատմության մեջ այդ հարցում առաջին տեղը գրաված Ադոլֆ Հիտլերից: Հետեւաբար, պետք է քննարկել բուն դատախազության գործունեությանն առնչվող հարցեր»։ Իսկ միջանցքում նա ուրիշ օրինակներ էլ բերեց․ «Օրինակ՝ իմ ընկեր Աղվան Վարդանյանն էլ խոսելիս աչքերի ժեստիկուլյացիայի է դիմում, ահա, Ռուբիկ Հակոբյանն էլ…»։ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն էլ ամբիոնից հայտարարեց, որ Գեւորգ Կոստանյանն իր ընկերն է, բացի այդ, պատիվ է ունեցել աշխատելու նրա հետ պետական համակարգում՝ նախագահի աշխատակազմում, եւ անձամբ գիտի նրա լավ որակների մասին ու չի սխալվել: «Եվ որպեսզի բաժակաճառի տպավորություն չթողնի իմ խոսքը, ապա ասեմ, որ ես երբեւէ չեմ դիմել պարոն Կոստանյանին որեւէ հարցով, չեմ էլ պատրաստվում դիմել, որովհետեւ դա եւ իմ սկզբունքներին է հակառակ, եւ պարոն Կոստանյանի սկզբունքներին: Իսկ Գլխավոր դատախազությունն էլ անձնական կամ խմբակային շահերն առաջ տանելու միջոց չէ»։



Իր ամփոփիչ ելույթի ժամանակ գլխավոր դատախազը հակադարձեց․ «Չեմ կարծում, որ Ձեզ հետ որեւէ կառուցողական քննարկում կարող է լինել երբեւէ, առնվազն` իմ կողմից, որովհետեւ եթե Դուք իրավագիտությունը համարում եք բառերի կույտ, ուրեմն աստղագիտությունն էլ կարող եք համարել աստղերի կույտ, իսկ մաթեմատիկան` թվերի կույտ»։ Նիկոլ Փաշինյանի ելույթն էլ համարեց անձնական ինքնադրսեւորման, իր անձի կամ նոր կուսակցության կայացման նպատակ հետապնդող: «Ես հասկանում եմ, որ իմ ժեստիկուլյացիան կարող է ձեզ մոտ բարդույթներ առաջացնել, բայց, անկեղծ ասած, ժեստիկուլյացիան դա հաղորդակցության եղանակ է, եւ իմ ժեստիկուլյացիայի ցանկացած տարր դուք կարող եք հանդիպել հռետորական արվեստի ցանկացած գիտական, անգամ` սիրողական մակարդակի հրապարակումներում: Հետեւաբար, ժեստիկուլյացիայի նկատմամբ նման հակակրանքն ինձ համար տարօրինակ է»,- ասաց նա:



Նիստից հետո մեր դիտարկմանը, թե ժեստիկուլյացիային են դիմում, երբ բառերն այնքան էլ չեն բավականացնում, եթե գլխավոր դատախազը հարցերին պատասխաներ ըստ էության, գուցե ժեստերի կարիք չունենար, Կոստանյանը զայրացավ․ «Եթե Վիկիլիքսը (Վիքիպեդիան նկատի ունի) կարդաք, կտեսնեք դրա դրսեւորման ձեւերը եւ եղանակները, եւ դա չի վերաբերում բառերը չհերիքելուն: Եթե դուք գոնե հետեւեք, կտեսնեք, որ չկա այնպիսի իրավիճակ, որ իմ բառերը չհերիքեն, եղա՞վ, աղջիկ ջան»։