Թե ինչպիսի «պոռթկումով» «վերածնվեց» Արթուր Բաղդասարյանը

Թե ինչպիսի «պոռթկումով» «վերածնվեց» Արթուր Բաղդասարյանը

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարը երկու օր առաջ հայտարարեց իրենց «վերածննդի» մասին։ Այս անգամ ՕԵԿ-ը հանդես է գալիս «Հայկական վերածնունդ հասարակական-քաղաքական միավորում» անվամբ։ Նրանք իրենց շուրջն են համախմբել 50-ից ավելի հասարակական կազմակերպությունների եւ 10 կուսակցությունների:
«Մեր նպատակն է ձեւավորելու մի հզոր շարժում, որը պետք է պայքարի մեր երկրում իսկապես հայկական վերածնունդ ապահովելու համար։ Շատ շատերը հուսահատված են երկրի ներկայի ու ապագայի հետ կապված, եւ հուսահատության դեմ պայքարելու ազգի առողջ ուժերը պետք է համախմբվեն իսկապես՝ մեր երկրում վերածնունդ ապահովելու համար։ Այս նախաձեռնությունն ուղղված չէ որեւիցե կուսակցության կամ անձի դեմ, մենք խնդիր չենք հետապնդում սեփականաշնորհել ընդդիմադիր դաշտը։ Մեր համագործակցությունը բաց է յուրաքանչյուրի համար, եւ ես կարծում եմ, որ մեր ժողովուրդն իսկապես մի նոր սկզբի կարիք ունի։ Ես դիմում եմ բոլորին, դիմում եմ նաեւ այլ քաղաքական կուսակցություններին, այլ հասարակական կազմակերպություններին, ովքեր իսկապես մտահոգ են Հայաստանում ստեղծված իրավիճակով եւ ուզում են պոռթկում կատարել դեպի ապագան, մենք բոլորս պետք է համախմբվենք»,-նշեց Բաղդասարյանը։ Ծափահարությունների ներքո բոլոր 10 կուսակցությունների եւ 50-ից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչներն ստորագրեցին նախաձեռնությանը միանալու փաստաթուղթ։ Կուսակցությունների շարքում էին «Մեր տունը Հայաստանն է», Լիբերալ ժողովրդական, «Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավար կուսակցությունները։ «Վերածննդի» արարողությունից հետո ՕԵԿ նախագահն իր համախոհների հետ մի-մի բաժակ կոնյակով շնորհավորեց եւ շտապեց հեռանալ, այդպես էլ չցանկանալով բացատրել, թե ինչպես է կազմակերպելու իր «վերածննդից» հետո նաեւ մեր երկրի վերածնունդը։ Հարցի պատասխանը փորձեցինք ճշտել ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանից։ Պրն․ Շահգելդյան, ի վերջո, քաղաքակա՞ն գործունեություն է իրականացվելու, թե՞ հասարակական, եւ ի՞նչ ճանապարհով։ «Սա լայն հասարակական եւ քաղաքական գործունեություն է, ինչպես Դուք տեսաք՝ սա միավորում է, որտեղ համատեղվել են եւ հասարակական կազմակերպությունների ներուժը, եւ քաղաքական կուսակցությունների, քաղաքական մարմինների ներուժը։ Այս տեսանկյունից համադրություն է լինելու։ Հետագա գործողությունների ծրագիրը, մեխանիզմները եւ տեխնոլոգիաները, բնականաբար, կքննարկվի կոորդինացիոն խորհրդի աշխատանքի ընթացքում»։ Քաղաքական մյուս ուժերը չանհանգստանա՞ն, որ դաշտում հայտնվել է եւս մեկը։ «Այստեղ ոչ մի հերթական կուսակցության մասին խոսք չկա։ Իհարկե, սա այն, ինչ որ Դուք ասում եք, այդպիսին չի, սա միավորում է, հավաքական կամքի արտահայտություն՝ աշխատելու, գործ անելու։ Իմ կարծիքով, Դուք հարցը ճիշտ չեք ձեւակերպում։ Հանգստանալու, անհանգստանալու խնդիր չի։ Գործ կա անելու շատ, եւ յուրաքանչյուրը գործ ունի անելու»։