Լևոն Զուրաբյանի՝ նման պահվածքով մենք իրար հետ համագործակցելու դաշտ չունենք

Լևոն Զուրաբյանի՝ նման պահվածքով մենք իրար հետ համագործակցելու դաշտ չունենք

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը՝ ներկայացված ՀՅԴ խմբակցության կողմից, երկու օր կռիվ էր գցել ընդդիմության ներկայացուցիչների միջեւ։ Բանը հասավ նրան, որ Գալուստ Սահակյանը հեգնանքով նկատեց, թե միշտ իրենց՝ իշխանությունների հետ էին կռվում, հիմա սկսել են իրար հետ կռվել։ ՀՀԿ-ն, կարծես, լուռ հետեւում էր ընդդիմության կռվին ու, հավանաբար, չարախնդում, թե «թող իրար ուտեն, դրանից շահողը մենք կլինենք»։



Նախագիծը ներկայացնող դաշնակցական Արծվիկ Մինասյանի ու ՀԱԿ, ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցությունների ղեկավարների միջեւ երկու օր շարունակ կոպիտ, վիրավորական ռեպլիկներով հագեցած երկխոսություն էր ծավալվում։ Մինասյանի «դռբի տակ» ընկան հատկապես Լեւոն Զուրաբյանն ու Հեղինե Բիշարյանը, ովքեր դժգոհ էին նրանից, որ իրենց առաջարկությունները ՀՅԴ-ն լրարժեք չի ընդունել եւ չի ներառել նախագծում, եւ սկսեցին տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել Դաշնակցության հասցեին։ Զուրաբյանը նկատեց նաեւ, որ Դաշնակցության հետ ով ճանապարհ է անցնում, վերջը լավ չի լինում։ Հետո սկսեցին երեսով տալ, թե ով ինչ ճանապարհ է անցել, ով ժամանակին ում հետ է համագործակցել, ինչպես է քվեարկել եւ այլն։ Մինասյանի քննադատությունից զերծ չմնաց նաեւ ԲՀԿ-ն, թեպետ ԲՀԿ ղեկավարին ուղղված մի քանի «Նաիրա Զոհրաբյան ջան» շռայլեց, իսկ Բիշարյանին՝ լրիվ հակառակը։



Արծվիկ Մինասյանն առաջացած խնդիրը երեկ մեզ հետ զրույցում մեկնաբանեց՝ մեղադրելով հիմնականում ՀԱԿ-ին․ «Բուն խնդիրը ՀԱԿ-ի պարագայում էդ մեծախոսությունն ու միակ ընդդիմադիրը լինելու ՀԱԿ-ի ներկայացուցչի պահվածքն էր, որովհետեւ այն, ինչ ինքը որպես մեղադրանք էր փորձում ներկայացնել, իրականությունից հեռու էր եւ կեղծ տեղեկատվություն էր սփռում։ Մասնավորապես, խոսքն այն մասին է, թե իբր իրենց առաջարկները չեն իրացվել, կամ իրենց առաջարկություններով իրենք այլ նպատակ են հետապնդում, եւ այլն, եւ այլն»։ Ըստ Մինասյանի՝ ՀԱԿ-ի 13 առաջարկություններից 8-ն իրացվել են, 5-ի վերաբերյալ էլ ասել են, որ այս նախագծում չէ, որ պետք է իրացվեն։ ՕԵԿ-ի դեպքը, սակայն, ուրիշ էր։ Նրանք ընդամենը բանավոր նշել էին․ իրենք առաջարկում են, որ ներկա կարգավորմամբ սահմանադրական բողոքարկման 7 օրը մնա նույնը, չիջնի 5 օր։ «Մենք էլ հիմնավորեցինք, թե ինչու 5 օր»։ Մինասյանը նաեւ հիշեցրեց, որ իրենց առաջարկները չիրացնելու համար ՀՅԴ-ին մեղադրող ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը 2011 թվականին դեմ են քվեարկել Ընտրական օրենսգրքում ՀՅԴ-ի ներկայացրած փոփոխությունների նախագծին, որով իրենք առաջարկում էին 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցում, ամբողջությամբ տեսանկարահանում եւ ցուցակների հրապարակում։



- ՀԱԿ-ի կողմից մեղադրանք հնչեց ձեր հասցեին, թե իշխանությունը փորձում է Դաշնակցության ձեռքով իր նախագիծն անցկացնել։



- Դա արդեն ապուշություն է։ Դա արդեն էն մակարդակի զրույց է, երբ որ ՀԱԿ-ի բազմաթիվ պահվածքների լավագույն օրինակներից մեկն է՝ «ով մեզ հետ չի, մեր թշնամին է, եւ պետք է ոչնչացնել»։



- Ձեր ելույթներում Դուք ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին սիրաշահող խոսքեր հղեցիք, իսկ մյուս՝ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հանդեպ վիրավորական տոնով արտահայտվեցիք։ Սա ինչպե՞ս հասկանանք։



- Լավ, լավ, ի՞նչ սիրաշահելու մասին է խոսքը։ Մեկն առհասարակ մեր քննարկումներին չի մասնակցում, տեղից ռեպլիկներ է բաց թողնում եւ քննադատության է ենթարկում նախագիծը՝ առանց արժեւորելու էդ նախագծով ձեռք բերված հաջողությունը, մյուսը մասնակիորեն անդրադարձավ հաջողությանը, նկատի ունեմ ԲՀԿ ղեկավարին, ով նշեց, որ որոշակի առաջընթաց կա, մինչդեռ առաջընթացն էական է եւ շատ։ Սա էր պատճառը, եւ ես անազնվության մեջ մեղադրեցի ԲՀԿ-ին էն պատճառով, որ չի կարելի աչքակապություն անել: Այսինքն՝ քննադատությունը բոլորին էր ուղղված։



- Իշխանությունները չարախնդում են ձեր այս վեճի առիթով, թերեւս նաեւ օգուտ քաղում դրանից՝ լուռ հետեւելով, թե ինչպես եք իրար հետ վիճում։



- Դրա մասին թող մտածեն ընդդիմության էն ներկայացուցիչները, ովքեր հարձակվել էին Դաշնակցության ներկայացրած նախագծի վրա։ Եթե իրենց համար հիմնական խնդիրն այն է, թե ինչու պետք է ՀՅԴ-ի նախաձեռնությունը որոշակի հաջողություն արձանագրի, իսկ իրենք մնան դուրս, էն դեպքում, երբ որ մենք առաջարկում ենք միասնական հանդես գանք, իրենք մերժում են էդ մոտեցումը։ Եվ քառյակի փորձը ցույց է տալիս, որ երբ ուժերից մեկն իրեն փորձում է ավելի վեր դասել, թե ամենաընդդիմադիրն ինքն է, միշտ էլ պրոբլեմ է առաջանում։ Իսկ վերջին դիտարկմանը, թե իբր Դաշնակցությունն ում հետ ճանապարհ է անցնում, վերջը լավ չի լինում, դա հենց ցույց է տալիս քառյակի քանդվելը․ հենց մենք էնտեղ չեղանք, քառյակը քանդվեց։



- Պարո՛ն Մինասյան, այս վեճը որեւէ հետեւանք կթողնի՞ ձեր հարաբերությունների վրա, թե՞ աշխատանքային վեճ էր՝ անցավ-գնաց։



- Ես չգիտեմ, որովհետեւ ինձ համար, համենայնդեպս, եւս մեկ անգամ ես համոզվեցի, որ Հայ ազգային կոնգրեսի այս պահվածքի եւ հատկապես Լեւոն Զուրաբյանի՝ նման պահվածքով մենք իրար հետ համագործակցելու բացարձակ դաշտ չունենք, որովհետեւ, երբ անձնավորությունը մեղադրում է չեղած բանի մեջ քաղաքական մի ուժի, նշանակում է՝ էդ մարդու հետ ճանապարհ գնալու հնարավորություն չունենք։



- Այրվեցի՞ն կամուրջները։



- Ես իմ համար փակել եմ էդ թեման, իրենց հետ որեւէ քննարկում․․․ ի՛նձ համար։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, դե, քաղաքական ուժեր են, էդ ապագայի հարց է․․․



ՀԳ. Դաշնակցության ներկայացրած նախագիծը, այդուհանդերձ, քվեարկվեց եւ ձայների մեծամասնությամբ ընդունվեց խորհրդարանի կողմից: Դեմ քվեարկողներն էին ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ը, իսկ ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց: Հետաքրքիր է «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումն այս հարցում, որը շատ խառն էր: Այս խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ձեռնպահ է քվեարկել, Զարուհի Փոստանջյանը՝ դեմ, Թեւան Պողոսյանը՝ կողմ: Նախկինում «Ժառանգությունը» ներկայացնող պատգամավորներից Ալեքսանդր Արզումանյանը եւս ձեռնպահ է քվեարկել, իսկ Խաչատուր Քոքոբելյանը չի մասնակցել քվեարկությանը: Առհասարակ, եթե ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ն ակտիվորեն քննարկման մեջ էին ու դեմ էին արտահայտվում այս նախագծին, ապա ԲՀԿ-ն ձեռնպահ էր, իսկ «Ժառանգությունը» մի կողմ քաշվածի պես էր ու գրեթե չարտահայտվեց ոչինչ, կարելի է ասել՝ դիվանագիտական պասիվություն ցուցաբերեցին:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ