Գագիկ Ծառուկյանը որ հետ կանգնեց, ինչի՞ համար՝ նկատեց, որ արյուն է թափվելու

Գագիկ Ծառուկյանը որ հետ կանգնեց, ինչի՞ համար՝ նկատեց, որ արյուն է թափվելու

Նախկին ԲՀԿ-ական, Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռուստամ Գասպարյանը նվազագույնի է հասցրել դաշինքի «տղաների» հետ իր շփումը: Պատգամավոր Գասպարյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ ինքը տեւական ժամանակ է, ինչ չի մասնակցել դաշինքի նիստերին, բայց վստահեցրեց, որ անձնական խնդիրներ է ունեցել. «Արմավիրի կառույցի իմ տղաներն են մասնակցել»: Գասպարյանի եւ դաշինքի հարաբերությունների սառեցման լուրերի համատեքստում պատգամավորը բյուջեի անցած տարվա կատարողականի քվեարկության ժամանակ անհավատալի դիրքորոշում արտահայտեց՝ «կողմ» քվեարկելով իշխանության փաստաթղթին, որի դեմ մի քանի ամիս առաջ պայքարի էր ելել:
Ո՞ւր մնաց հեղափոխական Ռուստամ Գասպարյանը, եւ ի՞նչ սպասելիքներ ունենալ Ազատամարտիկների դաշինքից․ փորձեցինք պարզել պատգամավորից:



- Պարոն Գասպարյան, ո՞ւր մնաց, ի՞նչ է անում Ազատամարտիկների դաշինքը, ճի՞շտ են լուրերը, որ Դուք սառեցրել եք դաշինքի հետ Ձեր հարաբերությունները, հետեւություններ արել վերջին իրադարձություններից:



- Դաշինքի հետ հարաբերությունները չեմ սառեցրել, բոլորն էլ իմ մարտական ընկերներն են, որոնց որ հարգում եմ, բոլորի հետ լուրջ մարտական ճանապարհ ունեմ անցած, ուղղակի այս վերջին ընթացքում անձնական գործեր, խնդիրներ ունեմ, չեմ կարողացել ներկա գտնվել դաշինքի աշխատանքներին:



- Իսկ ինչո՞վ են զբաղվում Ձեր մարտական ընկերները, ի՞նչ ծրագրեր ունեն, ամիսներ առաջ խոստանում էիք, որ իշխանափոխությունը մոտ է, բայց այդպես էլ չեկավ, ի՞նչ պլաններ ունեք այս առումով:



- Մենք ամիսներ առաջ չենք խոստացել իշխանություն փոխել, մենք միշտ ասել ենք՝ ժողովրդի կողքին ենք, իրենց պահանջը մերն է, երբ իրա պահանջը կներկայացնի իշխանություններին, մենք իրա կողքին կանգնած ենք:



- Ձեր ընկերները բազմիցս են հայտարարել, որ իշխանափոխությունը մեր պետականության փրկությունն է, ժամ առաջ պետք է հասնել դրան: Սակայն ձեր լռությունից տպավորություն է ստեղծվում, որ Գագիկ Ծառուկյանը գնաց՝ իր հետ տանելով երկրի բոլոր խնդիրները:



- Ոչ, ես համաձայն չեմ, դաշինքը միշտ էլ իր խոսքն ասում է մամուլով ու ժողովրդի կողքին է:



- Օրեր առաջ հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցեր եղան, ժողովուրդը փողոց դուրս եկավ, ո՞ւր էր դաշինքը:



- Ես ասում եմ՝ դաշինքն իր դիրքորոշումը հայտնում է, պարտադիր չէ դուրս գա փողոց, գոռա։ Համամիտ է ժողովրդի հետ, ժողովրդի կողքին է, երբ ժողովուրդը ոտքի կկանգնի, լուրջ առաջարկություններով, լուրջ խնդիրներով, դաշինքը կողքին կկանգնի: Մեր ակտիվությունն էլ Ծառուկյանով չէր պայմանավորված, դաշինքը Ծառուկյանի կողքին չէր կանգնած, այլ կանգնած էր ժողովրդի կողքին, բայց որ Ծառուկյանն էր առաջնորդում շարժումը, ինքնըստինքյան իրեն էր վերագրվում, այսինքն՝ դաշինքը եռյակի ու ժողովրդի կողքին էր։



- Դաշինքի Ձեր ընկերները բազմաթիվ անգամներ ասել են, որ կհամագործակցեն բոլոր այն ուժերի հետ, որոնց գործողությունները ժողովրդին կկարողանան դուրս բերել այս ծանր պայմաններից: Հայտնի դեպքերից հետո ամիսներ են անցել, չգտնվեց այդպիսի ուժ, երկու նոր կուսակցություն են նաեւ ձեւավորվել, դրանց մասին ի՞նչ կասեք:



- Նորից եմ կրկնում՝ որեւիցե ուժի կողքին չի կանգնել, այլ ժողովրդի կողքին։ Նիկոլ Փաշինյանն ինչ է սարքում, մյուսն ինչ է սարքում՝ դա իրանց խնդիրն ա, երբ ժողովուրդը միահամուռ ոտքի կկանգնի, դաշինքը պատրաստ է իրենց կողքին:



- Իսկ գուցե դուք առաջնորդեք:



- Մենք առաջնորդելու խնդիր չունենք, ժողովրդի կամքը մեր կամքն է... Նորից ասում ենք՝ ժողովուրդը ոտքի էր կանգնել, ըտենց անհատ, փոքր բաների, լուրջ խնդիրներ երբ որ կառաջանան՝ նոր:



- Հոսանքի թանկացումը լուրջ խնդի՞ր չէ:



- Լուրջ խնդիր է, նորից եմ կրկնում՝ դաշինքը մամուլով իր խոսքն ասում է եւ հոսանքի, եւ արտագնա աշխատողների, եւ հարկերի ու բոլոր-բոլոր հարցերի շուրջ:



- Պարոն Ռուստամյան, ակնհայտ զգուշավոր եք դարձել, ազատամարտիկների հետ կատարվածը, նրանց նկատմամբ ճնշումնե՞րն են ձեզ այդպես զգուշավոր դարձրել:



- Բնական է՝ իշխանությունն ամեն ինչի պատրաստ է իր իշխանությունը պահելու համար, ինչի՞ մասին է խոսքը, տեսանք դաշինքի տղաների, Ժիրայրի հետ ինչ կատարվեց, ու տենց շարունակ: Գագիկ Ծառուկյանը որ հետ կանգնեց, ինչի՞ համար, նկատեց, որ արյուն է թափվելու, այսօր այդ պատկերն է:



- Բայց շաբաթներ առաջ Ծառուկյանի որոշումը ձեզ համար ընդունելի չէր, ի՞նչ փոխվեց, հասկացաք, որ իշխանափոխություն հնարավո՞ր չէ:



- Իսկապես, հնարավոր չէ: