«Խոշորին» փրկում են, «մանրին» մորթում

«Խոշորին» փրկում են, «մանրին» մորթում

Այս երկրում բիզնես փակելը, սնանկանալը հասարակ գործարարի համար մի գործընթաց է, որի արդյունքում նա վերջին կոպեկը կորցնում է, վերջին կոշիկը մաշում է դատարանների դռներին, մնալով անտուն, անկոշիկ և անավտո, կամ, ինչպես ասում են, «ասֆալտին գցած»։ Անհատ ձեռներեց Վանո Դավթյանի գլխին սնանկության սև ամպն է կուտակվել։ Մի երկու տարի առաջ նա տաքսի ծառայություն հիմնեց, մի առ ժամանակ աշխատեց։ Բայց տաքսի-սերվիսների նկատմամբ խստացումներ կիրառվեցին, պետական տուրքը բաձրացավ, գրդոնչրիներին էլ չբերեցին հարկային դաշտ։ Վանո Դավթյանը սնանկացավ։ Նրան սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան ներկայացրեց հարկային տեսուչը։ «Ես սնանկացա, որպես անհատ ձեռնարկատեր, օրենքը տալիս է, որ անհատ ձեռնարկատերը պատասխանատվություն է կրում իր գույքով։ Հիմա ասում են՝ չէ, դու որպես քաղաքացի, քո քաղաքացու գույքով էլ ես պատասխանատու, - ասում է Վանո Դավթյանը, - ֆիզիկական անձի կարգիճակը հավասարեցրել են քաղաքացուն ու հազարով մարդկանց տուգանում են։ Այս խառնաշփոթի մեջ հազարավոր մարդկանց տներ, գույք դրել են օտարել են, ջարդել են, մտել են»։ Էրեբունու վարչական դատարանի դատավոր Երեմ Եսոյանը սնանկության գործով որոշում է կայացրել։ Բայց արդյո՞ք պետք է վաճառվի ՀՀ քաղաքացի Վանո Դավթյանի անձնական գույքը։ Դատարանի որոշման մեջ պարզաբանում չկա։ Սնանկության կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը դժգոհ է, որ իրեն անհանգստացրեցինք այս գործով։ «Ի՞նչ կապ ունի «Հրապարակը» Վանո Դավթյանի հետ», - կասկածամտորեն հարցրեց չինովնիկը։ «Ոչ մի կապ, ուղղակի, մարդը դժգոհում է, որ եթե անհատ ձեռնարկատեր է, ապա ինչ՞ու պետք է վաճառեն իրեն՝ որպես ֆիզիկական անձի պատկանող գույքը»։ «Ինչ՞ու եք դուք ինձ զանգել։ Ես գիտեմ, որ անհատ ձեռնարկատերը իր գույքով պատասխանատու է։ Օրենքը նախատեսում է, որ ցանկացած ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր իրենց կատարած գործողությունների, պարտավորությունների համար պատասխանատվություն են կրում անձնական գույքով»։ «Ո՞ր օրենքը» հարցին հարգելի կառավարիչը չի պատասխանում։ Ենթադրել կարելի է, որ նա նկատի ունի ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, որի 27-րդ հոդվածն ասում է․«Քաղաքացին իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում»: Բայց այստեղ ասված է քաղաքացու մասին, ոչ թե ԱՁ-ի։ Ի գիտություն Սողոմոնյանի կարդում ենք նույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետը․ «Քաղաքացիների` առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից»: Սա նշանակում է, որ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ պետք է կիրառվեն իրավաբանական անձանց կարգավորումները, ինչը սահմանված է նաև «Անհատ ձեռնարկատիրության մասին» ՀՀ օրենքի առաջին հոդվածով․ «Անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են օրենքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները»։ Եւ սա տրամաբանական է, քանի որ անհատ ձեռնարկատերը հարկեր է մուծում, հաշվապահություն է կատարում, նրա եկամտի չափը հսկվում է պետության կողմից։ Ուրեմն, ինչու չտարբերակվեն անհատ ձեռնարկատիրոջ ու ՀՀ քաղաքացին, ինչպես տարբերակվում են իրավաբանական անձն ու ՀՀ քաղաքացին։ Հենց այս անհավասարությունից էլ բխում է աննորմալ իրավիճակը, երբ խոշոր, տերով և տանիքով գործարարները, անգամ եթե սնանկանում են, անգույք և անկոշիկ չեն մնում։ Տապալված բիզնեսի համար նրանք անձնական ունեցվածքով պատասխանատվություն չեն կրում, և շատ հաճախ սնանկանալուց հետո այլ անունով են բիզնես բացում, հիմարացնելով անհույս քցված պարտապաններին։ Ձախողված բիզնեսի համար հողին են հավասարեցվում միայն փոքրերը, ով ԱԺ -ում չունեն տանիք, կառավարությունում՝ հովանավոր։ Անհատ ձեռնարկատեր Վանո Դավթյանը փորձում է իրավական այս խառնաշփոթի պարզաբանումը ստանալ Ազգային ժողովից, բայց արդեն մի քանի անգամ է, չի կարողանում հանդիպել տնտեսական հարցերով հանձնաժողովի «մեծամեծներին», որոնք պարզապես «ցրում են» հասարակ քաղաքացուն։ Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «խոշոր» գործիչ է և օլիգարխ, և նրան ամենևին էլ չեն հետաքրքրում մանրերը։