«ԼՂ հարցում ՀՀ-ն ակնկալում է ՀԱՊԿ անդամ երկրների հավասարակշռված դիրքորոշումը»

«ԼՂ հարցում ՀՀ-ն ակնկալում է ՀԱՊԿ անդամ երկրների հավասարակշռված դիրքորոշումը»

ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:



Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ առաջիկա ամիսներին Մինսկում տեղի ունենալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի ձեւավորմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:



Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ առաջադեմ երկրները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ պայքարելու ահաբեկչության, ֆաշիզմի և այլատյացության դեմ՝ կանխարգելելու համար նման երևույթների կրկնությունը 21-րդ դարում:



Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ այդ հարցում ակնկալելով ՀԱՊԿ անդամ երկրների հավասարակշռված դիրքորոշումը: