Նոր դեսպանի գործունեության շնորհիվ հայ-ճապոնական հարաբերություններն էլ ավելի կջերմանան. Գարեգին Բ

Նոր դեսպանի գործունեության շնորհիվ հայ-ճապոնական հարաբերություններն էլ ավելի կջերմանան. Գարեգին Բ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչիին:



Նորին Սրբությունը, նշանակման առիթով շնորհավորելով պրն. Էյձի Տագուչիին, հույս է հայտնել, որ նոր դեսպանի գործունեության շնորհիվ հայ-ճապոնական հարաբերություններն էլ ավելի կջերմանան, երկու բարեկամ ժողովուրդների համար կբացվեն համագործակցության նորանոր հեռանկարներ: Վեհափառ Հայրապետը նաև գնահատանքով է անդրադարձել Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցությանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:



Իր հերթին Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչին նշել է, որ մեծ ուրախությամբ է ստանձնել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի պարտականությունները, քանի որ տեղյակ է հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային հարուստ կյանքին և խորին հարգանք է տածում հայության հանդեպ: Դեսպանը նաև տեղեկացրել է, որ գործունեության ընթացքում մեծ ուշադրություն է դարձնելու երկու ժողովուրդների միջմշակութային կապերի ամրապնդմանը:



Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: