Գեղանկարչության մեծ վարպետները՝ Վան Գոգ

Գեղանկարչության մեծ վարպետները՝ Վան Գոգ

Օտարալեզու գեղանկարչական ալբոմների կողքին «Անտարես» հրատարակչության «Գեղանկարչության մեծ վարպետները» մատենաշարով հայերեն լույս ընծայված «Վան Գոգ» ալբոմը՝ Էդուարդ Հարենցի թարգմանությամբ, իսկական նվեր է արվեստասերների համար։ 96 էջանոց ալբոմում ներկայացված են Վինսենթ Վան Գոգի ստեղծագործական կյանքի հանգրվանային դրվագները՝ նրա կտավների ուղեկցությամբ, իսկ «Պատկերասրահ» բաժնում նրա գեղանկարչության մի շարք կարեւոր ու առանցքային գործերը զուգորդված են համառոտ ծանոթագրություններով ու պատմություններով։
Վան Գոգը, ինչպես իր ժամանակակիցներից շատերը, ճանաչված դարձավ միայն իր մահից հետո։ Նա ստեղծել է ավելի քան 800 նկար՝ գրեթե տասը տարվա ընթացքում։ Այնուամենայնիվ, կենդանության օրոք նկարիչը վաճառել է ընդամենը մեկ նկար՝ «Խաղողի այգին Առլում», մոտավորապես 400 ֆրանկով, որը ոչինչ է 1990թ․-ին արձանագրված ռեկորդի համեմատ, երբ 82 մլն․ դոլարից ավելի գումար վճարվեց «Բժիշկ Գաշեի դիմանկարը» կտավի համար։



Այդ հանճարի կյանքը հասկանալու համար պետք է հաշվի առնել 2 փաստ՝ նրա կապվածությունը եղբորը եւ հոգեկան հիվանդությունը։ Վինսենթ Վան Գոգի կյանքի բարդ հետագիծը սրվեց հիմնականում ֆինանսական անկայուն դրությամբ պայմաբավորված․ «Ես կապված եմ երկրին ոչ երկրային կապերով․ մեծ տագնապով զգացի այդ ցնցումը հատկապես այն դիպվածների ընթացքում, որ նրանք անվանում են հոգեկան հիվանդություն,- գրում է Վան Գոգն ու իր մխիթարությունը գտնում գեղանկարչության մեջ։- Ինչ վերաբերում է ինձ, շատ լավ կհասկանաս, որ եթե ես ընտրելու լինեի, չէի վերցնի խելագարությունը՝ մասնավորապես, բայց երբ այդպիսի բեռ է ընկնում ուսերիդ, ոչինչ անել չես կարող։ Ամենաքիչը, գուցե, ինձ կմնա գեղանկարչությամբ մի քիչ աշխատել շարունակելու մխիթարությունը»։



Դա կարող է հակասական թվալ, բայց Սեն-Պոլ-դը-Մոզոլի որոշ հոգեկան հիվանդների հետ համատեղ ապրելը մոտ 2 շաբաթ նրան թույլ տվեց մոռանալ խելագարության վախը։ Նոր դեպրեսիան հանգեցրեց այն բանին, որ բաց դաշտում կրակեց իր որովայնին։ Նա հասցրեց վերադառնալ հյուրանոց։ «Հիմա ես կգերադասեի վերադառնալ տուն»․ սրանք էին նրա վերջին խոսքերը՝ ուղղված եղբորը՝ Թեոյին։



Վան Գոգի գործերի շարքում առանձնահատուկ տեղ են գրավում նաեւ նրա 4 ինքնադիմանկարները, որոնք արտացոլում են ոչ այնքան արտաքին տեսքի փոփոխություններ, որքան հոգեբանական շեշտադրումներ։ Լուսանկարներ նույնպես չեն պահպանվել, միայն իր ընկերների՝ Ռասելի կամ Թուլուզ Լոտրեկի կողմից արված դիմանկարները, որ թույլ են տալիս գաղափար կազմել նրա արտաքին տեսքի մասին։ «Ամեն ինչից վեր ցանկանում եմ հասնել այնպիսի կետի, որ իմ ստեղծագործության մասին ասեն․ «Այս մարդն զգում է խորապես եւ զգում է նրբաճաշակորեն»։ Հակառակ այն բանի, որ ես ձախլիկ եմ կամ հենց դրա պատճառով»։



«Վան Գոգը» «Գեղանկարչության մեծ վարպետները» շարքի առաջին գիրքն է, հաջորդիվ տպագրության են պատրաստվում նաեւ Լեոնարդո դա Վինչիի եւ Ամեդեո Մոդիլիանիի մասին ալբոմները, որոնց հրատարակությունը կախված է հեղինակային իրավունքների ձեռքբերումից։ Իսկ մինչ այդ հայ արվեստասերները կարող են «Վան Գոգ» ալբոմը հարցնել բոլոր գրախանութներում, արժեքը՝ 9․900 դրամ։