Հաշտվեցինք ու հանդուրժեցինք

Հաշտվեցինք ու հանդուրժեցինք

Ժամանակին մեզ համար շատ կարեւոր երեւույթներ կամաց-կամաց կորցրին իրենց իմաստը, մենք հաշտվեցինք այնպիսի փաստերի հետ, որոնք, թվում էր, անհանդուրժելի են ու արմատախիլ անելու ենթակա։ Ասենք՝ շատ սովորական դարձան ամենուրեք թափանցած պետական կոռուպցիան, շորթումը, ռեկետը։ Այժմ ոչ ոք չի զարմանում, որ բուհերում դասախոսներն ընթացիկ քննություններից փող են աշխատում, որ բժիշկը հրաժարվում է վիրահատել հիվանդին, քանի դեռ հարազատները չեն վճարել։ Այլեւս մեզ զարմանք չեն պատճառում համատարած գնաճն ու սղաճը։ Մարդկանցից սեփականությունը խլելու դեպքերը դարձել են մեր կյանքի բաղկացուցիչ մասը։ Եվ հատկապես մեզ չի զարմացնում ընտրության, մրցակցության, ազնիվ պայքարի իսպառ բացակայությունը։ Այս օրերին մի շարք բուհերում ռեկտորների ընտրություններ են։ Մի կողմից՝ իշխանությունը հասավ այն բանին, որ որեւէ մեկն այլեւս չի համարձակվում սեփական թեկնածությունն առաջադրել, քանի որ իշխանության «դաբրոն» չստացած մարդու առաջադրվելն առնվազն անհեթեթ վիճակում է դնում թեկնածուին եւ վտանգում նրա ապագան։ Մյուս կողմից՝ այնքան անթաքույց է դարձել այս անայլընտրանք ընտրությունների իրողությունը, որ աշխատող, իր պաշտոնին համապատասխանող անձին կարող են թաշկինակի պես դեն նետել, քանի որ․․․ այդպես են ցանկանում։ Բանը հասել է նրան, որ կառավարությունով, նախարարով, ՀՀԿ-ով, նախագահականով չեն էլ թաքցնում, որ Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում տեսնում են տարիներ առաջ ռեկտոր աշխատած եւ 65-ի սահմանագիծը վաղուց հատած Մարուխյանին, ում նախընտրում են մոտ 10 տարով իրենից կրտսեր, եռանդուն Թոքմաջյանից։ Եվ դեռ ընտրությունների փուլ չմտած՝ ճնշում են գործադրում, որ «ընտրվի» իրենց թեկնածուն, եւ հաստատվի ուժի ու անամոթության լիակատար հաղթանակը։