Մարտավարական և կադրային փոփոխություններ

Մարտավարական և կադրային փոփոխություններ

Մեր տեղեկություններով, շարունակում են քննարկել սեպտեմբերին ՀՅԴ-ի՝ կոալիցիայի մաս կազմելու հարցը: ՀՅԴ-ն, սակայն, շատ ոգեւորված չէ Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմում աշխատելու հեռանկարից եւ խնդիր է դրել իր կոալիցիոն գործընկերոջ առաջ` փոխել աշխատաոճը, սոցիալականացնել տարվող տնտեսական քաղաքականությունը, սկզբունքային փոփոխություններ արձանագրել կառավարության ռազմավարության մեջ, որ «վաղն իրեն չհարցնեն` խի՞ մտար»: Այդ իսկ պատճառով կառավարությունն արդեն սկսել է առաջին քայլերը. «շրջաբերական» է ուղարկել ԱԺ` միայն ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին, եւ պահանջել գրավոր ներկայացնել 2016թ. բյուջեի իրենց «տեսլականը»` առաջարկները. թվային, համայնքային, կրթամշակութային, ճանապարհաասֆալտային «տեսքով»։ Ի դեպ, այս տարի բյուջեն ավելի շուտ է քննարկվելու, քան նախորդ տարիներին, ինչու՝ չասացին: ՀՅԴ-ին կոալիցիա ներառելուն զուգընթաց, կառավարությունը կկատարի կադրային-կառուցվածքային որոշակի փոփոխություններ եւս: Չնայած հանգամանքին, որ Դաշնակցության համար նախատեսել են 3 պորտֆել, ՀՅԴ-ն հույսը չի կտրում, որ տնտեսական բլոկից իրեն կհասնի էկոնոմիկայի նախարարի, ինչպեսեւ Վաչե Գաբրիելյանի պորտֆելները, եթե` ոչ, ապա գոնե Գաբրիելյանի տեղակալինը: