Նոր ընտրակեղծարարներ՝ «ընտրիչների» անվան տակ

Նոր ընտրակեղծարարներ՝ «ընտրիչների» անվան տակ

Սահմանադրական բարեփոխումների չարչրկված գործընթացի մոտալուտ ավարտին կենացները քաղցրանում են։ Հունիսի 15-ի երեկոյան Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանը եւ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները հյուրընկալել են մի խումբ արտախորհրդարանական եւ խորհրդարանական կուսակցությունների: Հիշեցնենք, որ ընդդիմադիրներն այս հարցով նախագահական էին այցելել նաեւ այս տարվա մարտի 13-ին: Այս անգամ, սակայն, հանդիպումը ոչ թե առանձին-առանձին է եղել, այլ բոլորով միասին: Իշխող ՀՀԿ-ից ներկա են եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԲՀԿ-ից՝ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը, Ստեփան Մարգարյանը, Դաշնակցությունից՝ Արմեն Ռուստամյանը, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը եւ Արսեն Համբարձումյանը: ՕԵԿ-ից եղել են Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանն ու եւս երկու անհայտ փորձագետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ՀՀՇ-ից՝ Ալեքսանդր Արզումանյանը, ինչպես եւ՝ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը: Լայն ֆորմատով փակ հանդիպման մասին, ի տարբերություն նախորդի, պաշտոնական հաղորդագրություն չտարածվեց:
Հանդիպման մասնակիցներն իրենք էլ խիստ գաղտնի էին պահում քննարկման նյութը եւ միայն հանդիպման հաջորդ օրը, երբ «Հրապարակը» գրեց այդ մասին, այլեւս հնարավոր չէր թաքցնել:



Պարզվեց՝ նախ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է, թե առանցքային հարցերի շուրջ ինչ եզրահանգումների են եկել: Մասնավորապես, նա ավետիս է հղել, որ նոր Սահմանադրությամբ երկրի անվտանգության եւ կայունության երաշխավորի պարտավորությունները դրվելու են ոչ թե ԱԺ նախագահի վրա, ինչպես խոսվում էր, այլ՝ վարչապետի։ Ըստ էության, հաջորդ վարչապետն էլ լինելու է Սերժ Սարգսյանի ժառանգորդը, չի բացառվում, որ հենց ինքն էլ զբաղեցնի այդ պաշտոնը՝ ի հեճուկս իր նախկին հայտարարության, որ ինքը ոչ վարչապետ, ոչ էլ նախագահ դառնալու ցանկություն ունի։ Խոսակցություններ կան, որ ՀՀ նախագահի «անգլիական թագուհու» կարգավիճակը կստանձնի հենց Գագիկ Հարությունյանը՝ որպես հատուցում նոր Սահմանադրության մշակման, ասել է թե՝ իշխանության շարունակականությունն ապահովող մեխանիզմի մշակման:



Որքան էլ զարմանալի թվա, բայց սրան ընդդիմացել են միայն ՕԵԿ-ականները, որոնց՝ հանձնաժողովին ներկայացրած առաջարկներից մեկը վերաբերում է նրան, որ նոր Սահմանադրությամբ կայունության ու անվտանգության երաշխավորը շարունակի մնալ ՀՀ նախագահը: Սա բացատրվում է նաեւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահ դառնալու նկրտումներով: ՕԵԿ-ականները համարձակվել են առարկել մոտավորապես այն համատեքստում, որ իրականություն են դառնում կասկածները, որ բարեփոխումները նպատակաուղղված են գլխավորապես Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելուն: Վերջինն էլ մոտավորապես հակադարձել է, թե «բա ի՞նչ անենք, հո ուրիշին չե՞նք տալու»:
«Ձեզանից բացի, բոլորն ուրի՞շ են»,- առյուծ են կտրել ՕԵԿ-ականները, բայց թեման տեղում փակվել է: Հետո Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ Սահմանադրության նախագծում ամրագրվելու է 100 տոկոս համամասնական ընտրական համակարգը, ասել է նաեւ, որ միայն Վենետիկի հանձնաժողովի հետ պետք է վերջնական եզրահանգման գան, թե 100 տոկոս համամասնական ընտրակարգի ո՛ր տարատեսակն ամրագրեն՝ վարկանիշայի՞ն, թե՞ մեկ այլ: Բացի դրանից, իշխանությունը ցանկանում է ԱԺ կազմը նվազեցնել, նախնական քննարկումներում 131-ի փոխարեն 101 պատգամավորի հարց է շոշափվել։ Սակայն իշխանությունը որոշել է նոր «ինստիտուտի» ապավինել:



Ընդդիմադիրներին ներկայացվել է մասնավորապես «ընտրիչների» ինստիտուտի ներմուծման առաջարկը, որը կիրառվում է Միացյալ Նահանգներում եւ եվրոպական որոշ երկրներում: Այս մեխանիզմով նախագահի ընտրությանը մասնակցում են ոչ միայն կուսակցության համամասնական ցուցակներով ԱԺ-ն ձեւավորող պատգամավորները, այլեւ «ընտրիչները», որոնց խորհրդարան պետք է գործուղեն տեղական իշխանությունները, օրինակ՝ քաղաքապետեր, գյուղապետեր, մարզպետներ, ինչպես նաեւ Սփյուռքի կառույցները։ Նախնական տարբերակում առաջարկվում է 41-ը, թեպետ կարող է թիվը փոխվել, կամ էլ՝ ընդհանրապես հրաժարվեն այս ծառայությունից։
Նոր Սահմանադրությամբ Հարությունյանն առաջարկել է ՀՀ նախագահի ընտրությունը կատարել խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի հավանությամբ, մինչդեռ ՕԵԿ-ը, օրինակ, առաջարկում է այդ շեմը բարձրացնել 3/4-ի, որպեսզի ՀՀԿ-ն չկարողանա հույսը դնել խորհրդարանում իր ունեցած մեծամասնության վրա, իսկ որ մեծամասնություն է ունենալու, ըստ ամենայնի, անխուսափելի է։ Հանդիպմանը մասնակցած ՀՀԿ-ականները երեկ հրաժարվում էին կարծիք հայտնել, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը միայն հաստատեց «ընտրիչների» ներմուծման վերաբերյալ մեր տեղեկությունը, սակայն չմանրամասնեց․ «Քննարկման փուլը դեռ շարունակվում է»։



Ի դեպ, հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ժամկետների հարցը: Հուլիսի 1-2-ին Վենետիկի հանձնաժողովի հետ սպասվում է հանդիպում, Սահմանադրության նախագիծը հրապարակային քննարկման կներկայացվի, ամենայն հավանականությամբ, հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին: