ՀՀԿ պատգամավորները՝ ՀՀԿ-ական կառավարության դեմ

ՀՀԿ պատգամավորները՝ ՀՀԿ-ական կառավարության դեմ

ՀՀԿ-ն երեկ ինքնախարազանվում էր Ազգային ժողովում: Հանրապետականներն այնպիսի քննադատական ելույթներ էին ունենում հայրենի կառավարության հասցեին, որ ընդդիմադիրները պապանձվել էին: «Սա փռշտալու նախագծերից է, էս ի՞նչ եք անում». ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հակոբ Հակոբյանն, ԱԺ ամբիոնից կոկորդն այնպես էր պատռում, ինչպես ամենաթունդ ընդդիմադիրը կաներ: Խորհրդարանի արտահերթ նիստի քննարկմանն էր դրվել ««Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին պատգամավորները ծանոթ չէին, այն չէր քննարկվել, նախագիծը ներկայացնող կառավարությունն էլ վերլուծություններ չէր ներկայացրել:



Կառավարությունն այս նախագծով առաջարկում է վերանայել եւ ինդեքսավորել ակցիզային հարկման ենթակա մի շարք ապրանքատեսակների դրույքաչափերը: Առաջին հերթին խոսքը վերաբերում է ծխախոտին եւ օղուն: Նախագծի համազեկուցող՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նախագծի անհրաժեշտությունը բխեցրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պահանջներից, ասաց, որ այս շրջանակում խնդիր է դրված ներդաշնակեցնել բոլոր անդամ երկրների ակցիզային հարկի դրույքաչափերը օղու եւ ծխախոտի մասով: Բայց «կաշն» սկսվեց, երբ Միրումյանը հայտարարեց, որ առաջարկվում է նաեւ վերանայել վառելիքի տեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը: Հայաստանը, ըստ Միրումյանի, աշխարհում առաջին տեղն է գրավում որպես վառելիք սեղմված գազի սպառման ցուցանիշով:



«Որեւէ տրամաբանություն չկա հարկել վառելիքի մի տեսակ, օրինակ, բենզինը, բայց չհարկել այն վառելիքի տեսակը, որը շուկայում բավական մեծ տեսակարար կշիռ է կազմում»,- ասաց նա: Կառավարությունը հաշվարկել է՝ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման արդյունքում տարեկան 9 մլրդ դրամ լրացուցիչ հարկ կուղղվի պետբյուջե: «ԵՏՄ-ՄԵՏՄ չկա, ամեն երկիր իր գինն ունի եւ իր ստրատեգիան ունի, որպեսզի այս օրենքին ԱԺ-ն դեմ չքվեարկի, կառավարությունը պետք է լուրջ գործողություններ անի»,- կառավարության դեմ ամբողջ հոգով ընդվզեց Հակոբ Հակոբյանը։ Նա ասաց, որ այդ հարկման արդյունքում շղթայական թանկացումների պատճառով սոցիալական լուրջ խնդիր կառաջանա:



«Փոխանակ կառավարությունը վերլուծի, տեսնի, թե էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեպքում երկրում աղքատության ինչ մակարդակ է լինելու, ինչ փոխհատուցում պետք է տրամադրել բնակչությանը, որպեսզի աղքատության ցուցանիշը չբարձրանա, բերել ու նոր թանկացում է անում»,- վրդովվեց Հակոբյանը: «Ի՞նչ ենք մենք ուզում անենք, պարոն Միրումյան»,- ֆինանսների փոխնախարարին դիմեց մեկ ուրիշ ՀՀԿ-ական՝ Վարդան Այվազյանը: «Ի՞նչ եք կարծում, վաղը քաղաքում տրանսպորտի գինն իջնելո՞ւ ա։ Չէ: Ի՞նչ եք կարծում, մնացած մուլտիպլիկտիվ էֆեկտը չի՞ աշխատելու»: Եվ կառավարությանը կոչ արեց բյուջեն լցնելու գերնպատակը փոխարինել քաղաքացու սոցիալական վիճակը բարելավելու քաղաքականությամբ:



ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կոչ արեց ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելու, ժողովրդի գրպանին հարվածելու փոխարեն կրճատել իրենց շռայլ ծախսերը. «Քիչ կահույք գնեք, քիչ ճոխություն արեք, նման բաներ եք անում, հետո ասում եք՝ գիտեք, բյուջեում ճեղքվածք կա, պետք է ինչ-որ օրենք ընդունենք, քաղաքացիներին հարվածենք: Ես չեմ պատկերացնում, թե այս նախագծին կողմ քվեարկելու դեպքում ինչ պատասխան պետք է տալ մարդկանց»: «Դեռ հոսանքի տակից դուրս չենք եկել, էս նեղ մաջալին էլ հիմա էս օրենքն եք բերում, որը սոցիալական բունտ կարող է հասունացնել»,- սպառնաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Դուք ի՞նչ եք ուզում անել այս ժողովրդի հետ»,- գործընկերներից հետ չմնաց Տիգրան Ուրիխանյանը։ «Սարսափով սպասում էի, որ կառավարության աշխատակազմի հանճարեղ ղեկավար-նախարարի մտքի թռիչքը կփորձեք իրականություն դարձնել՝ վառելիքի հարկման ձեւով: Ամբողջ աշխարհում նկատվում է գների նվազում, նաեւ` արհեստական իջեցման տենդենց՝ նավթի գնի, իսկ ՀՀ-ում դրանք անարդարացիորեն պահպանվում են, կամ էլ գները բարձրանում են»։



ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ կառավարությանը հորդորեց գնաճի վերլուծություն ներկայացնել եւ իր դեղատոմսն առաջարկեց՝ հարկերն ավելացնելու փոխարեն գնալ ոչ ստանդարտ քայլերի: «Ես կարող եմ ասել մեկ ոչ ստանդարտ քայլ՝ մեծերի գործունեությունը կրճատելը, որի արդյունքում կարող է 8-10 հազար տնտեսվարող ներգրավվել տնտեսությունում: Խոշոր գիգանտները, որոնք կլանել են փոքրերին, սահմանափակեք նրանց աշխատանքը մինչեւ երեկոյան ժամը 8-ը, որպեսզի 8-ից հետո փոքրերը կարողանան շնչել»,- նշեց նա՝ կոչ անելով կառավարությանն անկեղծ լինել եւ ասել՝ արդյոք սա բյուջե լցնելու համա՞ր է:



Օրենքի նախագիծը նախատեսվում է գործողության մեջ դնել հունվարի 1-ից՝ հաշվի առնելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի պահանջները: Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Միրումյանին ու գործընկերներին առաջարկեց ՝ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունել միայն այն պայմանով, որ մինչեւ աշուն հանգամանալից վերլուծություններ ներկայացվեն: