Հայաստանում այրվող անտառները վերականգնելը հեշտ է

Հայաստանում այրվող անտառները վերականգնելը հեշտ է

Ամառը եկավ՝ հրդեհների սեզոնը բացվեց: Վերջին մեկ շաբաթում անընդհատ լսում ենք խոշոր հրդեհների վտանգի մասին, նախօրեի երեկոյան էլ այրվում էր Ծիծեռնակաբերդին հարող տարածքը: Իսկ Երեւանն առանց այն էլ կանաչի պակաս ունի, ուստի անգամ մեկ ծառի կտրվելը, առավել եւս անտառի այրվելը, բոլորիս ցավ է պատճառում։



Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից ամառային հրդեհները բացատրում են չորային եղանակով եւ մարդկային անփութությամբ: Հատկապես այն խոտածածկ տարածքներում, որոնք չեն ջրվում, ավելի մեծ է հրդեհի վտանգը: ՏԿԱԻՆ-ից մեզ դժվարացան հստակ տվյալներ ասել՝ որքան մակերեսով տարածք է այրվել նախօրեին, ինչն է հանդիսացել հրդեհի պատճառը, տուժածներից էլ տեղյակ չեն, քանի որ այս պահին հետաքննություն է իրականացվում, որը տեւում է տասն օր: Սակայն տեղեկացանք, որ Ծիծեռնակաբերդի հարակից տարածքի հրդեհի մակերեսը կազմել է մոտ 15 հեկտար: Առհասարակ, մեզ ասացին, որ հրդեհի հստակ մակերեսն ու վնասի չափը պարզելու համար պետք է սպասել հետաքննության արդյունքներին, այս թվերը մոտավոր են, հրշեջները գնում են կրակը մարելու ու տեղում աչքաչափով որոշում, թե մոտավորապես որքան տարածք է այրվել:



ՏԿԱԻՆ Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն ասաց, որ հիմնականում հրդեհներն սկսվել են հունիս ամսից, սակայն մարտ ամսին էլ ՀՀ որոշ տարածքներում, օրինակ՝ Լոռու մարզում, չորային է եղել, ու հրդեհներ են բռնկվել: Հարցին, թե քրեական գործեր հարուցվե՞լ են այս դեպքերով, ՏԿԱԻՆ պաշտոնյան ասաց, որ վերջին դեպքերի հետ կապված քրեական գործ չի հարուցվել, բայց հնարավոր է նման բան՝ եթե պարզվի, որ դիտավորություն կա, կարող է նաեւ մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն:



Իսկ ի՞նչ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում այս ուղղությամբ, որպեսզի հրդեհներ չլինեն կամ նվազի դրանց քանակը, օրինակ՝ շուրջօրյա հերթապահություն վտանգավոր տարածքներում կամ այլ միջոցներ։ Պրն Հայրապետյանն ասաց, որ իրենք չեն կարող ամեն տեղ հերթապահություն իրականացնել. «Դրանք հազարավոր տարածքներ են, ո՞նց է հնարավոր հերթապահություն իրականացնել: Դա արդեն առաջին հերթին մարդկանց գիտակցության խնդիրն է, մենք պարբերաբար զգուշացնում ենք, այս տարի էլ միշտ զգուշացումները ժամանակին արվել են, մեր աշխատակիցները պարբերաբար շրջայցերը կատարում են, մանավանդ գյուղական բնակավայրերում, որտեղ անտառաշատ տարածքներ են, բացատրական աշխատանքներ են կատարում, վարժանքներ ենք իրականացնում: Էդ հրդեհների 95-96 տոկոսը տեղի է ունենում մարդկային գործոնի պատճառով՝ անփութության, երբեմն նույնիսկ դիտավորության արդյունքում»:



«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուդիկ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ից 8 հեկտար, 1800 քմ տարածք, որից ընդամենը 2 հեկտարն է եղել անտառածածկ, այրվել է։ Մյուս տարածքներն անտառածածկ չեն եղել, խոտածածկ են եղել: Հարցին, թե անտառների այրվելու դեպքում հետո հե՞շտ են դրանք վերականգնվում, պարոն Պետրոսյանն ասաց. «Եթե սոճուտներ են այրվում եւ ամբողջությամբ են այրվում՝ սաղարթն էլ հետը, ապա դժվար է դրա վերականգնելը, իսկ եթե տերեւավոր է՝ համեմատաբար հեշտ է»: Այրված տարածքները վերականգնվում են բնական եղանակով, կա նաեւ արհեստական ճանապարհով վերականգնելու տարբերակը՝ նոր տնկիներ ավելացնելով. «Տեղեր ունենք, որ բնական ճանապարհով են վերականգնվել, տեղեր ունենք, որ արհեստական ճանապարհով ենք վերականգնել»: Գլխավոր անտառապետի խոսքով՝ Հայաստանի անտառներում 96 տոկոսը տերեւավոր է, ուստի հեշտ են վերականգնվում: