Բիբինի էմոցիաները «կարգավորող» հանձնաժողով

Բիբինի էմոցիաները «կարգավորող» հանձնաժողով

ՀԾԿՀ անդամները երեկ «առյուծի կա՞թ» էին խմել, թե՞ նրանց վախեցրել էին նիստերի դահլիճում փակցված Ժան Ժակ Ռուսոյի հայտնի խոսքերը․ «Տեսնել անարդարությունը եւ լռել՝ նշանակում է անձամբ մասնակցել դրան»։ Ամեն դեպքում, զարմանալի էր, որ Ռոբերտ Նազարյանը երեկ ստանձնել էր սպառողների շահերը պաշտպանող «Մայր Թերեզայի» դերը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճը երեկ լիքն էր, օրակարգում վարչական 14 գործ կար, ըստ որի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պետք է տուգանք կիրառվի։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, որքան էլ զարմանալի է, ներկայացել էր նիստին։ Նախ քննարկեցին ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը, եւ որոշվեց, որ այդ ծրագիրը ՀԷՑ-ի համար կարժենա մոտ 8 մլրդ 587 մլն դրամ։ Մինչ ներկայացնում էին ծրագիրը, Ռոբերտ Նազարյանը մի քանի անգամ դահլիճում ներկա գտնվողներին սաստեց, թե՝ մի խոսեք։ Այնքան կրկնեց նույն արտահայտությունը, որ վերջում «լռություն պահպանեք»-ը դարձավ «լռություն պաշտպանեք»։



Ըստ ծրագրի՝ 8 մլրդ 587 մլն 80 հազար դրամն ուղղվելու է հոսանքազրկումների միջին տեւողության եւ հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առեւտրային հաշվառման համակարգի բարելավմանը եւ այլ աշխատանքների իրականացմանը։ «Այն ներդրումային ծրագիրը, որը ներկայացրել ենք ձեր քննարկմանը, դժվար կլինի կատարել ժամանակային առումով։ Մնացել է ընդամենը 6 ամիս, մինչեւ տարվա վերջ, սակայն կարծում եմ՝ մենք այն կիրականացնենք, կիրականացվի այն ցուցանիշներով, որոնք որ ծրագրավորել ենք»,- ասաց Եվգենի Բիբինը։



Ահա այստեղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նիկոլայիչը, ինչպես կասեր Եվգենի Բիբինը, հակահարված տվեց․ «Դուք ինքներդ մի անգամ խնդրեցիք մեկ անգամ հետաձգել այդ ներդրումային ծրագիրը, մենք ընդառաջեցինք ձեր խնդրանքին։ Այդ առումով մեր մեղավորությունը չկա»։ Եվգենի Բիբինին ոչինչ չէր մնում, քան մեղավոր աշակերտի ժպիտով նայել ներքեւ։ Ռոբերտ Նազարյանի «Մայր Թերեզայի» հատկանիշները նկատեցինք մի փոքր ուշ, երբ քննարկվում էին քաղաքացիների կողմից վարչական վարույթներն ընդդեմ ՀԷՑ-ի։ Նախ ՀԷՑ-ի ներկայացուցիչ Տիգրան Սարուխանյանը խնդրեց իրենց տուգանելու հարցերը հանել նիստից, թողնել մեկ այլ օր քննարկելու։ «Դուք շատ վաղուց գիտեիք՝ ամիսուկես, երկու ամիս, գործեր կան, որոնք վարչական վարույթն ընթացքի մեջ է։ Փոխանակ գործողություններ անեք, փորձեք՝ որը հնարավոր է միացնել, ում հետ ինչ հնարավոր է պայմանավորվել․ բողոքարկումների մասին է խոսքը։ Այդ գործընթացը թողած, եկել եք այսօր մեզ բաներ եք ասում, որոնք, կարծում եմ, մեղմ ասած՝ այնքան էլ լուրջ չեն»,- եղավ Ռոբերտ Նազարյանի պատասխանը։



Ռոբերտ Նազարյանի բենեֆիսն այսքանով չավարտվեց, ՀԷՑ-ի շահերը պաշտպանող փաստաբան Հովհաննես Պետրոսյանի ելույթը եղավ եւս մեկ «ոգեշնչման» աղբյուր։ Փաստաբանը դեռ երկար կհիշի, թե ինչպես էր ՀԾԿՀ նախագահն ստիպում նրան նայել գործի բարոյական կողմին․ «Ինքնանպատակ չեն այս տուգանքները, դուք խախտել եք բոլոր կարգերը: Ընդամենը դեմագոգիայով եք զբաղված։ Բա բարոյական կողմի՞ն ինչ կպատասխանեք, իրավագիտությունը դնենք մի կողմ»։ Ժամանակ առ ժամանակ Նազարյանը դառնում էր սրահում գտնվող քաղաքացիներից մեկին եւ ասում․ «Ո՞նց են վարվել ձեզ հետ էլեկտրացանցերում»։ Այսպես, բարոյախրատական ճառերի ուղեկցությամբ «բարին հաղթեց չարին»՝ որոշվեց ընկերության նկատմամբ, ընդհանուր 60 մլն ՀՀ դրամի չափով, տուգանք կիրառել։ Այս իրադարձություններին Եվգենի Բիբինը հետեւում էր դեմքի լուրջ արտահայտությամբ, առանց էմոցիաների։ Բայց իր վերջին ելույթի ժամանակ երեւի նյարդերը տեղի տվեցին՝ ընդունեց ինքնապաշտպանության դիրք՝ ձեռքերը խաչեց, պինդ գրկեց ինքն իրեն, ամեն բառ ասելուց ավելի ուժեղ էր սեղմում թեւերը․ «Գաղտնիք չէ ոչ ոքի համար, թե ինչ վիճակում է գտնվում ընկերությունը։ Գաղտնիք չէ նաեւ, որ ընկերությունն արել է մաքսիմալը, որպեսզի ապահովի անխափան աշխատանք ինչպես մեր աշխատակազմի, այնպես էլ համակարգի՝ ամբողջությամբ»։ Վերջում էլ նիստի ավարտից 10 րոպե վաղ դուրս եկավ կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ փախավ դահլիճից, լրագրողներն էլ «անողոքաբար» հետեւեցին նրան։



Ռոբերտ Նազարյանը մի նկատողություն էլ մեզ արեց, թե նիստը դեռ չի ավարտվել։ Միջանցքում Եվգենի Բիբինին խոսեցնել չստացվեց, պնդեց, որ բոլոր հարցերին կպատասխանի իր մամուլի խոսնակը, եւ դուրս եկավ շենքից։ Նատալյա Սարջանյանից կարողացանք միայն ճշտել, որ ՀԷՑ-ը պատրաստ է վաճառել ընկերության ցանկացած ակտիվ՝ համապատասխան գին առաջարկելու դեպքում։ «Աուդիտի սկսելու հետ կապված՝ մեկ անգամ եւս ասում եմ, որ ներկայիս դրությամբ տեխնիկական առաջադրանքի վրա են աշխատում, ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը եւ «Ինտեր ՌԱՕ»-ն։ Տեխնիկական առաջադրանք կազմելուց հետո արդեն կհայտարարվի մրցույթ, մրցույթի արդյունքում կորոշվի այն ընկերությունը, որն անցկացնելու է աուդիտը։ Այս պահին ժամկետների մասին որեւէ բան չեմ կարող ասել։ Սնանկացման, լուծարման խնդիր չկա այս պահին»։