ՌԴ-ն պետք է համաներում հայտարարի «անցանկալի» հայերի նկատմամբ

ՌԴ-ն պետք է համաներում հայտարարի «անցանկալի» հայերի նկատմամբ

Մեր միգրացիոն ծառայությունն արդեն մոտ մեկ տարի է՝ ջանում է լուծել Ռուսաստանի պետական մարմինների «սեւ ցուցակներում» հայտնված հայերի խնդիրը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։ ՀՀ միգրացիոն ծառայությունը դիմումներ է վերցնում քաղաքացիներից, գրություններ է ուղարկում ՌԴ, հարցը շոշափում է պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Միգրացիոն ծառայության պետն էլ պարբերաբար հանրությանը «սեւ ցուցակից» դուրս բերվածների նոր թվեր է նշում։ Անցյալ տարի, աշնանը, նա ընդամենը 250 քաղաքացու հարց էր լուծել։ Այսօր կառավարության նիստից հետո զեկուցեց, որ մեկ տարում ՌԴ միգրացիոն ծառայություն է ուղարկվել մոտ 9 հազար 500 քաղաքացու վերաբերյալ դիմում, եւ 2 հազար 600 քաղաքացիների նկատմամբ Ռուսաստանի իշխանություններն արգելանքը վերացրել են։ Այս արդյունքը Գագիկ Եգանյանը բավականին դրական է համարում, թեեւ հայտնի չէ, թե այս 9 հազար 500 հոգուց ՌԴ միգրացիոն ծառայությունն ինչ փաստաթղթեր կպահանջի եւ արդյոք թույլ կտա՞ նրանց մուտքը երկիր։ «Յուրաքանչյուր անձին մեկիկ-մեկիկ բացատրվել է, թե ինչպիսի փաստաթղթեր պետք է լրացվեն: Այս անձանցից շատերը տեղյակ էլ չեն, թե ինչ խախտումներ են կատարել։ Որպես կանոն, նրանք ասում են, որ խախտում չեն կատարել։ Չնայած՝ կատարել են, թե չեն կատարել, մեր իրավասությունների մեջ չի մտնում։ Մենք ուղղակի փորձում ենք այդ պատժաչափը մեղմացնել։ Օրական 20-ից 50-60 անձ դիմում է մեզ։ Մեկ տարի առաջ ստացվող 4 կամ 5 պատասխաններից մեկն էր դրական, այսօր դրական պատասխանների տոկոսը հասել է 63-ի։ 3 դիմումից երկուսը դրական պատասխան ունեն»,- ասաց Գագիկ Եգանյանը՝ վստահեցնելով, որ ճակատագրական նշանակություն ունեցող ծառայություն է մատուցվում մեր քաղաքացիներին։ Սա պաշտոնական տեսակետ է։ 2 հազար 600 քաղաքացիները, որոնք այս մեկ տարում կարողացել են ՌԴ մուտքի թույլտվություն ստանալ, այսբերգի տեսանելի հատվածում են։ Կա նաեւ անտեսանելի մասը, որն անհամեմատ մեծ է։ Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված կամ առայժմ այնտեղ բնակվող, բայց խախտումներ ունեցող քաղաքացիների ռեալ թիվը տատանվում է 40-170 հազարի դիապազոնում, ապա ստացվում է, որ այս 9 հազար 500 քաղաքացիները մեկ կաթիլ են «անցանկալիների» ծովում։ Ժողովրդագիր, միգրացիայի հարցերում մասնագիտացած փորձագետ Ռուբեն Եգանյանը վերապահումով է մոտենում ՀՀ միգրացիոն ծառայության արձանագրած արդյունքներին։ Նա ասում է, որ դրանք առավելագույնն են միգրացիայի վարչության կարողությունների շրջանակներում։ Բայց «սեւ ցուցակում» հայտնված հայերի հարցն արմատական լուծում է պահանջում, որը, սակայն, չկա։ «Իրականում, ոչ մի բարենպաստ փոփոխություն ապօրինի միգրանտների կյանքում չի լինում։ Օրինակ, վերջերս օրինագիծ է ստորագրվել ՌԴ նախագահի կողմից, որ մարդիկ պետք է աշխատեն ըստ իրենց մասնագիտության, հակառակ դեպքում նրանց աշխատանքի վերցրած գործատուները կարող են տուգանվել խոշոր չափերի։ Ի՞նչ նպատակ ունի այս օրինագիծը, եթե նախապես հայտնի է, որ այն չի կարող կիրառվել»,- հարցնում է փորձագետը՝ շեշտելով, որ դրսում աշխատանք փնտրողների մեծ մասն աշխատում է ոչ իր մասնագիտությամբ կամ մեկ մասնագիտության գծով դիպլոմ է ստացել, սակայն կյանքի ընթացքում փոխել է մասնագիտացումը։ «Իրականում Ռուսաստանի իշխանությունները միգրանտներին ավելի կախյալ դարձնելու, ժամանակ առ ժամանակ նեղելու, թակարդը գցելու քաղաքականություն են վարում։ Ի վերջո, եթե համարել են, որ Հայաստանը մտել է Մաքսային միություն, ապա պետք է արգելանքի տակ գտնվող քաղաքացիների վերաբերյալ հայտարարվեր ամնիստիա՝ համաներում, պայմանով, որ, ասենք, մեկ տարվա ընթացքում նրանք որեւէ խախտում չպետք է կատարեն»։ Եթե սա չի արվում, ապա սկսում ենք վերապահումներ ունենալ Մաքսային միության հարցում, մտածել, թե արդյոք լիարժեք անդա՞մ ենք այդ միության, եւ, առհասարակ, պե՞տք է մեզ այն արդյոք, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխաններն այսօր չկան։