Այս իրականությունը չես շփոթի

Այս իրականությունը չես շփոթի

Եթե «Հրապարակի» երեկվա համարում կարդացել եք Լիսկայի թիկնապահ Զարզանդի հարցազրույցը, ապա, ինչ խոսք, եւս մեկ անգամ համոզվել եք, թե իշխանության ձեռքով պետությունն ինչպիսի անասնագոմի է վերածվել: Հայաստանի կեցությունը, սոցիալ-քաղաքական, հասարակական կյանքը գլորելով դեպի ֆեոդալիզմ, այդ կյանքը հավասարեցնելով ճորտի ու ճորտատերի փոխըմբռնումների մակարդակին: Եվ ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին մնում է պարզապես վայելել իրենց «արարչության պտուղները», ծափահարել լիսկաների, զարզանդների եւ շատ ու շատ մարդկային ու քաղաքակրթական համատեքստերից դուրս մնացած գոյացությունների հերոսությունները:
Հայտնի է, որ Լիսկայի նկատմամբ մահափորձ է եղել, հայտնի է, որ նախաքննությունը պարզել է կասկածյալներին եւ մեղադրանք առաջադրելով՝ կալանավորել նրանց: Եվ ահա, պարզվում է՝ Լիսկայի թիկնապահ Զարզանդն ափերից դուրս է եկել եւ անարդարությունից խեղդվող ու ծառս եղող հոգով գիշերով հարձակվել է գործով մեղադրյալներից մեկի՝ Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա եւ կոտրել խանութի ապակիներն ու դռները: Աբսուրդի թատրոնի ու գրականության ոչ մի ներկայացուցչի գիտակցության մեջ այսօրինակ դիպված չէր տեղավորվի:
Հետո Զարզանդը հարցազրույցում ջղայնանում է.
«Լավ եմ արել, պիտի մի քանի գլուխ ջարդեի՝ մի քանի ապակի եմ ջարդել», «Թող դրանց զնգոցը հասնի Գարենի ականջներին, տուժողներ չեն եղել, գիշերվա 4-ին ո՞վ պետք ա ընդեղ լիներ, որ տուժեր»:
Եվ հարցազրույցը եզրափակվում է այսպես.
«- Ուրիշի սեփականությունն եք վնասել:
- Հասնում ա՝ վնասել եմ, հետո՞: Փորձաքննությունը կպարզի, կգնահատեն, կփոխհատուցենք»:
Հիմա սա ինչպե՞ս սահմանել: Որպես «աբսուրդի թատրոնը» հերքեցինք, որպես զավեշտ՝ նույնպես մերժելի է, քանի որ զավեշտի մեջ դեռ հնարավոր է հումորի ու հեգնանքի տարրեր ներառել, իսկ այս պարագայում դա եւս անհնար է: Լիսկան, իր թիկնապահը եւ նրանց նմանները, որ ողողել են ու քայքայում են Հայաստանի ներքին կյանքը, լավ գիտեն ինչ են անում, ինչպես են անում, եւ ինչ է լինելու… Ուրեմն սա իշխանության կողմից ստեղծված ու համակարգված մի հանցավոր, ամենաթող ու խուլիգանական իրականություն է, որին երբեք ոչնչի հետ չես շփոթի: