Ոֆայում Սարգսյանը խոսել է Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կարևորության մասին

Ոֆայում Սարգսյանը խոսել է Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կարևորության մասին

Այսօր աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին և հանդես է եկել ելույթով:



Սարգսյանի խոսքով, ինտեգրացիոն գործընթացների արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրեր իրականացվեն՝ ԲՐԻԿՍ, ԵՏՄ և Շանհայան համագործակցության շրջանակներում ստեղծված զարգացման ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ:



Հայաստանի նախագահ ձևակերպմամբ, դա էապես կօգնի զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ներդրումային հոսքերի մեծացմանը, որն իր հերթին կբերի կայուն տնտեսական աճի:



«Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն»:



Սարգսյանն անդրադարձել է նաև Իրանի ատոմային ծրագրի բանակցություններին և հույս հայտնել, որ դրանք հաջողությամբ կպսակվեն․ - «Որպես բարեկամ Իրանի հարևան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա»:



Նախագահի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը խոսել է նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: