Տավուշի մարզպետի «արշավանքները» շարունակվում են

Տավուշի մարզպետի «արշավանքները» շարունակվում են

Մեր տեղեկություններով, Իջեւանի այլեւս նախկին փոխքաղաքապետ, 30-ամյա ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանը նախօրեին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն: Այս պաշտոնը թափուր էր մնացել ապրիլի կեսերից, երբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանն «իր դիմումի համաձայն» ձեւակերպմամբ ազատվել էր աշխատանքից։ Իրականում կադրային այս փոփոխությունն էլ Տավուշի նախկին եւ ներկա մարզպետների սրընթաց աճող հակամարտության հերթական դրսեւորումներից է:



Մենք գրել ենք, որ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի փորձերը՝ կրկին մարզ վերադառնալու ուղղությամբ, մարտական դիրքի են բերել գործող մարզպետ Հովիկ Աբովյանին: Նա, բանուգործը թողած, ղուլարյանական մարդկանց «որս» է սկսել: Մարզում կոռուպցիան արմատախիլ անելու անվան տակ նա մեկառմեկ ջրի երես է հանում Ղուլարյանի «կեղտերն» ու «զբաղվում» այն մարդկանցով, որոնք համարվել են Ղուլարյանի հավատարիմները, ապա բոլոր ջանքերը գործի է դնում, «վերեւների» հետ բարեխոսում, որպեսզի թափուր պաշտոններն զբաղեցնեն յուրայինները: Ի դեպ, անտառտնտեսության պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանը: ՀՅԴ-ական Մանուկյանի նշանակման հարցում Հովիկ Աբովյանը նույնպես իրեն չի խնայել, ավելին՝ մինչեւ նշանակումը, որոշ տեղեկություններով, նրանք մեծ խնջույք են կազմակերպել, քանի որ հաջողությամբ էին պսակվել մարզպետի հերթական ջանքերը: Չնայած նախկին տնօրենի ազատումը ձեւակերպվել էր իր դիմումի համաձայն, բայց դրան նպաստել է մարզպետ Աբովյանը: Տեւական ստուգումներից հետո Իջեւանի անտառտնտեսությունում բացահայտվել էին ապօրինի ծառահատումներ:



ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը ոստիկաններին հայտնել էր, որ ինքը 2014թ. ընթացքում առնվազն 4 անգամ մեծ ծավալի ապօրինի անտառահատումներ է կատարել Իջեւանի անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության տարածքում եւ ամեն անգամ փայտանյութն անտառից «Ուրալ» մեքենայով տեղափոխելու համար, որպես կաշառք, խոշոր չափի գումարներ է տվել Խաչարձանի անտառպետության պետ Գիգուշ Դավթյանին: Ապրիլի 2-ին քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով (Յուրացնելը կամ վատնելը), 296 հոդվածի 1-ին մասով (Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը), 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ 312 հոդվածի 2-րդ մասով (Խոշոր չափերով կաշառք տալը): Ապօրինի կերպով ծառեր հատած եւ խոշոր չափերով կաշառք տված Սամվել Ստեփանյանը 2 հոդվածներով ներգրավվել էր որպես մեղադրյալ:



Դժվար է պատկերացնել, որ Ստեփանյանը սեփական ցանկությամբ իրեն «փուռը» կտար ու ոստիկանությանը կհայտներ իր կողմից անտառապետին խոշոր չափերի կաշառք տալու մասին: Հիշեցնենք նաեւ, որ «հակակոռուպցիոն» արշավի առաջին զոհը դարձավ մարզի ամենամեծ բժշկական կենտրոնի՝ «Իջեւան» ԲԿ-ի նախկին տնօրեն Վազգեն Մարգարյանը: Մարգարյանի ղեկավարած բուժհաստատությունում մի քանի ամիս տեւած պարբերական ստուգումները հանգեցրին նրա հրաժարականին: