Իշխանությունը գործի է անցել, ընդդիմությունը՝ ստարտ վերցրել

Իշխանությունը գործի է անցել, ընդդիմությունը՝ ստարտ վերցրել

Մինչ իշխանության օղակներում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում աշնանն սպասվելիք սահմանադրական հանրաքվեի ուղղությամբ, ընդդիմադիր ճամբարներում զգուշավոր հանդարտություն է տիրում՝ սպասում են, թե, ի վերջո, ինչ տարբերակի վրա է կանգ առնելու իշխանության ընտրությունը: Չնայած նոր Սահմանադրությամբ երկիրն անցում է կատարելու կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն շատ հարցեր դեռեւս պարզաբանված չեն: Այդ մասին հայտարարեցին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի հետ հունիսյան հանդիպումից հետո:



Մասնավորապես, հստակեցված չեն քաղաքական մենաշնորհը բացառելու մեխանիզմները, Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները: Թերեւս դրանով է պայմանավորված ընդդիմադիրների սակավախոսությունը: Նոր Սահմանադրության տեքստի հրապարակումից հետո կհստակեցվեն քաղաքական դաշտի «սեւ» ու «սպիտակ» կողմերը: Նոր Սահմանադրության առաջին տարբերակը կհրապարակվի մոտ օրերս: Եվ կսկսվի կոնկրետ ու իրական պայքարը, ինչին արդեն իսկ պատրաստվում է ՀՀԿ-ն, որը, ինչպես արդեն հայտնել ենք, ընտրական հանձնաժողովներում լիցենզիա ստանալու համար դասընթացների է ուղարկել մեծ թվով ՀՀԿ-ականների եւ այժմ 15 հազար 684 լիցենզավորված անձ ունի` հանրաքվեի եւ ԱԺ ընտրությունների ժամանակ ԸԸՀ-ներում աշխատելու համար: Ընտրատեղամասերը մոտ 2 հազարն են: Հիշեցնենք․ Ընտրական օրենսգրքի համաձայն, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են նշանակում ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ դաշինքները, ինչպես նաեւ համապատասխան ԸԸՀ-ն:



Արտախորհրդարանական ուժերն ընտրական հանձնաժողովներում անդամներ չունեն: Ներկայիս ԱԺ-ում առկա է 5 խմբակցություն՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», որոնք էլ, հետեւաբար, ՏԸՀ-ներում մեկական ներկայացուցիչ կարող են նշանակել: Իսկ ԸԸՀ-ներում ներկայացվածությունը կլինի խորհրդարանում ներկայացված ուժերի համամասնությամբ: ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, յուրաքանչյուր հանձնաժողովում 2-3 տեղ կունենա, 2 տեղ ԲՀԿ-ին բաժին կհասնի, իսկ մյուսները մեկական ներկայացուցիչ կունենան: Հանձնաժողովները պետք է կազմավորվեն բացառապես լիցենզավորված անձանցից, եւ եթե որեւէ կուսակցություն չկարողանա լրացնել տեղերը, մյուս կուսակցություններին, մասնավորապես ՀՀԿ-ին, կանցնի այդ իրավունքը: Նշենք, որ լիցենզավորման մրցույթները հայտարարվում են տարին երկու անգամ, եւ, ամենայն հավանականությամբ, աշնանը տեղի կունենան հերթական դասընթացները:



Ունե՞ն արդյոք լիցենզավորված անձինք եւ պատրաստվո՞ւմ են զբաղեցնել ԸԸՀ-ներում եւ ՏԸՀ-ներում իրենց տեղերը, հարցրինք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին։ «Անշուշտ, ունենք, եւ եթե հարկ լինի, ըստ անհրաժեշտության, շատերին էլ լիցենզավորման կներկայացնենք»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ում կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ակնհայտ մեղմացրել է դիրքորոշումը բարեփոխումների խնդրի վերաբերյալ: ԲՀԿ-ն 3 հազար լիցենզավորված անձ ունի: Չնայած ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ մի քանի հազար լիցենզավորված ՕԵԿ-ականներ կան, կոնկրետ թիվ չնշեց, բայց ասաց, որ յուրաքանչյուր ԸԸՀ-ի համար, իր հաշվարկով, երկու-երեք ներկայացուցիչ ունեն, պատրաստվում են աշնանն էլ թեկնածուներ ներկայացնել։ «Մեր շարքերը նոր անդամներով են համալրվել, թերեւս կան վստահելի մարդիկ, որոնց նույնպես ցանկանում ենք ներգրավել ընտրական պրոցեսին»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ բոլոր հանձնաժողովներում ունենալու են ներկայացուցիչներ եւ նվիրյալ մարդիկ, որոնք ներկայացվելու են տվյալ տարածքի պատասխանատուի կողմից։



«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ գրեթե նույնն ասաց, զարմանալի է, բայց նախագահի ընտրություններին մասնակցություն ունեցած միակ ուժի ներկայացուցիչը հստակ չգիտեր, թե քանի լիցենզավորված պոտենցիալ հանձնաժողովականներ ունեն կուսակցությունում։ Վերջին ընտրություններին թեեւ «Ժառանգությունը» բոլոր ընտրատեղամասերում ներկայացուցիչներ ուներ, բայց դա մեծ դժվարությամբ էր նրան հաջողվել, եւ, ինչպես հետո պարզվեց, ոչ բոլորն էին հավատարիմ մնացել մայր կուսակցությանը։ ՀԱԿ-ից Զոյա Թադեւոսյանն էլ հայտնեց, որ կուսակցությունում դեռեւս չեն քննարկել՝ մասնակցելո՞ւ են հանրաքվեի գործընթացին, թե՞ բոյկոտելու են։



Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն սկզբունքորեն դեմ է այդ բարեփոխումներին եւ միակ ուժն է, որն այս հարցով հանդիպումներ ու քննարկումներ չի ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Պաշտոնապես ԱԺ-ում խմբակցություն չունեցող ուժը չի կարող հանրաքվեի հանձնաժողովի անդամ ներկայացնել, սակայն, որոշ տեղեկություններով, օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը գործընթացին մասնակցություն կցուցաբերեն այլ ճանապարհով։ ԱԴ մամուլի խոսնակը, օրինակ, ասաց․ «Մենք անպատճառ ունենալու ենք մեր դիտորդները, վստահված անձինք, ովքեր հետեւելու են ողջ գործընթացին։ Ակնհայտ է, որ չի կարելի անմասն մնալ նման կարեւորագույն գործընթացից»։